Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական փոքր ՀԷԿ-ը Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքո՞ւմ է կառուցվելու․ ՀԲՃ

Հունվար 18,2019 16:38

ՀՀ բնապահպանության նախարարության կայքում տեղադրված է «Ջինջ Արփա Հիդրո» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման շրջակա միջավայրի պահպանության լրամշակված աշխատանքային նախագիծը։ Այդ փաստաթղթի 39-րդ էջում նշված է, որ ՓՀԷԿ-ի գործունեության տարածքը գտնվում է Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի սահմաններից դուրս։ Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հարցում է ուղարկել նախարարությանը՝ խնդրելով պարզաբանել և տեղեկացնել հետևյալի մասին

«Արդյո՞ք նախարարության համապատասխան ստորաբաժանումները ստուգել են այդ պնդման ճշմարտացիությունը և ի՞նչ եղանակներով։ Եթե ստուգել են, ապա խնդրում ենք տրամադրել մեզ դրանց արդյունքներն ու հիմնավորումները»։

Նշենք, որ համաձայն Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի կանոնադրության այն գտնվում է Վայոց ձորի մարզի Արփա գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի տարածքի սահմաններում` ակունքից մինչև եզրափակման կետը` «Ջերմուկ» առողջարանի հիդրոլոգիական կետը: Իսկ նույն կանոնադրության 6-րդ կետում հստակ նշված է, որ արգելավայրի տարածքում արգելվում է գետերի վրա արհեստական լճակների, ջրաբաշխիչների, ոռոգման ու չորացման համակարգերի, ինչպես նաև նոր հիդրոէլեկտրակայանների կառուցումը։

Մեր նախնական ուսումնասիրությունների համաձայն «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի կառուցման տարածքը գտնվում է Ջերմուկի ջրաբանական պետական արգելավայրի տարածքում՝ ինչը նշանակում է, որ դրա կառուցումն անթույլատրելի է։

Հիշեցնենք, որ սա ամենևին էլ առաջին դեպքը չէ այս տարածքում։ 2015 թվականին էլ նմանատիպ անվանումով մեկ այլ ընկերություն («Ջինջ Արփա» ՍՊԸ) թույլտվություն ստացավ նույն արգելավայրի տարածքում «Արփա-3» ՓՀԷԿ-ի կառուցման համար։ Մենք այդ մասին հայտնել էինք ՀՀ բնապահպանության նախարարությանը՝ խնդրելով այդ նախագծին տալ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության բացասական եզրակացություն, ինչն անտեսվեց նրանց կողմից։

«Հետք» լրատվական կայքն էլ 2018 թվականի մարտ ամսին հայտնել էր, որ «Ջինջ-Արփա Հիդրո» ընկերությունը երկարամյա պատմություն չունի ՀԷԿ-երի բիզնեսում. հիմնադրվել է 2016 թվականի գարնանը` 31-ամյա Նարեկ Սերոբի Տոնոյանի կողմից: Սակայն նույն անձը վերոնշյալ «Ջինջ-Արփա» ՍՊԸ-ի տնօրենն է: Վերջին ընկերությունը 2017-ից Արփա գետի Կենգեր վտակի վրա շահագործում է «Արփա-2», իսկ Արփա գետի վրա` «Արփա-3» ՓՀԷԿ-ը: «Ջինջ-Արփա» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը` 20 %-ի սեփականատեր Նաղաշ Հակոբյանը, համաձայն իր ֆեյսբուքյան էջի տվյալների, աշխատում է Արտաքին գործերի նախարարությունում: «Ջինջ-Արփա» ՍՊԸ-ի մյուս բաժնետերը Էդուարդ Գագիկի Հարությունյանն է:

Ակնհայտ է, որ այս երկու ընկերությունները նույն մարդկանց կողմից են կառավարվում, իսկ Էդուարդ Գագիկի Հարությունյանն էլ՝ ըստ ջերմուկցիների պնդումների, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է։

Ինչևէ, մենք կսպասենք նախատեսվող «Ջերմուկհիդրո» ՓՀԷԿ-ի Ջերմուկի ջրաբանական արգելավայրի տարածքում գտնվելու կամ չգտնվելու մասին Բնապահպանության նախարարության պարզաբանումներին և  հասկանալի կդարձնենք դրանք շահագրգիռ հանրության համար։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031