Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի կոմիտեն հորդորում է տուրք չտալ օտարաբանությանը

Հունվար 18,2019 16:11

ՀՈՐԴՈՐԱԿ

ՀԱՅԵՐԵՆ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՀԱՄԱՐԺԵՔՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՕՏԱՐ ԲԱՌԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-ՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄ)

 

Օտար բառերին վերաբերող մեր նախորդ հորդորակում ներկայացրինք, թե ի՛նչ է օտարաբանությունը (փոխառյալ այն բառը, որի հայերեն հաջողված համարժեքը կա): Առաջարկեցինք հրաժարվել օտարաբանություններից:

Հորդորակը լայն արձագանք ունեցավ: Շատերը ոչ միայն ծանոթացան ներկայացվող բառերին, քննարկեցին դրանք, այլև որոշ բառերի համար առաջարկեցին ուրիշ համարժեքներ: Անշուշտ, սա բնական և ուրախալի իրողություն է: Լեզուն զարգանում է, շարունակ կատարելագործվում: Մենք պատրաստ ենք սիրով լսելու ամեն կարծիք ու առաջարկություն, սակայն դեմ ենք հայերենը ստորադասելուն կամ անտեսելուն:

Շնորհակալություն հայտնելով բոլոր արձագանքների համար և ներկայացնելով նոր բառացանկ՝ դարձյալ

 

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

տուրք չտալ օտարաբանությանը և գործածել հայերեն հետևյալ բառերը.

1. աժիոտաժ – իրարանցում

2. ալեգորիա – այլաբանություն

3. ակտուալ – արդիական, հրատապ

4. ամպուլա – սրվակ

5. անատոմիկում – հերձարան, դիահերձարան

6. անկետա – հարցաթերթիկ

7. ասորտիմենտ – տեսականի

8. բլանկ – ձևաթուղթ

9. գարնիր – խավարտ

10. գրանտ – դրամաշնորհ

11. դեզինֆեկցիա – ախտահանում, վարակազերծում

12. դեզինֆորմացիա – ապատեղեկատվություն

13 դեկլարացիա – 1. հռչակագիր, 2․ հայտարարագիր, 3․ հայտարարություն

14. դեմոգրաֆիա – ժողովրդագրություն (դեմոգրաֆիական – ժողովրդագրական)

15. դևիզ – նշանաբան

16. զոբ – խպիպ

17. էլիտա –վերնախավ, ընտրախավ

18. ժելե – դոնդող

19. ինդիվիդուալ – անհատական

20. ինվեստիցիա – ներդրում

21. ինվեստոր – ներդրող

22. ինցիդենտ – միջադեպ, դեպք

23. լակոնիկ – սեղմ, հակիրճ

24. լիբերալ – ազատական

25. լիդեր – 1. առաջնորդ, 2. առաջատար

26. լոկալ – տեղային

27. կամին – բուխարի

28. կարկաս – հիմնակմախք, հիմնամաս, կմախք

29. կոլեկցիա – հավաքածու

30. կոլեկցիոներ – հավաքորդ

31. հորոսկոպ – աստղագուշակ

32. մարկետ – խանութ

33. մեմորանդում – հուշագիր

34. պիպետկա – կաթոցիկ

35. ստիմուլ – խթան, ազդակ, շարժառիթ

36. օրխիդեա – խոլորձ

37. օֆիս – գրասենյակ

38. ֆակտոր – գործոն

39. ֆիասկո – (լիակատար) ձախողում, տապալում

40. ֆոյե – ճեմասրահ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. ՄԱՔՐԱՄՈԼ says:

    Հարգելի Լեզվի Կոմիտե, սրտանց շնորհավորում եմ այս` թեկուզ ուշացած, բայց չափազանց օգտակար նախաձեռնությունը: Աղբն այսօր հավաքվել է ոչ միայն մայրաքաղաքի բակերում և փողոցներում, այլ նույնքան, գուցեև ավելի շատ մեր` պետականորեն անպաշտպան արևելահայերենում: Շարունակեք ձեր փրկարարական աշխատանքը, իսկ առայժմ կուզեի հարցնել, թե ձեր փոքրիկ ցուցակում ինչու տեղ չեն գտել այնպիսի այլանդակություններ, որպիսիք են ԹԵՍՏԸ, այդ գարշաբույր բառը, ՔՈԼԵՋԸ, ԲՐԵՆԴԸ, ՀԻԹԸ, ՔԱՍՏԻՆԳԸ և այլ ամերիկաբանություններ, որ առնետների պես ազատ ու համարձակ վխտում են ՀԱՅԵՐԵՆ կոչված մեր անդուռ ու անլուսամուտ կացարանում…

  2. Մարատ says:

    Թվում է 6-րդ՝ անկետա բառի իմաստային բովանդակությունն ավելի ճիշտ ու որոշիչ կարտահայտվի ոչ թե «հարցաթերթիկ», այլ՝ «անձնաթերթիկ» բառով, քանի որ «հարցաթերթիկը» առավել քան լայն ու ընդգրկուն իմաստ, քան «անձնաթերթիկը», որն արտահայտում է հստակ ընդգծված գործառույթի

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031