Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ հանձնաժողովների նախագահներն ընտրվեցին. Արման Եղոյանը ստացավ ամենաշատ դեմ ձայները

Հունվար 18,2019 16:01

ԱԺ հանձնաժողովների նախագահների ընտրության քվեարկությունն արդեն ավարտված է:

Առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկվել էր Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը, 132 պատգամավորներից 129-նն էր մասնակցել քվեարկությանը: Անվավեր էր 1 քվեաթերթիկ, կողմ էր 112, դեմ՝ 16 պատգամավոր:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի համար Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունն էր առաջադրվել, նրան 129 պատգամավորներից կողմ էր քվեարկել 117, դեմ՝ 12 պատգամավոր:

Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի համար առաջադրվել էր Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը: Նրան կողմ էր քվեարկել 116, դեմ՝ 11 պատգամավոր, երկու քվեաթերթիկ անվավեր էր:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Արման Եղոյանի օգտին քվեարկել էր 108 պատգամավոր, դեմ՝ 17, 4 քվեաթերթիկ անվավեր էր:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Նրա օգտին քվեարկել էր 127 պատգամավոր, դեմ էր քվեարկել 2-ը:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի համար առաջարկվել էր Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը: Նրան կողմ էր քվեարկել 122 պատգամավոր, դեմ՝ 4, 3 քվեաթերթիկ էլ անվավեր էր:

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունն էր առաջարկվել: Նրա օգտին քվեարկել էր 122 պատգամավոր, դեմ՝ 6, անվավեր՝ 1:

Նույն պատկերն էր նաեւ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Միքայել Մելքումյանի թեկնածության քվեարկության ժամանակ: Նրա օգտին կողմ էր քվեարկել 122 պատգամավոր, դեմ՝ 6, անվավեր՝ 1-ը:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկվել էր Վարազդատ Կարապետյանի թեկնածությունը: Նրան կողմ էր քվեարկել 127, դեմ՝ 2 պատգամավոր:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվեց Բաբկեն Թունյանը: Նրան կողմ էր քվեարկել 123 պատգամավոր, դեմ էր եղել 6-ը:

«Լուսավոր Հայաստան»-ից ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում Մանե Թանդիլյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել 116 պատգամավոր, դեմ՝10: 3 քվեաթերթիկ անվավեր էր:

Այսպիսով, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներն ընտրվեցին:

Մինչ քվեարկությունը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը աննախադեպ որակեց, որ ԱԺ- ում արդեն 5 օր է, քննարկում են հանձնաժողովների նախագահների հարցը ու ողջունեց դա՝ ասելով, որ երեւում է, մարդիկ եկել են աշխատելու ու նորմալ քննարկում եղավ: Նա ասաց, որ ԲՀԿ պատգամավորները կողմ են քվեարկելու «Իմ քայլը» խմբակցության կողմից հանձնաժողովների նախագահների պաշտոնում առաջադրված բոլոր թեկնածուներին, որովհետեւ հարցուպատասխանի ժամանակ հասկացել են, որ պրոֆեսիոնալ մարդիկ են: Նա ասաց, որ այս պրոֆեսիոնալ սկիզբը, որ դրվեց խորհրդարանում, այդ ոգով ու այդ ոճով էլ շարունակելու են:

Մանե Թանդիլյանի մասին, որն առաջադրվել էր «Լուսավոր Հայաստանի» կողմից, նա որեւէ բան չասաց: «Իմ քայլը» խմբակցությունից Սոֆյա Հովսեփյանն ասաց, որ Մանե Թանդիլյանի հետ համագործակցել է, երբ փոխմարզպետ էր, նաեւ «Ելքում», չափազանց պատասխանատու մարդ որակեց նրան ու վստահեցրեց, որ այս ոլորտում անփոխարինելի է Մանե Թանդիլյանը. «Շնորհակալ կլինեմ, եթե առանց վերապահումների ընտրենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031