Լրահոս
Օրվա լրահոսը

Լենա Նազարյանի «հեռախոսային» առարկությունների ու Ժակլին Բիսեթի չնկարվելու մասին

Հունվար 18,2019 15:36

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հրաժարվել է առանձին հարցազրույց տալ այն լրագրողներին, որոնք հեռախոսով են նկարում, ինչը քննարկման առարկա է դարձել սոցցանցերում: Ավելի ուշ տիկին Նազարյանը լրագրողներից մեկի գրառման տակ պարզաբանել է. «Այս մի խնդրանքս խնդրելու եմ հարգել, որովհետև հատուկ վերաբերմունք ունեմ նյութի սպառողների հանդեպ»:

ԱԺ փոխխոսնակի այս մոտեցումը խոցելի է. նախ որոշ հեռախոսներով հնարավոր է ավելի բարձր որակի լուսանկարներ ու տեսանյութեր ստանալ, քան սովորական տեսախցիկներով, հետո լրագրողներն են որոշում իրենց համար նախընտրելի աշխատանքային գործիքները, եւ պարտադիր չէ, որ դա համապատասխանի պաշտոնյաների ճաշակին: Հանրային, քաղաքական գործիչը կամ առնվազն այդպիսի հավակնություններ ունեցողը իրավունք ունի պահանջելու անաչառ եւ բազմակողմանի լուսաբանում, ինչը մեր` լրագրողներիս պարտականությունն է, եւ չենք կարծում, թե հեռախոսով նկարելը անդրադառնում է մեր մասնագիտական աշխատանքը պատշաճ կատարելու վրա:

Շատ իրավացիորեն լրագրողները ԱԺ նորընտիր փոխխոսնակին հիշեցրել են, որ հեղափոխության օրերին, իրենցից շատերը հենց հեռախոսներով էին նկարում ու լուսաբանում, ճանաչելի դարձնում երիտասարդ հեղափոխականներին, նրանց համար ուղիղ եթերներ ապահովում:

Տիկին Նազարյանը մի «կռվան» էլ է մեջբերել. «ԵԱՀԿ դիտորդները, ինձ ներկայացնելով հետընտրական զեկույցը, մի շատ հետաքրքիր դիտարկում արեցին: Ասացին, որ զեկույցում միայն երեք կնոջ անուն կա, որոնց շարունակաբար վիրավորել ու ձեռ են առել սոցիալական ցանցերում` նրանց արտաքինի մասին ինչ- որ բաներ ասելով: Այդ կանանցից մեկը ես եմ եղել»: Իհարկե, տհաճ է, եթե մարդու արտաքինն են քննարկում, ինչ-ինչ գնահատականներ տալիս, բայց մյուս կողմից, եթե մարդը մտնում է քաղաքականություն, պետք է պատրաստ լինի ամեն ինչի, իսկ հայաստանյան քաղաքական դաշտը մեռոնօծված մկրտության ավազան չէ, ինչին մշտապես ականատես է լինում ՀՀ քաղաքացին:

Ի դեպ, արտաքինի մասին: Երբ տարիներ առաջ «Ոսկե ծիրանի» շրջանակում Հայաստան էր եկել աշխարհահռչակ կինոաստղ Ժակլին Բիսեթը, նա լրագրողների հետ հանդիպմանը խնդրել էր, որ իրեն չլուսանկարեն, մինչեւ անջատեն իր վրա ընկնող լույսերը, նաեւ հուշել էր, որ ներքեւից չնկարեն:

Քաղաքական գործիչը կինոաստղ չէ, թեեւ Հայաստանում նրա «ոլորտի» շահառուների թիվն ավելի մեծ է, քան կինոյի շահառուներինը: Բայց դա արդեն ուրիշ «օպերայից» է ու այլ պատճառներ ունի: Երկու բան, սակայն, երկուսի դեպքում էլ ընդհանուր է` ճաշակ եւ արժեհամակարգ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031