«Ինքը, որ ասել է, ես նորից եմ ասում, որ «Բարգավաճ Հայաստանը» հեղափոխության ժամանակ աջակից է եղել հեղափոխությանը, պաշտպանել է ժողովրդի թեկնածուին՝ Նիկոլ Փաշինյանին: Մենք ժողովրդի ձայնն ենք լինելու հետեւողական: Մենք ոչ թե ցեխ ենք շպրտելու, այլ հետեւողական աջակցելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը իր ծրագիրը իրականացնի: Եթե որեւէ վնաս լինի ժողովրդին, մենք դեմ ենք լինելու»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը`պատասխանելով Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության առիթով լրագրողներից մեկի հարցին: Հիշեցնենք, Միքայել Մինասյանն Aysor.am-ին ասել էր, որ խորհրդարանում ընդդիմություն չկա, այն ապագայում պետք է ձեւավորվի ԱԺ-ից դուրս:
Գագիկ Ծառուկյանն ասում է`ԲՀԿ-ն այսօր կենտրոնամետ ուժ է. «Եթե ամեն մեկը մյուսի վրա պարապի, ստորակետ գտնի, կամ ոնց որ Ծառուկյանը չեկավ… ձեր ցավը տանեմ, Ծառուկյանը 24 ժամ կապի մեջ է, Ծառուկյանը կուսակցության ղեկավար է, ցանկացած հարց քննարկում ենք, նոր ասում ենք: Հիմա ամեն մեկն իր տեսակետն է ասում, ժողովուրդը թող որոշի»:
Հինգ տարի հետո այս իշխանությանը տուն ուղարկելու ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարության մասին լրագրողները նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեցին: «Սարքում եք Կիկոսի մահը: Ո՞վ գիտի՝ 5 տարի հետո ինչ կլինի»,- ասաց նա` հավելելով. «Մենք բոլորս գիտենք, որ պետք է լավ լինի: Եթե մենք միասնական լինենք, մեր ծրագրերը իրականացնենք, ամեն ինչ լավ է լինելու, և ժողովրդի սպասելիքներն իրականություն ենք դարձնելու»,- եղավ պատասխանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ