Ս.թ. հունվարի 17-ին տեղի է ունեցել Հանրային խորհրդի ամբողջական կազմով առաջին հանդիպումը, որը կրել է աշխատանքային խորհրդակցության բնույթ և վարել է Վազգեն Մանուկյանը։
Խորհրդի անդամները նախ քննարկել են Հանրային խորհրդի կանոնադրությանը, գործունեությանը, Հանրային խորհրդի անդամների լիազորություններին ու գործառույթներին առնչվող հարցեր։ Բարձրացվել է Հանրային խորհրդի նպատակների, ռազմավարության, տեսլականի հստակեցման և ամրագրման կարևորությունը կառույցի հետագա գործունեության արդյունավետության ապահովման նպատակով։
Այնուհետև խորհրդի անդամները քննարկել են ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը, որի վերաբերյալ նախօրեին ծավալուն քննարկում է տեղի ունեցել ՀԽ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում։ Հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Կարեն Զադոյանը խորհրդին է ներկայացրել նախագծի բովանդակությունը և հանձնաժողովի մշակած առաջարկները։ Ընդգծվել է նախագծին մեծ պատասխանատվությամբ մոտենալու, նախագիծը մանրամասն քննարկելու կարևորությունը, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարը հասարակության կողմից խստորեն վերահսկելու և հավասարակշռելու անհրաժեշտությունը։
Խորհրդի անդամներն անդրադարձել են նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող փոփոխություններին՝ կապված մի շարք նախարարությունների լուծարման և դրանց գործառույթների վերակազմակերպման հետ։
Խորհրդի անդամները բացթողում են համարել այն, որ մինչ օրս փոփոխությունների նախագիծը ներկայացված չէ հասարակությանը, մինչդեռ հարցի վերաբերյալ կա մեծ արձագանք և հանրային լայն քննարկումների անհրաժեշտություն։ Հանրային խորհուրդը գտել է, որ ՀՀ կառավարության կողմից պետք է լինեն լուրջ հիմնավորումներ ու խորքային վերլուծություններ, ինչը նույնպես չկա։ Տեսակետ է հնչել, որ անցումային այս ժամանակաշրջանում, երբ ձևավորվել է նոր կառավարություն, նոր խորհրդարան, տեղի են ունեցել կադրային լուրջ փոփոխություններ, ճիշտ կլինի զերծ մնալ նման կտրուկ փոփոխություններից, որոնք կարող են ցնցումներ առաջացնել կառավարման համակարգում։ Ընդգծվել է, որ կառուցվածքային նման փոփոխություններ անելուց առաջ ՀՀ կառավարությունը նախ պետք է հստակ խնդիրներ դնի տվյալ ոլորտների առաջ՝ մինչ այդ փոփոխությունների նախագիծը ներկայացնելով հասարակության դատին։
Այնուամենայնիվ, անկախ դրված խնդիրներից, ՀԽ անդամները անհասկանալի են համարել, օրինակ, մշակույթի ոլորտի միացումը գիտության և կրթության ոլորտներին կամ Սփյուռքի նախարարության գործառույթները Արտաքին գործերի նախարարությանը վերապահելու մտադրությունը։
ՀԽ մի շարք հանձնաժողովներում հարցը քննարկվել է դեռևս նախորդ տարվա դեկտեմբեր ամսին։ Հանձնաժողովների նախագահները խորհրդին են ներկայացրել նաև այդ քննարկումների արդյունքները։
Հանրային խորհուրդը որոշել է հարցի վերաբերյալ առաջիկայում հատուկ նիստ հրավիրել և համակողմանի քննարկում իրականացնել՝ նախապես ձեռք բերելով և ուսումնասիրելով ՀՀ կառավարության կողմից առաջարկվող նախագիծը։
Նոր ձևավորված Հանրային խորհրդի առաջին աշխատանքային հանդիպումն ավարտվել է ավելի քան երկու ժամ տևած հետաքրքիր և բուռն քննարկումներից հետո։
Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու