Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում կազմակերպված ջարդերը պատմական վաղեմության ժամկետ չունեն. Արցախի ԱԺ հանձնաժողովի հայտարարություն

Հունվար 18,2019 14:38

Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ

1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ բնակչության նկատմամբ իրագործվել է պետական իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվի քառորդ միլիոն տեղահանված հայությունը` որպես փախստական, բնակություն է հաստատել աշխարհի տարբեր երկրներում:

Պատմական արդարությունը վերականգնելու և իր ինքնորոշման իրավունքը իրացնելու նպատակով ոտքի ելած Արցախի հայության ձայնը լռեցնելու համար Բաքվի իշխանությունները Գորբաչովի վարչախմբի թողտվությամբ իրագործել են ծրագրված ցեղասպանություն ադրբեջանահայության նկատմամբ: Հակառակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս կոծկում են իրենց ցեղասպան գործողությունները, նենգափոխում իրողությունները և խուսափում պատասխանատվությունից:

Հարգելով Բաքվի կոտորածին ու բռնի տեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը.

դատապարտում է  այլատյացության, ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած դրսևորում,

պնդում է, որ Բաքվի, ողջ Արևելյան Անդրկովկասի, ինչպես նաև Հյուսիսային Արցախի ու Նախիջևանի հայության հանդեպ կազմակերպված բռնությունները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի` 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը,

կոչ է անում  միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և խորհրդարանական կառույցներին Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերին տալ իրավական գնահատական և քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվող հակահայկական քարոզչության դեմ,

վերահաստատում է, որ Բաքվում կազմակերպված ջարդերը պատմական վաղեմության ժամկետ չունեն, և Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

18 հունվարի 2019թ.
ք. Ստեփանակերտ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031