«Մենք չենք որոշում՝ ո՞ր ուժն է ընդդիմություն, մենք չենք որոշում ընդդիմադիրության չափանիշները եւ սահմանները: Հետեւապես, որտե՞ղ կձեւավորվի ընդդիմություն, չեմ կարող ասել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:
Լրագրողները հետաքրքրվել էին`համամի՞տ է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն հայտարարության հետ, որ խորհրդարանում ընդդիմություն չկա եւ այն պետք է ձեւավորվի ապագայում, խորհրդարանից դուրս: Միաժամանակ, Լենա Նազարյանն ասաց, որ ԲՀԿ եւ ԼՀԿ խմբակցությունների աշխատանքն ամբողջությամբ ընդդիմադիր աշխատանք է:
Միքայել Մինասյանը նաեւ ասել էր, որ այս իշխանությունն իր աշխատանքը սկսել է դիվանագիտական ինստիտուտների վարկաբեկմամբ: Լենա Նազարյանը հակադարձում է` դիվանագիտական գործունեության հետ կապված նախկինում էլ եղել են խնդիրներ, իսկ նոր կառավարող ուժի կողմից կա հանձնառություն՝ ներգրավելու այդ համակարգում այնպիսի մարդկանց, որոնք բացառապես զբաղված կլինեն դիվանագիտական աշխատանքով, ոչ թե այլ գործունեությամբ, ինչը որոշ դիվանագետների դեպքում նախկինում եղել է:
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն օրերս հայտարարել էր, որ հինգ տարի հետո իշխանափոխություն է լինելու եւ այս իշխանություններին տուն են ուղարկելու: Լենա Նազարյանը համամիտ չէ: «Ինչո՞ւ պիտի տուն գնան»,- հարցին հարցով պատասխանեց նա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ