«Անդրանիկ Մանուկյանի մասին ասեմ, որ քաղաքական հարց չի, որ դա կուսակցությանը վերաբերվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Լրագրողները հետաքրքրվեցին`ԲՀԿ-ն պատրաստվո՞ւմ է սատարել Ուկրաինայում նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանին, մանավանդ որ խորհրդարանի նիստերի դահլիճում ամբողջ խմբակցությունով սատարում էին նրան:
Հիշեցնենք, Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը Գագիկ Ծառուկյանի խնամին է: Նրա որդին`Դավիթ Մանուկյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր է:
Գագիկ Ծառուկյանը համամիտ չէ, որ ԲՀԿ խմբակցությունը բոլորով են սատարել Անդրանիկ Մանուկյանին: Հիշեցնում է, որ հակադարձեց Արման Աբովյանը, որը եղել է Անդրանիկ Մանուկյանի օգնականը. «Կուսակցությունը որեւէ պատասխան չտվեց: Միայն Աբովյանը, այն էլ իր պատասխանը եղել է անհատական»:
Գագիկ Ծառուկյանը նաեւ հավելեց, որ որեւէ տեղեկություն չունի այն մասին, որ Անդրանիկ Մանուկյանը պատրաստվում է դատական կարգով վիճարկել իր հասցեին հնչեցված մեղադրանքները: Ասաց, որ դա կուսակցական հարց չէ, իրենց չի վերաբերում, իրենք չեն խառնվելու. «Դա անհատական տիրույթի հարց է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ