Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է ուռուցքաբան-արյունաբան Սամվել Դանիելյանը. «Հայկական ժամանակ»

Հունվար 18,2019 13:15

Պետական բժշկական հաստատություններում վերջին օրերին շարունակում են նոր կամ ոչ այնքան նոր ղեկավարներ նշանակվել։ Երեւանի Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է ուռուցքաբան-արյունաբան Սամվել Դանիելյանը։ Նա, հիշեցնենք, մինչեւ այս նույն հաստատությունը մի քանի ամիս ղեկավարում էր որպես տնօրենի պաշտոնակատար։

Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցել են երեք թեկնածու՝ Սամվել Դանիելյանից բացի, Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության նախկին պետ Սամվել Լամբարյանն ու Կոտայքի մարզպետի տեղակալ Լարիսա Մադոյանը։ Մրցույթում հաղթող են ճանաչվել բոլոր երեք հավակնորդները։

Իրեն վերապահված լիազորությունների շրջանակում վերջնական ընտրությունը կատարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, քանի որ արյունաբանական կենտրոնը գտնվում է նախարարության ենթակայության տակ։ Իսկ թե երեք հաղթող թեկնածուներից մեկին նախապատվություն տալիս ինչ սկզբունքով է առաջնորդվել նախարարը, լրատվական ծառայությունից չեն պարզաբանում։ Այստեղից չէին նշում նաեւ մրցույթի մասնակիցների անունները։

Ինքը՝ Սամվել Դանիելյանը, պատասխանելով հարցին, թե հատկապես ինչն է շեշտադրել արյունաբանական կենտրոնի զարգացման իր ծրագրում, ասաց. «Արյան ընդհանուր ծառայությունը հանրապետությունում պիտի որոշակի զարգացումներ ապրի, ադմինիստրատիվ մասնաշենքը, որը շատ վաղուց է վերանորոգվել եւ հիմա տարածքների հետ կապված խնդիր ունենք, շատ կուզեմ, որ վերանորոգեմ։ Մենք հիմա իրագործում ենք ցողունային բջիջների աուտոտրանսպլանտացիա՝ սեփական բջիջներով սեփական հիվանդությունը բուժելու որոշակի փուլ ենք անցկացնում, բայց մեր առջեւ խնդիր ենք դրել, որ սա պետք է զարգացում ապրի, եւ մեր կենտրոնը դառնա տարածաշրջանի կենտրոններից մեկը։ Մենք պարտավոր ենք անելու ցողունային բջիջների պատվաստման ամբողջ սպեկտորը։ Այսինքն՝ նաեւ ալլոտրանսպլանտացիա (երբ փոխպատվաստողը կատարում են նույն տեսակին պատկանող մի անհատից մյուսին- խմբ.), որը իրական եւ շատ ավելի բարդ տրանսպլանտացիա է, քան այն, ինչ իրագործում ենք հիմա։ Սրան հասնելու համար ենթադրում եմ, երկու, երեք, միգուցե ավելի երկար տարիների աշխատանքներ են պետք, լաբորատոր ծառայությունների ավելի բարելավում է անհրաժեշտ եւ այսպիսի բաներ, որոնք աշխատատար են, ծախսատար են, ժամանակատար են, բայց հուսով եմ, որ սրանց գոնե որոշ մասը պիտի իրագործեմ»,- նշեց Արյունաբանական կենտրոնի տնօրենը։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031