Լրահոս
Օրվա լրահոսը

Նազելի Բաղդասարյանը՝ Հրանտ Մարգարյանին. «Եթե այս իշխանությունների հետ նման վերաբերմունք կար, ինչո՞ւ էին համագործակցում». «Ժողովուրդ»

Հունվար 18,2019 13:10

«Ժողովուրդ» օրաթերթը  զրուցել  է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հետ։

– Տիկին Բաղդասարյան, ՀՅԴ-ն շատ կոշտ հայտարարություններ է անում իշխանությունների մասով։ Հրանտ Մարգարյանը ասել է՝ մյուս ընտրություններին այս իշխանություններին տուն կուղարկենք եւ մենք կգանք իշխանության։ Ի՞նչ կասեք այս մասին։

– Կարծում եմ՝ նորմալ է որպես արտախորհրդարանական ընդդիմություն նման կարծիք հնչեցնելը, բայց ինչքանով է տրամաբանական, այստեղ կերկմտեմ ասել՝ հաշվի առնելով այն, որ երեւի թե պարոն Մարգարյանը հիշում է, որ ոչ վաղ անցյալում՝ հեղափոխությունից հետո, իրենք նույնպես 4 ամիս այս իշխանությունների մաս էին կազմում, ունեին նախարարական պորտֆելներ, ունեին մարզպետներ եւ հենց այս իշխանության հետ ներկայացրին համատեղ կառավարության ծրագիր։ Այդ դեպքում հարց է ծագում, եթե այս իշխանությունների հետ նման վերաբերմունք կար, ինչո՞ւ էին համագործակցում։

– Պարոն Մարգարյանը դժգոհում էր նաեւ նրանից, որ հանդուրժողականություն չկա։ Ցանկացած խոսքից հետո, որը քննադատում է ներկայիս իշխանություններին, սոցիալական ցանցերում ագրեսիվ ֆլեշմոբ է ձեւավորվում։ Համաձա՞յն եք սրա հետ։ Եվ եթե այո, ապա ինչո՞վ է պայմանավորված։

– Տրամաբանական է, որ ցանկացած մոտեցում եւ ցանկացած արտահայտություն, որն իր մեջ ատելության խոսք է ներառում, պետք է քննադատվի։ Հասարակության կողմից նման վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ նույն հասարակությունը ընտրությունների արդյունքում 70 տոկոս ձայն տվել է այս իշխանություններին։ Նշանակում է՝ հասարակությունը վստահում է օրվա իշխանություններին եւ այդ քննադատություններին էլ հենց հասարակությունն է արձագանքում, այլ հարց է, որ ատելությունը իսկապես շատ է։

– Հրանտ Մարգարյանի խոսքով՝ մարդիկ օգտվեցին հասարակության արդարացի դժգոհությունից, եւ նման փոփոխություն տեղի ունեցավ։ Բայց հիմա նրանք չեն արտահայտում ժողովրդի կամքն ու ոչինչ չեն անում ժողովրդի ցանկությունները իրագործելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Կարծում եմ, որ այդ մարդկանց տեղը լիարժեքորեն կարող էր զբաղեցնել Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը բոլոր լծակները ուներ նախկինում այս հեղափոխությունը իրականացնելու։ Իսկ կոշտ դիրքորոշումները պարզապես պայմանավորում եմ նրանով, որ այսօր ՀՅԴ-ն չկա խորհրդարանում, եւ ես ընդամենը հույս եմ հայտնում, որ փոխգործակցությունները կլինեն կառուցողական հիմքի վրա։

Զրուցեց Լուսինե ՄԻՆԱՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031