Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թանդիլյանը անհրաժեշտ է համարում պաշտոնյաների վարկային պատմությունները հրապարակել՝ հայտարարագրերի հետ

Հունվար 18,2019 12:54

ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահությունն առաջին անգամ տրվել է ընդդիմությանը, մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը: Այդ պաշտոնում առաջադրված Մանե Թանդիլյանին այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հարցրեց՝ երբ չընտրեցիք ԱԺ փոխնախագահի կողմից, մեր խմբակցությունը ձեր խմբակցության կողմից քննադատության արժանացավ: Չեմ կասկածում, որ կընտրվեք հանձնաժողովի նախագահ, բայց այդ պարագայում արդյոք մենք չե՞նք ունենալու վարչապետին, կառավարությանը, ՀՀ սեփականությունը հանդիսացող բյուջեի նկատմամբ վերահսկողություն ձեր հանձնաժողովի եւ ձեր կողմից:

Մանե Թանդիլյանը պատասխանեց, որ այս ոլորտի աշխատողները պետք է ունենան պրոֆեսիոնալիզմ ու անաչառություն. «Իմ անաչառությունը, օբյեկտիվությունը դժվար կլինի կասկածի տակ վերցնել: ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնը քաղաքական պաշտոն է, իսկ հանձնաժողովի նախագահինը՝ մասնագիտական: Որն է ինձ ավելի հոգեհարազատ՝ տեղին հարց չէ, որովհետեւ երկուսն էլ, ըստ էության, կարևոր են ինձ համար: Պետք է չկասկածեք հանձնաժողովի որակյալ աշխատանքին՝ անկախ քվեարկության արդյունքներից»:

Սիսակ Գաբրիելյանն արձագանքեց. «Հերթական անգամ համոզվեցի, որ ես անձամբ սխալ որոշում չեմ կայացրել, որ կողմ չեմ քվեարկել ձեր օգտին՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում»:

«Իմ քայլից» Հայկ Գեւորգյանն էլ հարցրեց՝ եթե կշեռքի նժարի վրա դնենք երկու պաշտոնները՝ ԱԺ փոխնախագահի եւ հանձնաժողովի նախագահի, վերահսկողական լիազորությունների առումով ո՞րն է ծանր: Թանդիլյանը պատասխանեց, որ երկուսն էլ հավասար են, բայց տարբեր, մեկը՝ քաղաքական, մյուսը՝ մասնագիտական: Հետո Թանդիլյանը նկատեց, որ հանձնաժողովում լինելու են իշխող ուժի ներկայացուցիչները ու հանձնաժողովի նախագահի գործառույթները ամենաազդեցիկը չեն:

«Իմ քայլը» խմբակցությունից Բաբկեն Թունյանն էլ Թանդիլյանին հարցրեց՝ ձեր ելույթում կարեւորեցիք ԿԲ-ին վերահսկելու գործառույթները, ձեր խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը նախընտրական շրջանում ասել էր՝ ԿԲ-ն այժմ գտնվում է բացարձակ որեւէ վերահսկողությունից դուրս ու պետք է մեխանիզմներ մտածել, որ կարողանալ վերահսկել ԿԲ-ին, դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը: Նա պատասխանեց, որ հիմա այլեւս սահմանադրական որոշակի լիազորություններ են տրված ԿԲ-ին՝ գնաճի զսպման եւ այլն, ուստի ԿԲ-ն որոշակի անկախություն ունեցող կառույց է եւ նրա վարած ֆինանսավարկային քաղաքականությունը բերում լրջագույն հետեւանքների: ԱԺ-ն ունի այդ լիազորությունները աշխատելու եւ վերահսկելու ԿԲ-ին, խնդիրների դեպքում հրավիրելու մարմինների, քննարկելու: Ճիշտ է, որ ԿԲ-ն ունենա անկախություն, միեւնույն ժամանակ հաշվետու լինի ԱԺ-ին: Այդ հաշվետվողականությունը պետք է բարձրացվի:

Վահե Հովհաննիսյանը Թանդիլյանին հարցրեց՝ հնարավո՞ր է բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի հետ հրապարակվի նաեւ նրանց վարկային պատմությունները, որոնցով քաղաքացիները կտեսնեն, թե պաշտոնյաներն ինչպես են կատարում իրենց վարկային պարտավորությունները:

Թանդիլյանը պատասխանեց, որ չվճարված վարկերի տոկոսը ազդում է վարկային ընդհանուր տոկոսադրույքի վրա, ռիսկերն են մեծացնում ու հետո քաղաքացիներն են դրանից տուժում: Նա ասաց, որ դեռ «Ելքում» քննարկվել է այնպիսի մեխանիզմ մտածել, որ հրապարակվի ոչ միայն պաշտոնյաների վարկային պատմությունները, նաեւ այն, թե նրանց աշխատավարձը որքանով է համահունչ նրանց վճարած տոկոսներին. «Հայտարարագրումը հանրային դեմքերի ու մասնավորապես պաշտոնյաների անհրաժեշտ է ու մենք այստեղ կկարողանանքն նաեւ վերահսկել պաշտոնյաների վարքագիծն ու նրանց համապատասխանությունը կատարած ծախսերին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031