Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ն ավարտել է ուսումնասիրությունը ալյուրի շուկայում. Տեղի է ունեցել ձեռքբերման գնի բարձրացում

Հունվար 18,2019 12:24

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ավարտել է ալյուրի շուկայում կատարված ուսումնասիրությունը: Ուսումնասիրության

համար հիմք էր հանդիսացել նախորդ տարեվերջին ալյուրի շուկայում արձանագրված գնային փոփոխությունը: Մասնավորապես, 2018 թվականի դեկտեմբերին՝ 2018 թվականի նոյեմբերի համեմատ, արձանագրվել է տեղական արտադրության ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գների բարձրացում: Ըստ Հանձնաժողովի դիտանցումների, 1 տոննա բարձր կարգի ալյուրի վաճառքի գինը 213 հազար դրամից դարձել է 223 հազար դրամ, 1 տոննա 1-ին կարգի ալյուրի վաճառքի գինը՝ 194 հազարից 204 հազար դրամ և 1 տոննա 2-րդ կարգի ալյուրի վաճառքի գինը 145 հազար դրամից դարձել է 155 հազար դրամ: Ընդհանուր առմամբ, տեղական արտադրության ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գները 2018 թվականի դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ բարձրացել են 10 դրամով՝ 1 կիլոգրամի հաշվով:

Տեղական արտադրության ալյուրի գնային փոփոխությունների պատճառը և հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը նախաձեռնել է ուսումնասիրություն, որի ընթացքում համապատասխան տեղեկատվություն է պահանջել և ստացել ցորենի և ալյուրի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողներից ինչպես նաև իրավասու պետական մարմիններից: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներն ՀՀ ներմուծվել է 280 հազար տոննա ցորեն, որի 52%-ը ներմուծվել է «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի և 23%-ը՝ «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի կողմից: Բացի այդ, ցորենի ներմուծումներ են իրականացրել նաև թվով 84 տնտեսվարող սուբյեկտներ: Նշված ժամանակահատվածում պատրաստի ալյուր ներմուծվել է 160 ընկերությունների կողմից՝ ընդհանուր առմամբ 24,2 հազար տոննա ծավալով:

Ոլորտում խոշոր ընկերությունների՝ «Ալեքս Հոլդինգի» և «Մոդուս Գրանումի» կողմից 2018 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացում ցորենի ձեռքբերման փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ ընկերությունները սեպտեմբերին 1 տոննա ցորենի ձեռքբերման համար վճարել են միջինը 9 500 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի), իսկ 2018 թվականի դեկտեմբերին՝ մինչև 13 900 ռուբլի (առանց տեղափոխման ծախսերի): Այսինքն, նշված ժամանակահատվածում ընկերությունների համար 1 տոննա ցորենի ձեռքբերման գները միջինում բարձրացել են 4 400 ռուբլիով կամ մինչև 46%-ով, ինչի հետևանքով ՀՀ շուկայում նկատվել է ցորենից արտադրվող ալյուրի բոլոր տեսակների մեծածախ վաճառքի գների փոփոխություն:

Քանի որ մեր երկիր ցորենը հիմնականում ներկրվում է Ռուսաստանի Դաշնությունից, ապա Հանձնաժողովի կողմից զուգահեռաբար ուսումնասիրվել է նաև ՌԴ շուկայում ցորենի մեծածախ վաճառքի գները, որտեղ ևս 2018 թվականի ընթացքում արձանագրվել է ցորենի վաճառքի գների շարունակական աճ: Տվյալ տարածաշրջանում 2018 թվականի հունվարին 1 տոննա ցորենի արժեքը կազմել է միջինում 8 750 ռուբլի, իսկ 2018 թվականի դեկտեմբերին՝ 13 000 ռուբլի, ինչը նշանակում է, որ տարվա ընթացքում ցորենի մեծածախ վաճառքի գները բարձրացել են մինչև 4 250 ռուբլով կամ 48.5%-ով:

Հաշվի առնելով ցորենի տեղական և միջազգային շուկաներում տեղի ունեցող գնային փոփոխությունները, Հանձնաժողովը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել տեղական արտադրության ալյուրի վաճառքի գների դինամիկան:

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031