Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի որդին`ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Մանուկյանը հերքում է, որ իր հայրը, դեսպան աշխատած տարիներին, Ուկրաինայում հնդկահավերի ֆերմա է ունեցել: Այսօր խորհրդարանում լրագրողները փորձեցին որոշ պարզաբանումներ ստանալ Դավիթ Մանուկյանից`օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի առիթով:
Հիշեցնենք, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում խոսել էր ՀՀ դեսպանների ոչ արդյունավետ աշխատանքի մասին, հիշել էր, որ «քրեական անցյալով» դեսպաններ ենք ունեցել: Նա, ի թիվս այլոց, տվել էր նաեւ Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի անունը: Դավիթ Մանուկյանը ռեպլիկ էր շպրտել եւ հեռացել նիստերի դահլիճից, փոխարենը, դեսպանի նախկին օգնական Արման Աբովյանն էր պատասխանել: Սա, խորհրդարանի նիստերի դահլիճում, համարյա ձեռնամարտի վերածվեց:
Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում, Արման Բաբաջանյանը հայտարարեց, որ ինքը փաստեր ունի` Անդրանիկ Մանուկյանը Ուկրաինայում հնդկահավերի բիզնեսով է զբաղվել: Դավիթ Մանուկյանը չպատասխանեց հարցին`պատրաստվո՞ւմ են Արման Բաբաջանյանին դատի տալ, թե`ոչ:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ