Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ի պաշտպանություն Արցախի Հանրապետութան». ՀՀ նոր իշխանությունները, Արցախի ղեկավարության հետ համատեղ ունեն բանակցությունների օրակարգի հայկական տարբերակը ներկայացնելու բոլոր իրավունքները

Հունվար 18,2019 11:44

ԴԻՄՈՒՄ

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ

Մեծարգո պարոն վարչապետ:

«Ի պաշտպանություն Արցախի հանրապետութան» կազմկոմիտեն (ստեղծվել է 1996թ.) Արցախի հիմնահարցի կարգավորման բանակցային գործընթացը երկարաժամկետ դիտարկման ենթարկելով, փաստում է.

  • բանակցությունները կառուցողական հունով տանելու, խաղաղ գործընթաց ամրագրելու ՀՀ և ԱՀ ջանքերը Ադրբեջանի կողմից մերժվում են:
  • Ադրբեջանի քաղաքականությունը խիստ ագրեսիվ է՝ ցեղասպանական եզրույթներով համեմված, արտահայտվում է վերջնագրային կերպով՝ անտեսելով իրավական տեսանկյունից անթերի կայացած իրողությունները, շարունակվում է հայկական կողմի ահաբեկումը պատերազմի վերսկսման սպառնալիքով, հարցականի տակ դնելով համաձայնության գալու հնարավորությունը:
  • Նախորդ իշխանությունների օրոք ձևավորված օրակարգով բանակցություններն անպտուղ են, հեռանկար չպարունակող, և ավելի «հիմնավորում» են Ադրբեջանի չափազանց լկտի ցանկությունը նորից տիրել Արցախի ազատագրված տարածքներին:

Հաշվի առնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային սեղանին շարունակում են այս կամ այն տարբերակով մնալ Մադրիդյան կոչված, հայ հանրության կողմից մերժված տխրահռչակ սկզբունքները, գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության նոր իշխանությունները, Արցախի ղեկավարության հետ համատեղ ունեն բանակցությունների օրակարգի հայկական տարբերակը ներկայացնելու բոլոր իրավունքները:

Առաջարկի հիմքում մենք դիտարկում ենք «Խաղաղ գործընթացի մասին» համաձայնագրի առաջադրումը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի հիմնահարցի ամբողջական դիտարկումը, կարգավորման փաթեթային լուծումը և քայլերի հերթականության իրացումը:

Բանակցությունների օրակարգում չի կարող ընդգրկված լինել Արցախի Հանրապետության օրինական, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կայացման, նրա՝ Ադրբեջանից անկախ պետականություն կրող անհերքելի կարգավիճակի հարցը:

Քննարկման առարկա են՝

  • կողմերն անվերապահ առաջնորդվում են միջազգային իրավունքի նորմերով ու սկզբունքներով, բացառելով ուժի կիրառումը,
  • կողմերը խաղաղ գործընթացն ընկալում են որպես գործակցություն հասարակական մակարդակներում, նպատակ ունենալով հակամարտ հարաբերությունները վերափոխել խաղաղ կառուցողականի,
  • քաղաքական բնույթի բանակցություններին զուգընթաց, հրաժարվում են ցանկացած հակաքարոզչությունից և փնտրում ընդունելի լուծումներ,
  • բանակցող կողմերը փորձում են տնտեսական համագործակցության, ժողովրդական դիվանագիտության զարգացման, փոխվստահության մթնոլորտի ձևավորման շնորհիվ հնարավոր դարձնել ˳խաղաղության պայմանագրի կնքումը, իրականացնելով վիճահարույց հարցերի հանգուցալուծումը:

 

Մեծարգո պարոն Վարչապետ:

Լիահույս ենք, որ ներկայացնում ենք Ձեր արտահայտած տեսակետներին համահունչ առաջարկ և պատրաստ ենք մանրամասն քննարկել Ձեզ հետ այն հարցադրումները, որոնք այս ֆորմատով անկարելի է բացահայտել:

Գտնում ենք, որ սույն դիմումը համահայկական հույժ կարևոր հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հնարավորություն է ստեղծում լայն հասարակական քննարկում անցկացնել ՝ ներկայացնելով, վերջապես, միասնական, հայեցակարգային մոտեցում հարցի էության վերաբերյալ;

 

  1. «Ի պաշտպանություն Արցախի Հանրապետութան»

կազմկոմիտեի նախագահ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ՝ Արամ Սարգսյան

 

  1. Լարիսա Ալավերդյան՝ կազմկոմիտեի փոխնախագահ, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն
  2. Ժասմինա Ղևոնդյան՝ կազմկոմիտեի փոխնախագահ, «Ներուժ» կրթամշակութային ՀԿ նախագահ
  3. Ալեքսանդր Մանասյան՝ «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» ՀԿ նախագահ, քաղաքագետ
  4. Կարինե Դանիելյան՝ Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր
  5. Ժասմինա Թելյան՝ «Հայ կինը՝ աջակցություն ժողովրդավարությանը» ՀԿ նախագահ
  6. Անդրիաս Ղուկասյան՝ քաղաքագետ
  7. Մարիամ Ավագյան՝ Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համակարգող, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
  8. Կարեն Զախարյան՝ լրագրող
  9. Զոյա Ջուլհակյան՝ «Քարավան -88» ԲՀԿ նախագահ
  10. Սուսաննա Մելիքյան՝ Գարդմանահայերի հայրենակցական միավորում ՀԿ
  11. Վահան Համազասպյան՝ տեխնիկական գիտությունների դոկտոր
  12. Ելենա Խաչատրյան՝ «Խաչմերուկ» ՀԿ, տեխնիկական գիտ. թեկնածու, դոցենտ
  13. Նազելի Մարգարյան՝ «Բագարան» ՀԿ
  14. Վիկտոր Սոլախյան՝ Քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն
  15. Ելիզավետա Սարգիսովա՝ կենսաբանական գիտությունների թեկնածու
  16. Սուրեն Սարգսյան՝ հրապարակախոս, տնտեսագետ
  17. Վալենտինա Ադոնց՝ Էկոլոգիական գիտությունների թեկնածու

Երևան, 17.01.2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031