Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պետք է սահմանադրորեն ժողովրդին վերադարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի սեփականության բնական իրավունքը». ուղերձ ԱԺ նորընտիր պատգամավորներին

Հունվար 18,2019 11:14

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներ, ողջունում և շնորհավորում ենք ձեզ ժողովրդական վստահության հանձնագիր (մանդատ) ստանալու առիթով։

Դուք բոլորդ, հիմնականում, նախկին վարչաօլիգարխիկ կառավարման համակարգը մերժող ժողովրդի կամքի արտահայտության արդյունքում եք դարձել ժողովրդական պատգամավորներ։ Վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական կացութաձևում «Իշխանություն»՝ նշանակում է երկրի հիմնական հարստության աղբյուրների սեփականատիրություն։ Եվ Ձեզ բոլորիդ քաջ հայտնի է, թե ինչպես է ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ սահմանման խախտումով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի սեփականությունն օտարվել ու դարձել օտար երկրների և տեղական մասնավոր ընկերությունների սեփականություն։ Հատկապես ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող միավորների անիրավական օտարումով մասնավորեցումն ու դրանց մենաշնորհային կարգավիճակ տալը, երբ մեր երկիրը պատերազմական իրավիճակում է, աններելի հանցագործ ոտնձգություն էր մեր երկրի պետականության և ժողովրդի կյանքի անվտանգության նկատմամբ։ Հարկ ենք համարում ընդգծել, որ համակարգն է ծնում, թե՛ տոտալիտարիզմ, թե՛ այդ համակարգում առանցքային անձեր։ Եվ ուրեմն, առանց ՀՀ Անկախության Հռչակագրի 7-րդ դրույթին համապատասխան սեփականության իրավունքի կիրառության, և առանց ՀՀ քաղաքացիներին պատկանող երկրի հիմնական հարստության աղբյուրների արդարացի վերաբախշման, հնարավոր չէ նախկին վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական համակարգի մեջ կոսմետիկ փոփոխություններով ունենալ ժողովրդավարական պետություն։ Եվ քանի որ այսօրվա ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների մեծամասնության կողմից սատարվող «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» կարգախոսը ենթադրում էր ոչ թե մեկ անձի պարզունակ մերժում, այլ վարչաօլիգարխիկ տնտեսաքաղաքական համակարգի մերժում, ապա մենք՝ «Համահայկական Ազգային Համաձայնություն» (ՀԱՀ) շարժման նախաձեռնող խմբի անդամներս, առաջարկում ենք ձեզ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի օրակարգում, առաջին հերթին քննել հետևյալ կարևորագույն հիմնարար խնդիրները։

Ա) Տնտեսաքաղաքական գնահատական տալ նախկին երեք ՀՀ Նախագահների

ղեկավարման տարիների (1991-1997թթ․, 1998-2008թթ․, 2008-2018թթ․) գործընթացներին և հանդես գալ՝

1) Հայաստանի Հանրապետության ժողովրդի սեփականության հակաիրավական օտարման դատապարտմամբ ու քրեական պատասխանատվության պահանջով,

2) Հայաստանի Հանրապետության յոթ և ավելի միլիարդ դոլարի չափով պարտքի ծախսումների մանրամասններն ի դերև հանելով,

3) ՀՀ Սահմանդրության մեջ փոփոխությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում ռազմավարական բացառիկ նշանակություն ունեցող բիզնես միավորների նկատմամբ արտոնյալ մենաշնորհային կարգավիճակի արգելման նախագծով։

Բ) Փոխել ՀՀ Սահամանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված անիրավական դրույթն ու սահմանադրորեն ՀՀ ժողովրդին վերադարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի սեփականության իրավունքը, քանի որ ՀՀ անկախության հռչակագրով (7-րդ կետ) հռչակված է՝

«7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է»:

Այս դրույթը վերահաստատված է 2015թ․-ին ՀՀ Սահմանադրության նախաբանում, սակայն նույն սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված է՝ «Ընդերքը և ջրային ռեսուրսները պետության բացառիկ սեփականությունն են», ինչը ակնհայտորեն հակասում է ՀՀ Անկախության Հռչակագրին ու ՀՀ Սահմանադրության նախաբանում ամրագրված «հայոց պետականության հիմնարար սկզբունքներին»: Այստեղ կարևոր է նշել, որ ՀՀ Սահամանադրության 10-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույթը չի եղել ՀՀ Սահմանադրության նախագծում, որը ներկայացված է եղել ժողովրդի քննարկմանը, այլ անօրինական կերպով ընդգրկվել է ՀՀ Սահմանադրության տեքստում անմիջապես հանրաքվեից առաջ։

Ժողովրդավարական պետության հիմնական, առանցքային ու ուղղակի խնդիրն է ժողովրդի սեփականության պաշտպանությունը արտաքին ու ներքին ոտնձգություններից: Սակայն 2015թ.-ին ընդունված ՀՀ Սահմանադրությամբ հաստատագրվել է տրամագծորեն հակառակը՝ բնական ռեսուրսների նկատմամբ ժողովրդի սեփականության իրավունքը վերագրվել է պետությանը: Այսպիսով, տեղի է ունեցել ժողովրդի սեփականության յուրացում և այդ հանցագործությունը ամրագրվել է պետության բարձրագույն օրենքով, որից ավելի հակաիրավական ակտ անհնար է պատկերացնել: Այդ հակաիրավական դրույթը պետք է անհապաղ փոխել ու սահմանադրորեն ժողովրդին վերադարձնել բնական ռեսուրսների նկատմամբ իր անօտարելի սեփականության բնական իրավունքը:

ՀՀ Ազգային Ժողովի hարգելի պատգամավորներ,

վերոնշյալ երկու հիմնարար խնդիրների նկատմամբ Ձեր դրական դիրքորոշումը, որն առանցքային է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կյանքի և սեփականության իրավունքի առումով, կլինի նախկին վարչաօլիգարխիկ համակարգի իրական մերժում, և հայ ժողովրդի հավաքական ցանկությունը՝ հին համակարգի նկատմամբ հեղափոխությունը, իսկապես կմտնի իրագործման փուլ, որի համար դուք ստացել եք ժողովրդի վստահությունը՝ ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորի հանձնագիրը (մանդատը)։

Արթուր Արմին (Մշակութաբան, հրապարակախոս) 

Ստեփան Սահակյան (Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)

Արամ Գաբրիելյան (Բնապահպան, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու)

Հրաչիկ Հակոբջանյան (Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ)

Խաչատուր Խաչատրյան (Գյուղատնտես)

Կարինե Հակոբյան (Հասարակագետ, մշակութաբան)

Գևորգ Յազիչյան (Պատմական գիտությունների թեկնածու)

Անի Կաղինյան (Տնտեսագետ)

Վահէ Լոռենց (Պատմաբան)

Բարսեղ Թումանյան (Օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ)

Սամվել Կարապետյան (Մշակութաբան)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031