Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ քննությունն ավարտվել է. դատարանը որոշումը կհրապարակի հունվարի 18-ին։ Ի՞նչ կարելի է սպասել հունվարի 18-ին դատարանի վճռից, որքանով այն կկրի քաղաքական գործոնների, մասնավորապես հայ-ռուսական հարաբերություններում ընթացող զարգացումների հետքը։
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով հրապարակվելիք դատավճռին ու Ռուսաստանի հետաքրքրություններին, նշեց. «Մարտի մեկի պետական ահաբեկչության փաստով զուտ քրեական գործը, թե ում համար ինչ անհարմարություններ է ստեղծում՝ թե՛ Քոչարյանի, թե՛ նրա աջակիցների և՛ թե Ռուսաստանի՝ անձնապես ինձ համար որևէ նշանակություն չունի․ ինձ հետաքրքրում է բուն այս քրեական գործի ընթացքը՝ այն, որ տեղի ունենա օբյեկտիվ, բազմակողմանի քննություն, իրականացվի արդարադատություն։ Կա անհերքելի փաստ՝ 2008 թվականի մարտի մեկին, դրան նախորդած ու հաջորդած օրերին ապօրինի կերպով հայտարարվել է արտակարգ դրություն, այդ ժամանակ մարդիկ հետապնդվել են իրենց քաղաքական հայացքների համար. այդ բոլոր հանցագործությունների համար Քոչարյանը և իր բանդան պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Հիմա, թե այլ բանդիտները ինչ հոգեխանգարմունքի մեջ կընկնեն՝ ինձ չի հետաքրքրում»։
Ըստ Սաքունցի՝ սա պատասխանատու գործ է, և ապացույցներն առավել քան բավարար են. «Դրանք պետք է փաստագրել և որպես գործ ավարտին հասցնել նախաքննությունն ու դատաքննությունները. այստեղ մանիպուլյացիաների տեղ չկա։ Տաս տարի է անցել, բայց այդ ամենը բոլորիս աչքի առաջ է եղել։ Այն հանգամանքը, որ արտակարգ դրությունը Երևանում էր, բայց ողջ Հայաստանում՝ Վանաձորում ու Գյումրիում այդ ռեժիմը գործում էր, և ես դա շատ լավ գիտեմ։ Շատ գրագետ աշխատանք պետք է կատարվի, փաստերը առավել քան շատ են։ Պարզապես այստեղ պետք է մի բան ուզենամ արձանագրել՝ ՀՔԾ-ն և թե՛ իրավապահ մարմինները պետք է նախաձեռնողական լինեն, որպեսզի հանրությունը վկայություններ տա։ Շատ ջանք պետք է գործադրել այն նպատակով, որ մարդիկ հասկանան, որ քրեական գործով վկայություններ տալով էապես կնպաստեն տարիներ շարունակ անպատժելի մնացած մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործում»։
Երաշխիքը, ըստ Սաքունցի, պետք է լինի ոչ թե իշխանության բարի կամքը, այլ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը, որով պետք է իրավական գնահատական տրվի հանցագործությանն ու նրա կատարողներին. «Մենք այս գործընթացին պետք է մեր չափով աջակցենք։ Ես անձամբ հորդորում եմ, որ մարդիկ գնան ցուցմունքներ տան»։
Բացի դրանից՝ իրավապաշտպանի կարծիքով՝ մեղադրանքը պետք է լրացվի. «Կոռուպցիոն համակարգ է գործել, արդարադատության, մարդկանց սեփականության իրավունքի դեմ խախտման բազմաթիվ դեպքեր, ուստի մեղադրանքը պետք է ընդլայնվի»։
Մարիամ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում