Երկրի սոցիալ-տնտեսական այս իրավիճակում, երբ գործազրկության մակարդակը խիստ բարձր է, դրան էլ գումարվում են օպտիմալացումների շղթան, մի շարք գործարանների փակման տխուր հեռանկարը, խոսել տնտեսական հեղափոխության մասին, մեղմ ասած, անլուրջ է թվում։ Լոռու մարզի բնակչությունը հայտնվել է խիստ ծանր վիճակում, քանի որ մարզի երկու հսկա գործարանները չեն աշխատում, հազարավոր մարդիկ մնացել են անգործ. խոսքը Թեղուտի և Ալավերդու պղնձաձուլարաններիի մասին է։ Նախընտրական շրջանում նոր կառավարիչները վստահեցրին, որ մեկ ամսվա ընթացքում վերագործարկվելու է Թեղուտը, սակայն այսօր դեռ ոչ մի շոշափելի արդյունք չկա։ Իրավիճակի շուրջ զրուցում ենք այդ օրերին լոռեցիների հետ բանակցած վարչապետի խորհրդական, այսօր «Իմ քայլը» խորհրդարանական խմբակցության անդամ ԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ։
-8-9 ամիս հայտարարում եք, որ կոռուպցիա, մենաշնորհ չկա, փայ չեք մտնելու ոչ մեկի հետ, բայց ներդրումներ այդպես էլ չեն լինում։
-Համաձայն չեմ, թե ներդրումներ չկան։
-Ավելին, ներդրումների ծավալի կրճատման մասին ևս հայտարարվում է։
-Չեն կրճատվել։ Նկատի ունեք վրձնով նկարած թվե՞րը, ինչի մասին ՀՀԿ-ն խոսում է։ 2017-ին Հայաստանի պետական պարտքն աճել է 883 մլն դոլարով։ Եթե այդքան գումար վերցնես ու կամայական բաժանես քաղաքացիներին, այդ գումարը շրջանառվելու է տնտեսության մեջ, ու դա առնվազն 9-տոկոսանոց աճ կապահովի։
-Դուք երաշխավորում եք, որ այսուհետ պետական պարտք չե՞ք վերցնելու։
-Չեմ երաշխավորում, ուղղակի փաստում եմ, որ 2018-ին Հայաստանի պետական պարտքը աճել է 0 դոլարով, այսինքն, մենք պետական պարտք չենք վերցրել, ավելին, 60 մլն դոլարով պակասեցրել ենք։ Մենք չենք պատրաստվում 1 մլրդ դոլար տարեկան ավելացնելով թվեր նկարել։
Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում