Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի իշխանությունները պետք է օգտագործեն այս մանդատը բարեփոխումներն առաջ տանելու համար. Human Rights Watch

Հունվար 18,2019 00:24

Հայաստանի նոր կառավարությունը ժառանգել է կոռուպցիայի մեջ խեղդված և մարդու իրավունքների հետ բազմաթիվ խնդիրներ ունեցող երկիր: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության 2019թ. զեկույցում: Մինչ նոր կառավարությունը փորձում է վերակառուցել ինստիտուտները և պատասխանել կուտակված հանրային դժգոհություններին, նրանք պետք է ապահովեն հարգանք իրավական գործընթացների և մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ:

«Ազատ և արդար ընտրությունների ապահովումը կարևոր առաջին քայլն է Հայաստանի նոր ղեկավարության համար,- ասել է Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով պատասխանատու Գիորգի Գոգիան:- Բայց դա միայն սկիզբն է: Իշխանությունները պետք է օգտագործեն այս մանդատը բարեփոխումներն առաջ տանելու համար՝ ի պատասխան մարդու իրավունքների հետ կապված խնդիրների, որոնք մարդկանց փողոց դուրս բերեցին»:

Փաշինյանի կառավարության ժառանգած դժգոհություններից է ոստիկանության կողմից հիմնականում խաղաղ ցույցերի ժամանակ անհամաչափ ուժի կիրառման մասին հին պատմությունները: Նոր կառավարությունը որոշակի առաջընթաց է կատարել տարիներ առաջ տեղի ունեցած բռնությունները քննելու գործում: Այն վերսկսել է քննությունը 2008թ. մարտին ցուցարարների և անվտանգության ուժերի միջև տեղի ունեցած արյունալի բախումների գործով:

Իշխանությունները մեղադրանք են առաջադրել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երկու հրամանատարների դեմ: Նրանք նաև մեղադրանք են առաջադրել մի ոստիկանի, որը ոստիկանության նկուղում լուրջ վնասվածքներ էր հասցրել 4 կալանավորների, ասվում է զեկույցում:

Հայաստանում մարդու իրավունքների հետ կապված մյուս խնդիրներն են ընտանեկան բռնությունը, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների դեմ բռնությունն ու խտրականությունը, սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների որակյալ կրթության հասանելիության հարցը, սահմանափակ հոգեկան և մտավոր կարողություններ ունեցող մարդկանց ինստիտուցիոանալիզացումը:

2018թ. առաջին հինգ ամիսների ընթացքում ոստիկանությունն արձանագրել է կանանց դեմ բռնության 864 դեպք, որից 223-ը՝ ընտանեկան բռնության: Հուլիս ամսվա ընթացքում իշխանություններն ընտանեկան բռնության փաստով մեղադրանք են ներկայացրել 31 անձի դեմ:  Փետրվարին իշխանություններն ընդունել էին գործողությունների ծրագիր՝ իրականացնելու 2017թ. ընտանեկան բռնության մասին օրենքը, բայց կառավարությունը պետք է ավելացնի ընտանեկան բռնություն վերապրածների համար կացարանների թիվը, կառուցի պետական վերահսկողության տակ գտնվող կացարաններ, և իրականացնի հանրային իրազեկում այս հարցի շուրջ:

Իշխանությունները նաև պետք է ուշադրություն դարձնեն լայնորեն տարածված ատելության խոսքին, բռնությանը և խտրականությանը ԼԳԲՏ ներկայացուցիչների դեմ: Կուսակցությունները և որոշ քաղաքական գործիչներ շահարկեցին լայնորեն տարածված հոմոֆոբիան և ատելության խոսք պարունակող մեկնաբանություններ հնչեցրեցին նախընտրական քարոզարշավի ժամանակ, ասվում է զեկույցում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031