Այս ատրճանակը այն զենք-զինամթերքի մաս չի կազմում, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ՀՀ ազգային անվտանգության աշխատակիցների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում հանձնել են ՀՀ տարբեր մարզերի քաղաքացիները: Ոչ էլ այն ատրճանակն է, որով, ըստ ոստիկանության, օրերս Վաղարշյան փողոցում մեքենայից կրակոցներ են արձակվել քաղաքացիների ուղղությամբ: Ատրճանակը պատկանում է հեղափոխականի՝ հայ գրող, հրապարակախոս, լուսավորիչ եւ փիլիսոփա Միքայել Նալբանդյանին: Այս ատրճանակն իր պատվավոր տեղն է զբաղեցնում Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, որտեղ այլ բացառիկ ցուցանմուշներ էլ կան, օրինակ՝ Վիլյամ Սարոյանի ձեռքով արված ինքնանկարը, Նաիրյան պոետ Չարենցի գրությունը՝ ուղղված իր սիրելի դերասանուհի Արուսին, կամ, ասենք, Երվանդ Օտյանի երգիծանկարներով նամակը՝ Արփիար Արփիարյանին:
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԻ