Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանդիպում են, բայց չե՞ն բանակցում

Հունվար 18,2019 12:00

Մաս 1

Մաս 2

Ավելի քան չորս ժամանոց չորրորդ հանդիպումը

«Մնացականյանը վերահաստատել է ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումը՝ առանձնահատուկ շեշտելով օգտակար շփումների կարեւորությունն առավել մեծ փոխըմբռնում եւ փոխվստահություն հաստատելու գործում: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին իրենց հանդիպումից հետո տեղի ունենալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ, ինչպես նաեւ համանախագահների օրացույցում ներառված առաջիկա քայլերի շուրջ»,- նշվեց հունվարի 16-ին Փարիզում նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ Զոհրաբ Մնացականյանի հանդիպման վերաբերյալ տարածած հաղորդագրությունում։

Այնուհետեւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ նույն օրը կայացած Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից տեղեկացանք. «Տեղի ունեցավ մտքերի օգտակար եւ կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաեւ առավել լայն փոխըմբռնման եւ փոխվստահության հաստատմանը: Ավելի քան չորս ժամ տեւած հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանը»:

Մինչ Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպում էին Փարիզում՝ Մոսկվան ողջունեց ԼՂ հակամարտության կարգավորման լուծումներ գտնելու Բաքվի փորձերը: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր. «Կարծում եմ՝ պետք է ամեն կերպ խրախուսել կարգավորման հարցում լուծումներ գտնելու պատրաստակամության մասին Բաքվից հնչող հայտարարությունները: Հույս ունեմ, որ մեր հայ գործընկերները ի պատասխան նույն դիրքորոշումը կարտահայտեն»:

«Հայաստանում անցած տարի իշխանություն է փոխվել, այդ պատճառով մեր աշխատանքը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի, սահմանափակվել է հանդիպումներով, որոնք ավելի շատ ճանաչողական բնույթ ունեին,- նշել է Լավրովը եւ շարունակել:- Այս ամիս կկայանա համանախագահների հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, այնպես որ, կարծում եմ, այս ուղղությամբ եւս մենք կկարողանանք մեր ավանդը ներդնել խնդրի կարգավորման համար»։ «ԼՂ հակամարտությունը հին, կարելի է ասել՝ հնացած հակամարտություն է, բայց, իհարկե, այստեղ էլ կարելի է գտնել լուծում, եթե Բաքուն եւ Երեւանը ունենան քաղաքական կամք, եւ լինի միջազգային աջակցություն, այդ թվում՝ համանախագահ երկրների աջակցությունը»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Ես բանակցային որեւէ պրոցեսի չեմ մասնակցել»

Դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Դիլիջանում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, որ Միլանում համանախագահների հետ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները հայտարարություն են համաձայնեցրել, եւ ասվել է, որ երկար ժամանակ չէր հաջողվում համաձայնեցնել: Այդպիսի հայտարարություններ վերջին 25 տարիներին բազմաթիվ են եղել: «Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք նոր բան կա՞ Ղարաբաղի հարցում՝ ոչ, նոր բան չկա: Ակտիվությունն այնքանով է, ինչ դուք տեսնում եք: Այսօրվա ակտիվությունը կարող ենք ցածր համարել»:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից լավատեսական հայտարարությանը եւ Հայաստանում դրա արձագանքներին՝ Փաշինյանը նկատել էր. «Ինձ, անկեղծ ասած, զարմացնում է հայաստանցի մի շարք մեկնաբանների մեկնաբանությունը, որ առաջին կանխավարկածն այն է, որ ինչ-որ դավադրություն կա: Ինչո՞ւ այդպիսի կանխավարկած: Ինչո՞ւ չկա կանխավարկած, որ գուցե Հայաստանի կառավարությանը հաջողվել է համոզիչ փաստարկներ բերել…»: Անդրադառնալով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի օրակարգին՝ Փաշինյանը նշել է, որ խնդիրն այն է, որ Ադրբեջանն ամենասկզբից պնդել է, որ նման պայմանավորվածություն ընդհանրապես չկա, եւ ինչ վերաբերում է այդ օրակարգերին, դրանք պաշտոնական բանակցային պրոցեսի օրակարգ են, որոնք տեղի են ունեցել համանախագահների մասնակցությամբ: «Ես ուզում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ես, մեր կառավարությունը պաշտոնական բանակցային որեւէ պրոցեսի չեմ մասնակցել: Մենք երկու անգամ զրույց ենք ունեցել Իլհամ Ալիեւի հետ»,- ասել է նա:

Ստացվում է, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներն արդեն չորրորդ հանդիպմանը միմյանց ներկայացնում են իրենց դիրքորոշումները: Եվ ընդ որում, պարզ չէ՝ Մադրիդյան սկզբունքնե՞րն են հիմքում, թե՞ կողմերը նոր մոտեցումներով փոխում են կարգավորման գործընթացի էությունը: Ամեն դեպքում, թե ինչ են քննարկել ու շարունակում քննարկել Մնացականյանն ու Մամեդյարովը՝ դրանք բանակցություններ են Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ, եւ հետեւաբար պետք է արձանագրել, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են բանակցությունները: Իսկ թե ինչ փոփոխություններ կան բանակցությունների սեղանին՝ մոտեցումների, սկզբունքների առումով, դա, իհարկե, մենք չգիտենք:

Կրկին՝ «բարձր մակարդակով ինքնավարություն»

Բանակցային բոլոր կարեւոր փուլերում, երբ Ադրբեջանի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե որքան «կառուցողական» են տրամադրված հակամարտության կարգավորմանը, նրանք որպես «մեծահոգություն» մի միտք են արտահայտում՝ «Բաքուն պատրաստ է ԼՂ ժողովրդին տրամադրել բարձր մակարդակով ինքնավարություն»: Ահա, դեկտեմբերի վերջերին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հենց նշյալ հայտարարությունն արեց. «Մեր երկիրը, ինչպես որ ապահովում է այլ էթնիկ խմբերին պատկանող սեփական քաղաքացիների անվտանգությունը, այնպես էլ պատրաստ է, համաձայն իր միջազգային պարտավորությունների, անել դա Լեռնային Ղարաբաղում հայկական ծագմամբ քաղաքացիների նկատմամբ»: Մամեդյարովը հավելել էր, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է ԼՂ հայ բնակչությանը «տրամադրել ինքնորոշման իրավունք բարձր մակարդակով՝ Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը «պատրաստ է վերադառնալ հայրենի օջախ»:

Այնուհետեւ Բաքուն առաջ էր քաշել իր պահանջը, Մամեդյարովը հույս էր հայտնել, որ 2019թ. Երեւանը դուրս կբերի զինված ուժերը «օկուպացված տարածքներից»: Ընդ որում, նա նշել է, որ հակամարտության կարգավորումը «առաջին հերթին հնարավորություններ կբացի հենց Հայաստանի տնտեսական զարգացման համար»: «Հայաստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ Դուշանբեում եւ Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ գագաթնաժողովների շրջանակում Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի միջեւ տեղի ունեցած զրույցները, ինչպես նաեւ իմ երեք հանդիպումները հայ գործընկերոջս հետ որոշակի լավատեսության հիմքեր են տալիս՝ կապված բանակցային գործընթացի առաջխաղացման հետ»,- ասել է Մամեդյարովը:

Հայաստանի նոր իշխանության հետ «չբանակցած» Մամեդյարովն ահա այսպիսի պահանջներ է ներկայացնում հայկական կողմին եւ իհարկե՝ միջազգային հանրությանը: Սա փաստացի պաշտոնական Բաքվի կողմից ղարաբաղյան «նոր էջ» բացելու հստակ քաղաքականություն է, ընդ որում՝ քաղաքականություն, որում Ադրբեջանը հետեւողական «առաջին ջութակի» դեր է ստանձնել:

ԱԳՆ-ն արձանագրեց, որ կան բանակցություններ, եւ դրանց պետք է սատարել

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը արձագանքեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ վերոնշյալ հայտարարությունը: «Երկու մոտեցում կարող է լինել այս հայտարարության առնչությամբ: Կարող ենք վերահաստատել մեր շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում ԼՂ կարգավիճակի եւ անվտանգության գերակայության վերաբերյալ՝ երկու դեպքում էլ տալով առավել լայն պարզաբանումներ: Այնուամենայնիվ, կարծում ենք՝ զսպվածություն պետք է ցուցաբերել հանրային հայտարարություններում` այսպիսով սատարելով բանակցություններին, եթե, իհարկե, անկեղծ ցանկություն կա պահպանելու դրանց նկատմամբ հանձնառությունը: Սա հատկապես վերաբերում է այն դեպքերին, երբ փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնել: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը: Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսեւորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել եւ իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն»:

ՀՀ ԱԳՆ-ն եւս վերահաստատել է Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցությունների փաստը, ինչը Փաշինյանը հերքում է՝ նշելով, թե ինքը եւ կառավարությունը «պաշտոնական բանակցային որեւէ պրոցեսի չեմ մասնակցել»: Եթե չկան պաշտոնական բանակցություններ, ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն կոչ անում Ադրբեջանին «սատարել բանակցություններին»:

Նոր սպառնալիքներ Հայաստանի ու Արցախի ուղղությամբ

Ադրբեջանը կողմ է Ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանը, սակայն կշարունակի ամրապնդել իր ռազմական ներուժը՝ այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տարեվերջյան ուղերձում: «Լեռնային Ղարաբաղը պատմականորեն Ադրբեջանի տարածքն է, եւ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- ասել է Իլհամ Ալիեւը՝ վերստին հիշատակելով ՄԱԿ-ի բանաձեւերը, ըստ որոնց՝ հայկական ուժերը պետք է դուրս բերվեն գրավյալ տարածքներից: «Մենք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, եւ մեր մասնակցությունը բանակցություններին դրա ապացույցն է: Սակայն յուրաքանչյուրը պետք է իմանա, որ ռազմական գործոնը շատ կարեւոր է, եւ մենք կշարունակենք հզորացնել մեր բանակը»,֊ ասել է Ադրբեջանի նախագահը: Կրկնելով իր ռազմատենչ հայտարարությունները՝ Ալիեւը միաժամանակ պնդել է, թե այժմ հակամարտության կարգավորման հարցում նոր իրավիճակ է ստեղծվել. «Հույս ունեմ, որ 2019-ին այդ ուղղությամբ կարող է առաջընթաց լինել»:

Այսպես, Ալիեւը որոշակի «կառուցողական» ու «լավատեսական» հայտարարություններից հետո կրկին խոսում է «տարածքային ամբողջականության վերականգնման», «գրավյալ տարածքները» վերադարձնելու մասին: Ավելին՝ նա հստակ Հայաստանը մեկուսացնելու քաղաքականության շարունակման մասին է ընդգծում: «Ես երբեք չեմ թաքցրել մեր քաղաքականությունը: Ես միշտ ասել եմ, որ մենք կօգտագործենք բոլոր միջոցները Հայաստանին մեկուսացնելու համար, եւ հետագայում մենք դա անելու ենք, մինչեւ մեր հողերը ազատագրվեն»,- ասել է Ալիեւը՝ ընդգծելով, որ Հայաստանի համար «ներկայիս ծանր ճգնաժամային իրավիճակում կա մեկ ելք՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը». «Մենք պատրաստ ենք դրան: Բայց դրա համար մեկ պայման կա՝ հայկական զինված ուժերը պետք է դուրս գան Ադրբեջանի օկուպացված տարածքներից»:

Ալիեւն ավելի է ծավալվել, ըստ էության, Փաշինյանի կողմից մի քանի անգամ Արցախը բանակցային գործընթաց վերադարձնելու մասին արված հայտարարություններին ի պատասխան եւ համոզմունքին, որ չի կարող բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից: Բաքուն եւ Երեւանը ղարաբաղյան հակամարտության միակ կողմերն են, ասել է Ալիեւը՝ հավելելով. «Հայաստանի նոր ղեկավարությունն առաջին փուլում փորձել է խուսափել բանակցություններից: Կային հայտարարություններ, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի հետ»: Ալիեւի խոսքով՝ Բաքուն մերժել է երեւանյան այդ փորձերը, եւ բանակցություններն անցկացվում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, քանի որ «միայն այդ ձեւաչափն է ընդունելի բանակցային գործընթացի համար»:

Սկիզբը՝

Մաս 1

Մաս 2

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  17.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031