«Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գրքի հեղինակը՝ պատասխանողը, վերաքննիչ քաղաքացիական դատարան չէր ներկայացել: Երեկ դատարան էր եկել հայցվոր, հրապարակագիր, լեզվաբան Գարեգին Ղազարյանը:
Պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության, հեղինակային իրավունքի պաշտպանության՝ հեղինակային իրավունքի գրանցումը չեղարկելու, ոչ նյութական վնասի դրամային հատուցման եւ գումար բռնագանձելու պահանջների մասին հայցադիմումում Գ. Ղազարյանը հայտնել էր, որ 2017 թվականի հուլիսի 23-ին պատասխանողը հրատարակել է «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գիրքը:
«Փողկապով «խաչագողը» ինձ որեւէ օրինակ չի տվել, թեպետ, առնվազն բարոյապես, պարտավոր էր գոնե վաճառել իրեն, եթե ոչ՝ առավել եւս ընծայել: Եվ դա պատահական չէ: Պատասխանողն անձամբ գիտակցել է, որ միայն առանձին մարդկանց շրջանում տարածած սույն գրքից, իր իսկ ձեռամբ, իր անձնատվյալների արտաքսմամբ եւ գրքի նենգափոխված ձեւով ու բովանդակությամբ արդեն՝ հրապարակայնորեն արատավորել է իմ՝ հայցվորի պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը՝ զրպարտության եւ վիրավորանքի միջոցով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի նորմերի իմաստով, գրագողություն է կատարել հայցվորիս ստեղծագործական գործունեության արդյունք հանդիսացող՝ հեղինակային իրավունքի օբյեկտից՝ օրենսգրքի 63-րդ գլխի եւ «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքի իմաստներով»,- նշել էր նա:
Հայցվորի կարծիքով՝ պատասխանողը գիտակցաբար, առանց թույլտվության վերացրել է եւ փոխել է հեղինակային իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը, գիտակցաբար տարածել է եւ մատչելի դարձրել վերոնշյալ վերացմանը եւ փոփոխմանը ենթարկած՝ հեղինակային իրավունքի օբյեկտը (տվյալ գրքի՝ հայցվորի կազմած ցանկերը):
Բողոքաբեր կողմի տեղեկացմամբ, իրենք կանխավ փոխպայմանավորվել էին, որպեսզի ընդամենը 60.000 ՀՀ դրամ՝ 2 ամսվա «անչափազանցորեն գերխտացրած, չարչարալից, ակնավնաս ու առողջաքայքայ աշխատանքիս դիմաց» վճարի, ինչը պատասխանող կողմը չէր կատարել:
«Երբ պատասխանողին առճակատ նախատեցի ու նախազգուշացրի նրան հրապարակավ խայտառակելու մասին, դատելով մի շարք ուղղակի եւ անուղղակի հանցանշաններից (հենց այդ օրը երիցս զրպարտեց ինձ, թե՝ «աշխարհում ինձ նման մարդ չի տեսել»), իհարկե՝ վատ իմաստով, «գործը տապալել եմ», որ ես «կոմպլեքսավորված մարդ եմ», կանխազգում էի, որ տմարդին, բերանի ծամոն դարձած կարմիր կովից էլ վերան, սեփական կաշվից դուրս չի գալու եւ, ի վերջո, ինձ ու իրեն կանգնեցնելու է դատարանի առաջ»,- ընդհանուր իրավասության դատարանում իր վեճը ներկայացնելով՝ ասել էր Գ. Ղազարյանը:
Ըստ նրա, 2017թ. հունիսի 8-ին պատասխանողին էլեկտրոնաուղերձ է ուղարկել նոր զգուշացմամբ լատինատառ հայերենով. «Չխախտես մեր նախապայմանավորվածությունը եւ իմ կազմած ցանկերով, իմ խմբագրած գրքիցդ չհանես իմ անուն-ազգանունը, թե չէ՝ սեւ կբերես գրագողի գլխիդ: Գարեգին Ղազարյան»: Որեւէ արձագանք չստանալով՝ մեր փոստային բաժանմունքից, 2017թ. հունիսի 14-ին, արդեն նաեւ պատշաճ ծանուցմամբ, պատասխանողի բնակության հասցեով վերջնագիր եմ ուղարկել»:
Դատարան դիմելը Գ. Ղազարյանը համարում է իր իրավունքների պաշտպանությանն ուղղված հրապարակային նախաքայլ: Ի դեպ, մինչ ընդհանուր իրավասության դատարան դիմելը, նա «Բաց նամակ-ահազանգ» է տպագրել ՀՀ պարբերական մամուլում ու տարածել նաեւ էլեկտրոնային եղանակով (համացանց, կայքեր): Սակայն գրագողության մեջ մեղադրվողը չի արձագանքել կամ հակադարձել «ոչ փոստառաք զգուշացումներին», ոչ էլ լրատվամիջոցներում տպագրվածներին:
Նախագահող դատավոր Նաիրա Մարգարյանը, դատավորներ Մկրտչյան, Մխիթարյան կազմով, չառարկեցին հայցվորի միջնորդությանը, թույլատրեցին «Առավոտին» լուսանկարել:
Գարեգին Ղազարյանը բացարկ հայտնեց դատարանի ողջ կազմին, հայտնելով, թե նախագահող դատավորը «սխալմամբ» իրեն համարել է կենսաթոշակառու, այն դեպքում, երբ ինքն ընդամենը 58 տարեկան է:
«Դուք ստիպել եք, որ ես ծախսատար ապացույցներ ներկայացնեմ, եւ բողոքի քննությունը չորս ամիս հետո եք նշանակել»,-ասաց Գ. Ղազարյանը:
Նախագահողը փորձեց ճշտել, թե խոսքը «բողոքը վերադարձնելու եւ պատշաճ ներկայացնելու մասի՞ն է», ինչին հայցվոր լեզվաբանը պատասխանեց. «Ոչ իրավաչափ գործողությունների մասին է խոսքը»: Դատավոր Ա. Մկրտչյանը նկատեց, որ բողոքաբերի դատարանին գրավոր ներկայացրած միջնորդության եւ բանավոր արված միջնորդության մեջ կան հակասություններ եւ կողմին խնդրեց, որ բացարկի միջնորդությունը ներկայացնի գրավոր:
Բողոքաբեր Գ. Ղազարյանը խնդրեց մեկ օր ժամանակ, դատարանը բողոքի քննությունը նշանակեց հունվարի 30-ին:
Հիշեցնեմ, որ ընդհանուր իրավասության դատարանն անցյալ տարվա մարտի վճռով Գարեգին Ղազարյանի հայցն ընդդեմ պատասխանողի՝ բավարարել է մասնակի:
Դատարանը ճանաչել է Գարեգին Ղազարյանի հեղինակության իրավունքը «Արցախի աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդ Հասան-Ջալալյանները» գրքի անձնանունների եւ տեղանունների ցանկերի նկատմամբ եւ պարտավորեցրել է պատասխանողին վճիռն օրինական ուժ ստանալուց հետո տասնօրյա ժամկետում, իր մոտ պահպանված գրքերում, որպես անձնանունների եւ տեղանունների ցանկերի կազմող առանձին թերթիկի տեղադրման (փակցման) միջոցով նշել Գարեգին Ղազարյանի անուն-ազգանունը (Գարեգին Ղազարյանին որպես ցանկերի կազմող նշել գրքի հրատարակման կամ վերահրատարակման պարագայում եւս) ամբողջությամբ:
Հայցը մնացած՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության, ոչ նյութական վնասի դրամային հատուցման եւ գումար բռնագանձելու պահանջների մասով մերժել է:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ,
17.01.2019