Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակը մեր սուրն է, իսկ մշակույթը՝ մեր վահանը

Հունվար 17,2019 23:23

Այսօր շատերն են անդրադառնում Կառավարության կառուցվածքում սպասվող փոփոխությունների խնդրին: Ես այն կարծիքին չեմ, որ Կառավարության գործունեության արդյունավետության բարձրացման հիմնական ճանապարհը (իսկ այսօր հիմնական խնդիրը դա է) նախարարությունների քանակի կրճատումն է:

Գործադիրի արդյունավետության չափանիշը նախ և առաջ, և գլխավորապես, հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում Կառավարության կողմից հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարելու ունակությունն է կամ, այլ կերպ ասած, յուրաքանչյուր ոլորտում հանրային կյանքը կարգավորման որակյալ (իրավիճակին ադեկվատ) քաղաքական որոշումներ կայացնելու կարողությունը:

Մինչդեռ Կառավարության կառուցվածքը պայմանավորված է նրանով, թե երկարաժամկետ հատվածում հանրային կյանքի բնականոն ընթացքն ապահովելու տեսանկյունից ո՞ր ոլորտներն են առանձնահատուկ կարևորություն ձեռք բերում, որոնցում իշխանությունները պարտավոր են մշակել և իրականացնել հանրության սպասելիքների բավարարումը երաշխավորող և քաղաքացիական հասարակության կողմից վերահսկելի քաղաքականություն: Այս պնդումը բխում է Սահմանադրությունից, որով Կառավարությանը, մեծ իմաստով, վերապահված է ժողովրդի շահերից ելնելով մշակել և իրականացնել քաղաքականություն հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում: Ընդ որում, հենց այդ նպատակով են ձևավորվում նախարարությունները: Այսինքն կախված նրանից թե ո՞ր ոլորտներում են իշխանությունները տեսնում առանձին քաղաքականության իրականացման կարևորություն, դրանով էլ պետք է պայմանավորված լինի այս կամ այն նախարարության կազմավորումը, հետևաբար և Կառավարության կառուցվածքը:

Անշուշտ, այս պնդումը չի ենթադրում, որ գործադիրում չեն կարող լինել կրճատումներ (համոզված եմ նախարարությունների ապարատներն այսօր ուռճացած են): Ուղղակի այդ կրճատումները պետք է իրականացվեն բացառապես նախարարություններից յուրաքանչյուրի կառուցվածքի օպտիմալացմամբ (ազատվել նախարարություններում ֆունկցիաների կրկնությունից, ապահովել կառավարչական յուրաքանչյուր ենթամակարդակում պատասխանատվությունների կոնկրետությունը և հասցեականությունը և այլն) և պետական ծառայողների մասնագիտական անաչառ որակավորմամբ, բայց ո՛չ լոկ նախարարությունների քանակի կրճատմամբ:

Նշված պնդումը չի նշանակում նաև, որ նախարարությունների քանակը չի կարող ավելի քիչ լինել քան սահմանված է Սահմանադրությամբ: ԻՆչպես նշվեց վերևում դրանց քանակը և կազմը պետք է պայմանավորել նրանով, թե ո՞ր ոլորտներն են կարևորվում իշխանությունների կողմից, ընդ որում ո՛չ կարճաժամկետ ապագայի կտրվածքով (չի կարելի այսօր լուծարել նախարարությունը, իսկ վաղը՝ նորից բացել): Նման որոշումները պետք է լինեն խիստ հիմնավորված և պատճառաբանված բացառապես պետականաշինության երկարաժամկետ առաջնահերթությունների տեսանկյունից: Ուստի բյուջետային միջոցների խնայողության նպատակով նախարարությունների կրճատումը հակացուցված է:

Եվ ահա այս առումով, ըստ իս, առանձնահատուկ կարևորություն է ձեռք բերում մշակույթի նախարարության ‹‹ճակատագրի›› հարցը: Թեպետ մի քանի այլ նախարարությունների վերաբերյալ մոտեցումները նույնպես համալիր վերլուծության կարիք են զգում, այդուհանդերձ, ըստ իս, մեր Երկրի երկարաժամկետ ապագայի տեսանկյունից մշակույթն ունի ռազմավարական դերակատարում և սույն հոդվածում կփորձեմ անդրադառնալ մշակույթի ոլորտում մեր հիմնախնդիրներին:

Մեզանում տարածված է այն թյուր կարծիքը, որ մշակույթը դա այն է, որով փորձում ենք մեր ժամանցն ավելի հետաքրքիր դարձնել կամ միջոցառումներով լցնել, իսկ մշակույթի նախարարության հիմնական խնդիրն էլ տարբեր տեսակի մշակութային միջոցառումների կազմակերպումն է՝ համերգներ, տարբեր համույթների ելույթներ, ներկայացումներ, ցուցահանդեսներ, կինոնկարահանումներ և կինոդիտումներ և այլն: Ի դեպ, մշակույթի այս ընկալումը մեզ ուղեկցում է Անկախության ողջ շրջանում: Պատահական չէ, որ շատերը (այդ թվում որոշ մշակույթի գործիչներ) մշակույթի նախարարությանը դիտում են որպես մշակութային միջոցառումներ կազմակերպող կառույց:

Բոլորովին չնսեմացնելով երկրի մշակութային կյանքի բազմաբովանդակությունն ապահովելու գործում նման միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ իրավական նախադրյալների ստեղծման կարևորությունը, կցանկանայի անդրադառնալ մեր ժողովրդի և պետության ապագայի համար մշակույթի իրական նշանակության կամ նույնիսկ առաքելության հարցին: Խոսքը ազգային անվտանգության մշակութային բաղադրիչի մասին է կամ այն մասին, թե արդյո՞ք մեր պարագայում մշակույթը կարող է դառնալ արտաքին սպառնալիքները մեղմելու կամ չեզոքացնելու գործոն:

Ժամանակակից աշխարհում պետություններն իրենց շահերի պաշտպանության գործում, որպես կանոն, նախապատվությունը տալիս են ոչ այնքան հակառակորդների կամ մրցակիցների վրա ազդելու ուժային (ռազմական) միջոցների կիրառմանը, որքան ազդեցության հիբրիդային եղանակների հնարավորինս լայն օգտագործմանը: Ընդ որում` հիբրիդային ազդեցության հնարավորությունների ողջ բազմազանության մեջ առանձնահատուկ կարևորություն է տրվում այսպես կոչված ‹‹փափուկ ուժին›› , որի իմաստն այն է, որ պետությունը, օգտագործելով սեփական լեզուն և մշակույթը, փորձում է օտարներին ներկայանալ առավել գրավիչ, համակրելի և հետաքրքիր՝ դրանով նվազեցնելով կամ նույնիսկ չեզոքացնելով իր նկատմամբ այլոց քաղաքական անբարյացկամության հնարավոր դրսևորումները: Հակառակորդների անառողջ նկրտումները չեզոքացնելու կամ նրանց նկատմամբ սեփական քաղաքական ազդեցությունն ապահովելու այս մեթոդն այնքան արդյունավետ է, որ իր կայուն տեղն ունի խոշոր պետությունների արտաքին անվտանգային քաղաքականության հարուստ զինանոցում: Հարկ է նշել, որ այն գնալով ավելի լայն կիրառում է ստանում նաև ոչ մեծ պետությունների արտաքին քաղաքական գործողություններում:

Կասկածից վեր է, որ Հայաստանն իր և Արցախի անվտանգությունը կարող է երաշխավորել նախ և առաջ իր զինական կարողությունների ավելացմամբ և անընդհատ արդիականացմամբ: Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ արտաքին սպառնալիքների և մարտահրավերների չեզոքացման այլ հնարավորությունները մենք կարող ենք անտեսել: Արդյո՞ք այդ ‹‹չեզոքացում›› ասածին պետք է հասնել բացառապես մեր ռազմական կարողություններն անընդհատ ավելացնելու, թանկ և ոչ արտադրողական, ճանապարհով: Մի՞թե այդ չեզոքացմանը չի կարող նպաստել մեր նկատմամբ այլ երկրների և ժողովուրդների համակրանքի ու բարյացակամ վերաբերմունքի ձևավորումը (հասկանալի է, որ խոսքը արևմուտքից և արևելքից մեր անմիջական հարևանների մասին չէ): Մի՞թե մենք այլոց այդ վերաբերմունքի կարիքը չունենք: Միջազգային ամենատարբեր ատյաններում մեզ համար կենսական կարևորության հարցերի քննարկման ժամանակ արդյո՞ք մենք տարբեր երկրների պատվիրակությունների կազմում չենք փնտրում մեզ բարեկամ կամ համակրող անձանց և հայցում նրանց աջակցությունը, և հաճախ սրտնեղում դրանց ոչ բավարար քանակի համար: Ուստի հարց է առաջանում՝ ի՞նչն է Հային ամենաբնորոշը, որով նա շահեկանորեն տարբերվում է այլ ժողովուրդներից, և որը կարող է նրան դարձնել գրավիչ և համակրելի ուրիշների համար:

Ամենագլխավորը, որով մենք՝ հայերս առանձնանում ենք աշխարհի ժողովուրդների մեծ ընտանիքում դա այն է, որ Հայաստանը, լինելով ամենահին մշակույթներից մեկը, իր անուրանալի ներդրումն ունենալով հատկապես եվրոպական քաղաքակրթության ձևավորման պատմական պրոցեսում և պետություն, որն առաջինը քրիստոնեությունն ընդունեց որպես պետական կրոն, այսօր մարդկությանը ներկայանում է իր բազմածալք և հարուստ քրիստոնեական մշակութային ժառանգությամբ և եվրոպական ժողովուրդների մշակութային խճանկարում արժանիորեն գրավում է իր ուրույն տեղը: Ընդ որում այդ ժառանգությունն, ըստ արժանվույն, գնահատված է ժամանակակիցների կողմից, ինչի ամենավառ վկայությունը աշխարհի ամենաազդեցիկ քրիստոնեական կենտրոնի՝ Վատիկանի Սուրբ Աթոռի կողմից Սուրբ Նարեկացուն Տիեզերական Վարդապետերի շարքին դասելն էր: Արդյո՞ք քրիստոնեական աշխարհում հայ ժողովրդի էկյումունիկ և մշակութային անկրկնելի ներկայության վկայությունը չէր այն, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր այցը Հայաստան քրիստոնեա աշխարհին ներկայացրեց որպես Ուխտագնացություն: Արդյո՞ք շատ են այն ժողովուրդները, որոնք կարող են միջազգային հանրությանը ներկայանալ վաղ քրիստոնեական շրջանի ինքնատիպ եկեղեցաշինությամբ և ճարտարապետական կոթողներով: Աշխարհում, ընդամենը մեկ տասնյակից մի փոքր ավել ժողովուրդներ ունեն սեփական այբուբենը և դրանցից մեկը հայ ժողովուրդն է: Սակայն այս պատմական փաստը առանձնահատուկ է նրանով (ի տարբերություն այլոց), որ Հայն իր սեփական գիրը ստեղծեց բացառապես քրիստոնեությունը որպես դավանանք ու արժեհամակարգ անշրջելիորեն իրենը դարձնելու և նրան անմնացորդ նվիրվելու նպատակով: Դրա վկայությունն է այն, որ հայերենով առաջին թարգմանությունը Աստվածաշնչի թարգմանությունն էր: Մշակույթի բոլոր բնագավառներում՝ եկեղեցական, ազգային և դասական երաժշտություն, ճարտարապետություն, մանրանկարչություն, որմնանկարչություն և կերպարվեստ, գրականություն, թատրոն, գիտություն և այլն, մենք հայերս մշակույթի համաշխարհային գանձարանում ունեցել ենք և կունենանք մեր համեստ, բայց ինքնատիպ ներդրումը:

Սակայն խնդիրն այն է, որ հայ ժողովրդի մշակույթը դարերի ընթացքում հարստացնելով եվրոպական ժողովուրդների մշակութային ժառանգությունը և դառնալով, ըստ էության, նրա մի մասը, այդուհանդերձ այսօր եվրոպացու կողմից չի ընկալվում որպես իրենը: Եվ այն այդպիսին չի ընկալվում նաև այլ մշակույթների կողմից: Մինչդեռ, եթե մենք հետևողական ջանք գործադրեինք, որպեսզի մեր Նարեկացին եվրոպացիների կողմից ընկալվեր և ճանաչվեր նաև որպես քրիստոնեության իրենց մեծագույն պոետը (ինչպիսին նա իրականում կա), կամ որպեսզի Կոմիտասի, Եկմալյանի կամ Խաչատրյանի երաժշտական ժառանգությունը եվրոպացիները ընդունեին նաև որպես իրենցը (նույնը կարելի է պնդել մշակույթի և գիտության այլ բնագավառներում մեր նախնիների ժառանգության առումով), ապա հայի վրա ‹‹սուր քաշելը›› կամ հայի գոյությանը ցանկացած վտանգ եվրոպացիների կողմից կընկալվեր, որպես իրենց իսկ մշակույթից զրկելու բռնություն: Արդյունքում Հայոց Մեծ Եղեռնը ժողովուրդները կարող էին ընկալել ոչ միայն որպես մարդկության դեմ մեծագույն ոճրագործություն, այլև եվրոպական մեծ մշակույթը իր սնող ակունքներից մեկից զրկելու բարբարոսություն, հետևաբար նաև հանցագործություն եվրոպացիների դեմ: Կասկածից վեր է, որ նման պարագայում մեր ժողովրդի նկատմամբ այդ համակրանքը իր համապատասխան դրսևորումը կստանար նաև Հայաստանի հետ միջպետական հարաբերություններում և, բոլոր հավասար պայմաններում, մեր Պետության անվտանգության մարտահրավերների ու սպառնալիքների առումով կարող էր զսպիչ դեր ունենալ: Սա չի նշանակում, որ որոշ դեպքերում մեր սպասելիքները կարող էին և չարդարանալ, բայց հավանականությունը, որ եվրոպական հոգևոր-մշակութային արժեքների ընդհանրությունը, իր մեծ իմաստով, կարող է զսպող գործոնի դեր խաղալ՝ կարծում եմ անվիճելի է: Անվիճելի է նաև այն, որ մշակույթի ‹‹արտահանումը›› էապես կլրացներ արտաքին սպառնալիքներին դիմագրավելու մեր հավաքական կարողությունները:

Ուստի ի՞նչը կարող է լինել Հայի գլխավոր այցեքարտը միջազգային ասպարեզում: Անառարկելի ճշմարտություն է, որ այդ այցեքարտը մեր բազմածալք և հարուստ քրիստոնեական մշակույթն է: Այսինքն` մշակույթը մեր գլխավոր այցեքարտն է ժամանակակից աշխարհում: Հետևաբար, մեր պարագայում, մի՞թե մշակույթը չպետք է դիտել որպես ‹‹փափուկ ուժի›› ձևավորման գլխավոր հենքը և Երկրի անվտանգության կայուն բաղադրիչներից մեկը: Ամենակարևորն այն է, որ Հայաստանն ունի սեփական ‹‹փափուկ ուժը›› ձևավորելու մշակութային լուրջ պոտենցիալ: Խնդիրը մեր Պետության երկարաժամկետ ապագային ծառայեցնելու նպատակով այդ պոտենցիալը համակարգաստեղծ գործոն դարձնելու ռազմավարության մշակումն ու այն հետևողականորեն կյանքի կոչելն է: Սա պետք է լինի բոլոր ժամանակներում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության գլխավոր խնդիրը:

Մենք պետք է գիտակցենք, որ բանակը մեր սուրն է, իսկ մշակույթը՝ մեր վահանը:

Հետգրության փոխարեն:

Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը Վարչապետ Չերչիլին պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս, ռազմական անընդհատ աճող ծախսերն ապահովելու նպատակով, առաջարկում է կրճատել մշակույթի նախարարության բյուջեն, հիմնավորելով, որ պատերազմի պայմաններում մշակույթին ֆինանսական լուրջ միջոցներ հատկացնելը պետության համար չհիմնավորված շռայլություն է: Երկրի գլխավոր ֆինանսիստի այդ հիմնավորմանը հետևում է Վարչապետի շատ դիպուկ պատասխանը՝ այդ դեպքում, բարեկամս, հանուն ինչի՞ ենք մենք պատերազմում:

Հայաստանի Քրիստոնեա-Դեմոկրատական Միության նախագահ

Խոսրով Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031