«Ակնհայտորեն խոսքը վերաբերում է բանակցային նորմալ գործընթաց ձեւավորելու համար միջավայրի ստեղծմանը, դա ե՛ւ քարոզչության խնդիրներն են, ե՛ւ հասարակության միջեւ շփումները, այսպես ասած, հանրային դիվանագիտության խնդիրներն են»,- ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հայտարարության մեջ այս ուղերձն է տեսել քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ նրա՝ ՀՀ, Ադրբեջանի եւ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների վերջին հանդիպման ընթացքում ավելի շատ վստահության վերականգնման շուրջ են պայմանավորվածություններ եղել, որոնք կարեւոր են բանակցությունների վերսկսման համար. «Հասարակությունների առջեւ ոչ թե ռազմահայրենասիրական ոգով ներկայանալը, այլ խաղաղության հռետորաբանությամբ ներկայանալը կարելի է տեսնել հայտարարության տողատակերում:
Ադրբեջանը, ե՛ւ Հայաստանը լավատեսություն են հայտնել, ընդ որում, Ադրբեջանը՝ չափազանց ուռճացված, իսկ հայկական կողմը բավականին համեստ: Բնականաբար, բանակցությունների տեսության տեսանկյունից միջնորդները փորձում են առաջին հերթին ձեւավորել միջավայրը: Ես այդ հայտարարության մեջ այլ տողատակեր չեմ տեսնում, ու չեմ էլ կարծում, որ ավելին կա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ