Բաբկեն Թունյանին առաջադրել են ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում: ԱԺ-ում հարցի քննարկման ժամանակ Տարոն Սիմոնյանն ասաց. «Իմ ուսանողները իրավաբանական տեխնիկայի տեսանկյունից Հարկային օրենսգրքի ամեն հոդվածում 5 սխալ են հայտնաբերում»: Դա, ըստ նրա, դիտավորյալ են արել նախկին օրենսդիրները՝ փորձելով խրթին հոդվածներով մոլորության մեջ գցել հարկատուներին:
Սիմոնյանն ասաց, որ նման դիտավորությունը պետք է բացառվի: Թունյանը համաձայնեց, որ իսկապես տարբեր տեղերում եղել են թակարդներ ու մեկ ստորակետի տեղի փոփոխությունը իմաստն է փոխում ու կարող է տարընթերցումների տեղիք տալ: Դրա համար է, որ մեր գործարար համակարգը Հարկային ցանկացած փոփոխությանը վատ է վերաբերվում. «Անկախ նրանից, թե ինչքան լավ բան են ուզում անել, մարդիկ մտածում են՝ տեսնես պետությունը մեզ որտե՞ղ է ուզում «քցել»:
Բաբկեն Թունյանն ասաց, որ տնտեսական հեղափոխությունը բոլորի ուսերին է: Նա նշեց, որ եթե Հարկային օրենսգրքում նման միտումնավոր թակարդները չհանեն, նշանակում է բան չի փոխվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ