Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ԱԺ տարածքային, տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ասաց. «ԼՀԿ-ն ե՛ւ նախընտրական շրջանում,եւ հիմա համոզված ենք, որ մարզպետարանների դերը պետք է թուլացվի: Այդ կառույցի դերը, որպես ինստիտուտ, պետք է թուլացվի:
Մենք գիտենք, որ այսօր շարունակվում են ճնշումները համայնքների ղեկավարների վրա, համայնքի ավագանու վրա: Ես տպավորություն ունեմ, որ գործադիրի ամենաբարձր մակարդակով նաեւ միջամտություն է տեղի ունենում նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների վրա»: Նա հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Վարազդատ Կարապետյանին հարցրեց՝ ուզում եմ հասկանալ, ինչպիսի՞ տեսլական ունեք դուք համայնքային ապակենտրոնացման օրակարգն իրականություն դարձնելու մասին:
Կարապետյանը պատասխանեց, որ պետք է գնան առավելագույն ինքնակառավարման, հնարավորինս մեծացնեն ՏԻՄ լիազորությունները ու ցանկացած hարց, եթե ի վիճակի է կարգավորել, պետք է իրենց պատվիրակվի ու համապատասխան ֆինանսական միջոցներ:
Արձագանքելով Սամսոնյանի հայտարարությանը, թե գործադիրի ամենաբարձր մակարդակով միջամտություն է տեղի ունենում նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցների վրա՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց. «Տիկին Սամսոնյան, խնդրում եմ ձեզ նման դեպքերում տեղյակ պահեք, ճնշումների մասին խոսեցիք, դուք ԱԺ պատգամավոր եք եւ առաջարկում եմ ձեզ նման դեպքերում տեղյակ պահել բոլորիս դրա մասին: Սա այն դեպքը չի, երբ նման հայտարարությունները կարող են անհետեւանք մնալ, եթե կոնկրետ օրինակ կա, խնդրում եմ դրանք մյուս անգամ նշել,վստահեցնում եմ ձեզ, մենք բոլորով կզբաղվենք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ