Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության եւ մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Փարիզում ավարտվեցին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունները՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ:
Չորս ժամվա բանակցությունների արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածեցին հայտարարություն: Ոչ մի առանձնահատուկ և նոր բան հայտարարության մեջ չկա: Բայց, ելնելով Հայաստանում տիրող իրավիճակից և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, համաձայն որի անհրաժեշտ է Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին, անցկացված բանակցությունների հանդեպ ցուցաբերված է բարձր հետաքրքրություն, և ոչ միանշանակ արձագանք մեր հասարակություններում:
Հատկապես ցավալի է ընդունել՝ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել» արտահայտությունը: Բոլորին հետաքրքրում է, թե ինչպես պետք է ժողովրդին պատրաստել խաղաղության: Հարց է առաջանում. արդյո՞ք դա Լավրովի պլանին վերադարձ չի նշանակում՝ ենթադրելով տարածքների հանձնում՝ համաձայն պետության կազմավորման անհրաժեշտության տարրի:
Եթե դա այդպես է, ապա Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ Արցախի Հանրապետությունում ոչ ոք լրջությամբ չի դիտարկելու նման պլանը և այդ հիմքի վրա ցանկացած համաձայնություն: Ավելին, ամբողջ արցախյան ժողովուրդը այն թշնամաբար կընդունի: Ուզում եմ հավատալ, որ հայկական ղեկավարությունը նման պլաններից հեռու է՝ չնայած, որ փաստերը այլ բան են ասում:
Վերջերս հայկական բանակում սպայական կազմի լուրջ, ոչ մտածված կրճատումները հսկայական վնաս են հասցնում անվտանգության ամբողջ համակարգին: Եվ դա հնարավոր է կապված լինի բանակցությունների գործընթացի հետ: Հուսով եմ, որ բանակում ղեկավարման պրոֆեսիոնալիզմը կհաղթի հայկական բանակի ներկայիս ղեկավարության մոտեցումներին, և բանակը արժանապատիվ աջակցություն կստանա ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակության կողմից:
Միայն ուժեղ բանակի շնորհիվ է հնարավոր վարել լավ դիվանագիտություն և պաշտպանել ինչպես մեր երկու ինքնիշխան պետությունների, այնպես էլ ողջ հայ ժողովրդի շահերը: Վերջում կցանկանայի մեկ անգամ ևս հիշեցնել մեր օպոնենտներին. մեր ժողովրդի միջև խաղաղությունը հնարավոր է միայն պատմական իրականության ճանաչման և բարի կամքի արտահայտման դեպքում: Մենք Արցախում պատրաստ ենք խաղաղության միայն մեր պայմանների դեպքում և պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը և մեր սկզբունքները ցանկացած ոտնձգություններից»: