Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայերին Բաքվում տանջամահ են արել, այրել, պատշգամբից նետել, բայց ոչ ոք դա չի բնորոշել որպես ցեղասպանություն. Մարինա Գրիգորյան

Հունվար 17,2019 19:55

«29 տարի է անցել Բաքվի ջարդերից, բայց որևէ կառույցի, պետության՝ անգամ Հայաստանի կողմից այդ իրադարձությունները չեն գնահատվել որպես ցեղասպանություն»,- «Նովոստի–Արմենիա» մամուլի կենտրոնում «Լռությունը կարող է նոր ցեղասպանության պատճառ դառնալ». հայերի ջարդերը Բաքվում 29 տարի անց» թեմայով ասուլիսին մտահոգություն հայտնեց Արցախի հարցով փորձագետ, «Սովորական Ցեղասպանություն» նախագծի համակարգող Մարինա Գրիգորյանը:

Նա նշեց, որ թեման պատահական չէ ընտրված. «Լռությունը կարող է նոր ցեղասպանության պատճառ դառնալ». այդ խոսքերը վերցված են հենց այն բաց նամակից, որը տպագրվել է 1990-ի հունիսին՝ Բաքվի ջարդերից ընդամենը մի քանի ամիս անց, որն ուղղված էր միջազգային հանրությանը: Մարինա Գրիգորյանը պատմեց. «Այդ բաց նամակը ստորագրվել էր միջազգային ճանաչում ունեցող ավելի քան 130 իրավապաշտպանների, հասարակական գործիչների, լրագրողների, գրողների կողմից: Սա առաջին փաստերից մեկն է, որ Բաքվում տեղի ունեցածը որակվում էր որպես ցեղասպանություն»:

Արցախի հարցով փորձագետը հույսեր է կապում ՀՀ նորընտիր խորհրդարանի հետ. «Մեծ հույս ունեմ, որ հաջորդ տարի, երբ  կլրանա Բաքվում հայերի ցեղասպանության 30-րդ տարելիցը, մեր նորընտիր խորհրդարանը կընդունի նման փաստաթուղթ»:

Մարինա Գրիգորյանի համոզմամբ՝ Բաքվի ջարդերը տեղի ունեցան, քանի որ Սումգայիթի համար Ադրբեջանը պատիժ չկրեց. «Ադրբեջանը հասկացավ՝ Սումգայիթի համար պատիժ չի կրելու և անցավ ակնհայտ հակահայկական քաղաքականության: Սկսած ապրիլ-մայիսից Բաքվի հայերին զանգվածային հեռացնում էին աշխատանքից, վիրավորում խանութներում, տրանսպորտում, հիմնարկներում նրանց փաստաթղթեր չէին տալիս, սպանում, սպառնում էին. ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Բաքվի՝ ավելի քան 250 հազարանոց հայ համայնքը, որն ուներ փառավոր պատմություն, հայտնվեց դժոխքում: Միակ ճանապարհը Բաքուն լքելն էր: 1988-1989 թվականներին հայերի հիմնական մասը լքեց Բաքուն և այն քաղաքը, որտեղ իրենց նախնիներն էին ապրել: Այն քաղաքը, որի պատմության մեջ հայերը մեծ, ականավոր, փայլուն ներդրում ունեին»:

Մարինա Գրիգորյանը պատմեց, թե ինչպես են հայերին  ամենադաժան ձևերով սպանել՝ տանջամահ անելով, պատշգամբից նետելով, այրելով, նրանց վրա հարձակվելով, կողոպտելով. «Դա արվում էր բացահայտ կերպով: Բայց ոչ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարությունը, ոչ Մոսկվան՝ կենտրոնական իշխանությունները, ոչինչ չեն արել այդ մեկ շաբաթվա ընթացքում, որ ցեղասպանությունը կանգնեցնեն, կանգնեցնեն ջարդերը»:

Ըստ փորձագետի՝ դա կազմակերպված էր Ադրբեջանում պետական մակարդակով, ինչի մասին վկայում են փաստեր. կային կազմված քարտեզներ, որտեղ նշված էին հայերի՝ խիտ բնակեցված վայրերը, լայնածավալ հակահայկական քարոզչություն էր սկսվել, որին մասնակցում էին ադրբեջանական մտավորականության ներկայացուցիչները. իրավապահները ոչինչ չէին անում:

Դառնալով Ադրբեջանի՝ ներկայիս քաղաքականությանը և այն աղմուկին, որ բարձրացվում է ամեն հունվարին, Մարինա Գրիգորյանն ասաց. «Ադրբեջանի հիմնական նպատակներից  մեկն է լռության մատնել և մոռացության մատնել այն, ինչ կատարվեց այդ շաբաթվա ընթացքում, որը նախորդում էր հունվարի 20-ին: Ադրբեջանում սկսեցին խոսել, որ անձամբ Հեյդար Ալիևն է շահագրգռված եղել դրանում: Ադրբեջանցի հայտի իրավապաշտպան Արիֆ Յունուսովը հանդես եկավ այդպիսի պնդմամբ և նրա խոսքով՝ հենց Հեյդար Ալիևի կամքով են եղել այդ ջարդերը: Պարզ է, որ սրանից հետո Իլհամ Ալիևը շատ ավելի կատաղի կերպով փորձում է հերքել պատմական իրադարձությունները: Ադրբեջանում մոռանում են, որ այդ ողբերգության ականատեսները դեռ ողջ են և ամեն ինչ շատ լավ հիշում են»:

Փորձագետ Գրետա Ավետիսյանը փաստեց՝ Ադրբեջանը միջազգային հանրությանը փորձում է ներկայացնել իբրև դրական, կառուցողական քայլեր՝ Բաքվի, Թբիլիսիի պլատֆորմը, բայց ակնհայտ էր, որ դրանք հստակ Բաքվի իշխանությունների կողմից նախագծեր էին և ուղղված էին տապալելու ժողովրդական դիվանագիտությունն ու նրա արդյունավետությունը. «Այս տարիներին Բաքվի ձեռագիրը չի փոխվել: Հիշենք Ռամիլ Սաֆարովի դեպքը, ապրիլյան քառօրյայի ընթացքում հայ զինծառայողների գլխատումը, Թալիշում անօգնական ծերերի խոշտանգումները, որից հետո ադրբեջանական ԶԼՄ-ներն այդ դաժանությունները կատարողներին հերոսացնում էին»:

Ըստ փորձագետի՝ Ադրբեջանն իրեն այսպես է դրսևորում նաև այն պատճառով, որ միջազգային հանրությունը միայն կոչերով է դիմում Ադրբեջանին, այլ ոչ հստակ գործողություններով: Գրետա Ավետիսյանը նշեց՝ մենք պիտի թիրախում ունենանք երկու ուղղություն՝ և′ սեփական, և′ միջազգային հանրությանը իրազեկենք. «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ անգամ մեր սեփական հանրության շրջանում կան շերտեր, որոնք ոչ այնքան լավ են իրազեկված Բաքվի, Սումգայիթի, Մարաղայի դեպքերի մասին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031