Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ շուքով տոնում ենք Քրիստոսի ծնունդը, իսկ մեր ապրելակերպով լրիվ հեռանում նրա ուսմունքից՝ քրիստոնեությունից

Հունվար 17,2019 22:00

Ամեն տարի հունվարի 6-ին մեծ շուքով տոնում ենք մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ծնունդը, իրար բարեմաղթանքներ փոխանցում այդ հրաշափառ տոնի առիթով, ծանոթ-անծանոթներով գրկախառնվում ենք իրար, մեր մեջ ամփոփված սերը ինքնաբուխ գլուխ է բարձրացնում և հորդում բոլոր ուղղություններով, փարվելով և բաժին հասնելով բացառապես բոլորին: Տիրոջ ծննդյան առիթով իրար մեծ Ավետիս ենք մաղթում և ամեն տարվա այդ օրը թվում է, որ վերջապես այդ պահից սկսած՝ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մարդիկ սկսելու են ապրել քրիստոնեաբար և շարունակության մեջ բոլորիս միմիայն ուղեկցելու է սերը միմյանց նկատմամբ: Որքան էլ անցանկալի է, սակայն նույն կերպ, ամեն տարվա հունվարի 7-ից սկիզբ է առնում մեր սպասելիքներին  տրամագծորեն հակառակ կյանքը և մեկ բառով ասած՝ դարձյալ սատանայի իշխանությունն է մտնում իր տարերքի մեջ:

Ասվածի բացատրությունը կայնում է հետևյալում. եթե մեր հոգում նստած չէ Քրիստոսը, որպեսզի մաքրի մեր հոգիները և պատնեշի երախը բացած սատանայի մուտքն այնտեղ, ապա էլ ինչ զարմանք, որ այն հեշտորեն թափանցել ու մշտապես էլ թափանցելու է մեր հոգիներից ներս, թելադրելու ու ղեկավարելու է մեզ, որի արդյունքում մենք մինչ այժմ ինչպես կատարել, այսուհետև էլ կատարելու ենք լոկ նրա կամքը: Թող ասվածից տպավորություն չստացվի, որ կյանքի ընթացքը հենց այդպիսին պետք է լինի ու մարդկությունն այլ ճանապարհ չունի: Իհարկե, սատանան բացասական նշանով ահռելի մեծ ուժ ունի, սակայն եթե տուրք չտանք նրա ցանկություններին և առաջնորդվենք Տիրոջ պատվիրաններով, ապա հանգիստ կարելի է մշտապես զերծ մնալ նրա ճիրաններից: Ցավոք, մարդկային էգոիզմը, ագահությունը այնքան խորը արմատներ է գցել մարդկանց հոգիներում, որ անողոքաբար ջնջում է Տիրոջ կողմից մարդուն տրված ողջ դրական դաշտը, ակամայից ջուր լցնելով սատանայի ջրաղացին: Եթե մարդը անգիտակցաբար է գնում վատ արարքների, դա լիովին այլ խնդիր է, իսկ եթե հանուն շահի է գնում դրան, ապա արդարացումներ միշտ և որքան ցանկանանք, կարող է փորձել գտնել, այնպես որ այս դեպքում խոսել հավատքի, արդարության, սիրո մասին, ընդամենը ծիծաղելի է: Եվ այս ամենը լոկ այն պատճառով, որ նման մարդիկ Տիրոջը չեն ճանաչում, իսկ այլոց ճակատագրերն իրենց ընդհանրապես չի հետաքրքրում:

Մեղք են ու մեղավոր այն մարդիկ, ովքեր մինչև այժմ չեն հասկացել, որ աշխարհում ապրող բոլոր մարդիկ մի մեծ ընտանիքի անդամներ են ու ունեն մեկ հայր՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, որը բոլորին սիրում է հավասարապես: Եվ երբ ցանկացած մեկը հայտնվում է մոլորության մեջ ու փորձում է իրեն ավելի բարձր դասել մնացածներից՝ իր քույր, եղբայրներից կամ այլ խոսքով, նրա ներսում գլուխ է բարձրացնում հպարտության մեղքը, ապա Տերն այդ դեպքում ամենախիստ պատիժը կարող է տալ նրան: Մշտապես մի բան պետք է հիշենք, որ բոլոր մարդիկ լույս աշխարհ են եկել Տիրոջ կամքով, բոլորս նրա զավակներն ենք և բացարձակապես անհնարին է, որ Տերը տարբերություն դնի իր զավակների միջև կամ թույլ տա, որ որևէ մեկը մնացածների նկատմամբ հայտնվի ավելի արտոնյալ վիճակում: Ավելին, Տերը սահմանել է հստակ կանոններ՝ պատվիրաններ, որով մարդիկ պետք է հարաբերվեն միմյանց հետ: Խախտելով այդ պատվիրանները, մենք դրանով ևս թուլացնում ենք մեր միասնությունը և դարձյալ ճանապարհ հարթում սատանայի համար, ով գիշեր-ցերեկ սպասում է հենց նման հարմար հնարավորության: Սատանան մշտապես մեկ հիմնական անելիք ունի. հետևում է,  թե երբ կթուլանա Տիրոջը և մարդկանց կապող ցանցի գեթ մեկ հանգույցը, որտեղից ինքը կարող է ազատորեն թափանցել այդ ցանցից ներս ու սկսել լափելով քայքայել ողջ ցանցը և այնտեղ հաստատել իր տիրապետությունը:

Այս պարագայում մեր հիմնական խնդիրը պետք է լինի դա թույլ չտալը, հետևաբար պետք է գիտակցենք, որ սատանայի իշխանության դեմը լիարժեք փակելու համար մի պարզ բանաձև կա. մարդը երբեք չպետք է արհեստականորեն փոփոխի իր այն դիրքն ու դերը, որոնք նրան պարգևել է Տերը, քանզի նման դեպքում ևս նա թուլացնում է վերը նշված ցանցի կապերն ու հանգույցները: Ցավոք, շատ մարդիկ այսօր էլ մի պարզ բան չեն հասկանում, որ Տերն արտոնելով իրենց ծնունդը, այնպես է արարել նրանց հոգիները, որ այնտեղ պետք է մշտապես թագավորի Տիրոջ ներկայությունը,  այլապես նրանք դառնալու են մոլորյալներ ու ակամայից կատարելով սատանայի կամքը, շարունակաբար թաղվելու են մեղքերի մեջ: Իսկ դա ոչ այլ ինչ է, քան մարդու հոգում չարի, նախանձի լիակատար առկայություն, որոնցով հարաբերվելով կողքիններին հետ, վարակելու է նաև նրանց: Չարը ոչ միայն աղտոտում է մարդկային հոգիները, այլև այնպես է լվանում նրանց ուղեղները, որ նրանք ուղղակի ի վիճակի չեն լինում գնահատել իրենց կատարած քայլերը:

Բնական է, որ այս պարագայում սիրո, հանդուրժողականության, կամեցողության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող և մարդկային հարաբերություններն ակամայից հայտնվում են չարի, նախանձի որոգայթում: Այս ամենի հետևանքով Տիրոջ կողմից մեզ տրված երանելի կյանքի հնարավորությունը սատանան առհավետ փակում և մեզ հրամցնում է իր իշխանությունը: Եվ որպեսզի մարդիկ միմյանց նկատմամբ չլցվեն չարությամբ ու նախանձով, այլ իրար հետ հարաբերվեն լոկ սիրով ու ջերմությամբ, պետք է որդեգրեն միակ Ճանապարհը, այն է. բոլորս պարտավոր ենք արագ զգոնանալ, վայրկյան շուտ մեր հոգիներից վռնդել սատանային և այնտեղ տեղավորել մեր  Սուրբ Տիրոջը, ով կիմաստավորի, կթեթևացնի, կհեշտացնի բոլորիս կյանքը:

Համարյա միշտ և համարյա ամենուր մարդիկ մշտապես բարձրաձայնում են անարդարությունների, պատերազմների, նախանձի, դավաճանությունների, սպանությունների, գողությունների և նմանատիպ բազմապիսի բացասական այլ երևույթների մասին, դժգոհություններ հայտնում այդ իրողությունների հետ կապված և ցավոք չեն էլ փորձում հասկանալ, որ այդ բոլորի միակ պատճառն այն է, որ մենք մեր միջից հոժարակամ հանել ենք մեր Սուրբ Տիրոջը, որի փոխարեն այնտեղ բուն է դրել սատանան, որը մշտապես մարդկությանը մղելու է նմանատիպ քայլերի և խաթարելու է աշխարհի ու մարդկության անդորրը…

Մարդկային կյանքը բավարար չէ կյանքի ամբողջական վերլուծության և այնտեղ տիրող բացասական երևույթների ողջ սպեկտրի վեր հանման ու դրանց շտկման համար, այնպես որ այդ ամենից փրկվելու միակ բանաձևը հետևյալն է. մարդիկ, ընդամենը մի պարզ բան պետք է հասկանանք, որ կյանքն ընդամենը ակնթարթ է և այդ ակնթարթն իմաստավորված ու արդարացված է, եթե զերծ ենք սատանայի իշխանությունից և ապրում ենք զուտ քրիստոնեաբար՝ վայելելով կողքինների սերը:

Ասվածից հետևությունը մեկն է. որքան մարդկությունը շարունակի իր քայլերը կատարել առանց Տիրոջը կրելու իր ներսում, հետևաբար առանց առաջնորդվելու Տիրոջ պատվիրաններով, այնքան կյանքը պատվելու է նեգատիվ երևույթներով, որը մշտապես խաթարելու է մարդկային հոգու անդորրը ու չարը մշտապես փորձելու է շարունակական, անընդհատ դարձնել այդ իրավիճակը, որն էլ ժամանակի ընթացքում աշխարհը կտանի կործանման: Կրկնում եմ, այս ամենից փրկության միակ ճանապարհը Տիրոջ հովանու ներքո՝ նրան մեր մեջ կրելով և նրա պատվիրաններով ապրելն է, որը կխաղաղեցի ու կփրկի աշխարհը…

 

Անանիա Մաղաքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031