«Սեւակը չի դրել՝ փակում էդ ակումբները, ընդամենը լիցենզիա չի տալիս, որ էդ ձեւաչափի մեջ էդ ակումբները գործեն: Թույլտվություն տալիս է քաղաքապետարանը, բնակիչներից շատ բողոքներ կան, որ նման բաներ են լինում, այնտեղի երիտասարդները պարտքերի տակ են ընկնում, գումարներ են վերցնում, գնում են, մասնակցում են: Շատ մեծ պրոբլեմների առաջ է կանգնել ազգաբնակչությունը, պարտքեր են կուտակել, ընտեղ հարբեցողության տեղ է: Դեպքեր են եղել, դանակահարություն, կարաք դիմեք ոստիկանություն, կասեն» խորհրդարանում լրագրողների հետ զրույցում իր քաղաքապետ որդու`Սեւակ Միքայելյանի քայլն այսպես բացատրեց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Հիշեցնենք, Հրազդանի քաղաքապետ Սեւակ Միքայելյանի կողմից Հրազդանում գիշերային ակումբների գործունեությունը դադարեցնելու որոշում է կայացվել, ինչը տեղի բնակչության որոշ մասին դժգոհությունների առիթ է տվել:
Նա հստակեցրեց` խոսքը 10 ակումբի մասին է: Իսկ այդ որոշման առիթով քննադատություններին էլ պատասխանում է` պարտադիր չէ գիշերային ակումբներն այդ ձեւաչափով գործեն, թող լինեն ակումբներ, որտեղ մարդիկ իրենց ժամանցը կանցկացնեն: Նա պնդում է, որ իր քաղաքապետ որդին կամայական որոշում չի կայացրել, այլ ընդառաջ է գնացել ազգաբնակչության բողոքներին: Լրագրողի դիտարկմանը`դրանք հասարակաց տա՞ն կարգավիճակ են ունեցել, պատասխանեց. «Ես նման բան չասացի, բայց ազգաբնակչությունը բողոքում է»:
«Ես չգիտեմ՝ ես 60 տարեկան տղա եմ, կյանքիս մեջ գիշերային ակումբ չեմ գնացել, չգիտեմ ինչեր են կատարվում»,- ասաց նա` հավելելով, որ ինքը չի խառնվում Սեւակի գործերին, բայց այս տարիների ընթացքում որպես պատգամավոր միշտ այդ բողոքները լսել է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ