«Քաղաքական մեծամասնությունը պետք է հասկանա, որ դուք այլեւս երկար ժամանակ է, ո՞նց բացատրեմ՝ երկար վախտ է՝ իշխանություն եք: Իմացեք, որ ձեզ պետք է ասեն մարդու իրավունքների խախտումների հետ կապված: Ալեն Սիմոնյանն ասում է՝ էդ մե՞զ եք ասում, այո՛, հենց ձե՛զ եմ ասում, որովհետեւ դուք եք թիվ 1 պատասխանատուն»,- «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ելույթին, որն ուղղված էր իրեն:
Հիշեցնենք, որ այսօր Էդմոն Մարուքյանը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ ասաց, որ երկրում այնպիսի իրավիճակ է, որ բոլորն, այդ թվում ինքը, ուրախ են, որ հեղափոխություն է եղել, բայց կան մարդու իրավունքների խախտումներ, որոնց մասին խոսողներ չկան: Նա քննադատեց իշխանություններին, ինչից հետո Ալեն Սիմոնյանն արձագանքեց՝ «հլը մի հատ տեսեք ում ինչ եք ասում»:
Մարուքյանի խոսքով՝ դեռ ամբողջական զգացողություն չկա, որ դու իշխանություն ես ու դու պատասխանատու ես ինչ-որ մեկի համար, որը, օրինակ, փնթի գործ է քննել, բայց այդպես է. «Մենք իշխանության քաղաքական առողջացմանը միտված ելույթներ ենք հնչեցնում, փոխանակ շնորհակալ լինեք, ասում եք՝ մի՛ արեք այդպես, ինչո՞ւ եք դա անում, պարոն Մարուքյան: Ի՞նչ չանենք, չաշխատենք, չբարձրաձայնե՞նք, ի՞նչ եք ուզում, որ անենք, ուզում եք ձեզ գովա՞նք: Պարոն Սիմոնյան, ասում եք՝ պարոն Մարուքյանը ելույթ ունեցավ, ոնց որ կոնկրետ չէր: Պարոն Մարուքյանի ելույթը էնքա՜ն կոնկրետ էր, որ եթե այդ թեզերը այդքան հերթով տարբեր ալիքների տեսքով ձեզ հասավ, հլը դրա ալիքները հասնելու է: Եթե այս պահին չեք մարսել, ընթացքում կմարսվի, կարող եք մի հատ էլ դիտել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ