Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սուպերվարչապետության ինստիտուտը ժամանակի ընթացքում կնվազի. Ալեն Սիմոնյան

Հունվար 17,2019 18:20

«Լրջագույն փոփոխություններից ես տեղյակ չեմ, գիտեմ, որ ամեն ինչ արվում է, որպեսզի հաշվի առնվի յուրաքանչյուր քննադատություն»,-խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը`պատասխանելով հարցին`խոսակցություններ կան, Կառավարության կառուցվածքի մասին նախագծում լրջագույն փոփոխություններ են կատարվել: Ալեն Սիմոնյանը չի կարծում, թե նոր նախագիծը նախնական տարբերակից շատ կտարբերվի:

Խոսակցություններ կային, որ նախագիծը խորհրդարան պետք է բերվեր այս նիստի ժամանակ: Սակայն չի բերվել: Ալեն Սիմոնյանը բացատրում է` նախագիծը կհասնի այն ժամանակ, երբ պատրաստ կլինի:

Նա միայն ասաց, որ սուպերվարչապետության ինստիտուտը գնալով նվազելու է, բայց ամեն ինչ արվելու է ժամանակի ընթացքում`կտրուկ քայլերից խուսափելու համար. «Մենք դա անելը սկսել ենք շատ ավելի վաղ, այսինքն՝ այդ քաղաքական կամքը կա: Կոնկրետ գործողություններ արդեն արվեն: Այսօր ԱԺ երրորդ նիստն է, եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ ժամանակի ընթացքում այդ հարցը կլուծվի: Ինչ վերաբերում է սուպերվարչապետության վերաբերյալ նախկինում հնչեցված թեզերին, եկեք մի բան էլ հաշվի առնենք, որ նաեւ շատ կարեւոր էր, թե ում համար է արվում, ինչ ժամանակահատվածում եւ ինչով է դա հղի հետագայում: Հիմա կտրուկ քայլեր չենք անում, բայց հանկարծ որեւէ մեկը չմտածի, որ մենք խուսափում ենք: Ուղղակի ուզում ենք մի բանը հարյուր անգամ չանենք»:

Ալեն Սիմոնյանը վստահեցնում է, որ պետական ուռճացված ապարատը կնվազեցվի բոլոր ուղղություններով`առանց բացառությունների եւ խորհրդարանական հանձնաժողովների ձեւավորումից հետո աշխատանքները կսկսվեն: Դիտարկմանը, որ մարզպետարաններում կարելի էր ուռճացված ապարատն առանց օրենսդրական նախաձեռնությունների էլ կրճատել, նա պատասխանեց, որ չեն ցանկացել կտոր-կտոր անել գործը:

Ավելի վաղ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանն էլ այս հարցի վերաբերյալ ասել էր. «Այս նստաշրջանը չի ավարտվել: Առաջին նստաշրջանն ավարտվում է կառավարության ծրագրի հաստատմամբ, այսինքն՝ ամբողջ օրակարգի սպառմամբ: Բայց ԱԺ կանոնակարգով հստակ սահմանվում է, որ առաջինից հինգ հարցերը պետք է ամենօրյա ռեժիմով քննարկվեն: Խորհրդարանը դադար է վերցնում հինգերորդ հարցի, այսինքն՝ մշտական հանձնաժողովների հարցի քննարկումից հետո: Դրանից հետո խորհրդարանը կարող է դադար վերցնել, հետո անցնել մյուս երկու հարցերին՝ կառուցվածքի հնարավոր փոփոխության հարցին եւ կառավարության ծրագրին»:

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն էլ լրագրողների հետ զրույցում անհանգստություն էր հայտնել նախագծի ուշացման պատճառով: Իր ենթադրմամբ, նախագիծը պետք է լինի «սուպերվարչապետական համակարգի վերափոխում»:

«Հասարակության ուշադրությունը բեւեռել են Սփյուռքի եւ Մշակույթի նախարարությունների վրա, բայց այստեղ կարեւոր է Ոստիկանության, ԱԱԾ եւ հարկահավաք մարմնի հարցը, որոնք պետք է լինեն խորհրդարանական վերահսկողության ներքո: Նաեւ, կառուցվածքում չպետք է ստեղծվեն նոր մարմիններ, որոնք կրկին կավելացնեն խորհրդարանական վերահսկողությունից դուրս եղած, բայց գործադիր իշխանության գործառույթ իրականացնող մարմինների թիվը»,- ասաց նա` հիշեցնելով, որ իրենք միանշանակ դեմ են, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը շարունակեն գործել վարչապետի ենթակայությամբ: «Եթե այդ մարմինների ղեկավարները եւ մարմինները դառնան կառավարության կառուցվածքի մաս, դրանք շարունակում են մնալ վարչապետի ենթակայության տակ: Դա ֆիքսեք, հիմա արդարադատության նախարարությունը ինստիտուտ է կառավարությունում, այդ նախարարն ո՞ւմ է ենթարկվում, կարո՞ղ է Արարատ Միրզոյանին է ենթարկվում: Վարչապետին  է ենթարկվում, չէ՞: Ես ձեզ հիշեցնում եմ՝ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը, ով հիմա կալանավորված է սահմանադրական կարգ տապալելու համար, այդ սահմանադրական կարգը տապալելու մեջ է մտնում նաև պետական կառավարման համակարգը ձևախեղելը: Այսինքն՝ այն, որ Ռոբերտ Քոչարյանն այդքան լիազորություն է ստացել, որտեղից է սկսվել: Սկսվել է այնտեղից, որ նա ուժային մարմինները բերել է միայն իր վերահսկողության տակ: Եվ քաղաքական որևէ պայմանավորվածություն կամ կոալիցիա ստեղծելիս դրանք չեն քննարկվել, դրանք դուրս են մնացել քաղաքական ու քաղաքացիական վերահսկողությունից»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031