Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Բաղդասարյան. ինչո՞ւ նոտարին, այլ ոչ բժշկին կամ լրագրողին, նրանք ավելի թիրախավորված են

Հունվար 17,2019 17:54

Մանվել Գրիգորյանի փաստաբանի հասցեին՝ բողոքի ցույցի մասնակիցների կողմից հնչեցրած վիրավորանքներից ու սպառնալիքներից հետո, արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է դրել մի նախագիծ: Ըստ այդմ, փաստաբանին կամ նոտարին վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, նրա ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք ներկայացնելու դեպքում նախարարությունն առաջարկում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Այն արդեն դրվել է հանրային քննարկման:

Նախագծի անհրաժեշտությունը արդարադատության նախարարությունը բացատրում է այսպես. «Վերջին շրջանում հաճախ են դարձել փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորելու եւ զրպարտելու դեպքերը: Քիչ չեն նաեւ նոտարներին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորանք հասցնելու եւ նրանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքերը»:

Նույն հիմնավորման մեջ նաեւ նշվում է, որ միայն քաղաքացիաիրավական պատասխանատվությունը արդյունավետ միջոց չի հանդիսանում վերջիններիս արժանապատվությունը եւ գործարար համբավը պաշտպանելու համար: Ուստի նախարարությունը գտնում է, որ քրեական պատասխանատվություն նախատեսելը կանխիչ նշանակություն կունենա:

Aravot.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ արդյոք խտրական մոտեցում չէ՞ միայն փաստաբաններին ու նոտարներին վիրավորանքից պաշտպանելը, այն դեպքում, երբ կան այլ մասնագիտություններ, օրինակ՝ բժիշկ, լրագրող եւ սնանկության գործերով կառավարիչ, որոնք նույնպես վիրավորանքներ են ստանում իրենց գործունեությունն իրականացնելիս: Հարցրինք նաեւ՝ ճիշտ չէր լինի՞ միանգամից վիրավորանքը քրեականացնելը, որը մեզ մոտ ապաքրեականացված է:

Պարոն Բաղդասարյանն ասաց, որ վիրավորանքն ապաքրեականացված է բացառությամբ փաստաբանների դեպքի: Այսինքն, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, Քրեական օրենսգրքի 343 հոդվածի 2-րդ մասը նախատեսում է պատասխանատվություն, եթե արդարադատության դեմ ուղղված հանցագործություն է, եթե դատավարության մասնակցի, այդ թվում նաեւ փաստաբանի նկատմամբ վիրավորանք է հնչեցվում:

Մեր հարցին՝ եթե հոդված նախատեսվում է, այդ դեպքում նախագծի անհրաժեշտությունը ո՞րն է, պարոն Բաղդասարյանն ի պատասխան ասաց, որ նախագիծը կրկնում է արդեն եղած հոդվածը: Ըստ նրա, այս դեպքում ներառյալ այն դեպքերը, երբ փաստաբանը, ասենք, փողոցում ման է գալիս եւ նրա նկատմամբ սպառնալիքներ են հնչում, նրան վիրավորում են. «Բայց այստեղ անհասկանալի է նոտարի մասը: Ես չեմ լսել, որ նոտարին ինչ-որ մեկը վիրավորի, որ դա դառնա լուրջ խնդիր: Եվ ինչո՞ւ նոտարին են դրել, եւ ոչ բժշկին, լրագրողին, որոնք ավելի թիրախավորված են, քան նոտարը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031