Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի մշտական համակարգողը Գարեգին Բ-ին է փոխանցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության երախտագիտությունը Հայոց Եկեղեցու` տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ի նպաստ ծրագրերի իրականացման կապակցությամբ

Հունվար 17,2019 17:16

Հունվարի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին՝ ուղեկցությամբ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների և ծրագրերի պատասխանատուների: Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն, ԵՀԽ Հայաստանյան Կլոր Սեղան միջեկեղեցական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Կլոր Սեղան հիմնադրամի տնօրեն Կարեն Նազարյանը:

Հանդիպման սկզբում տիար Կարեն Նազարյանը Նորին Սրբությանը ներկայացրեց պրն. Շարփի գլխավորած պատվիրակությանը՝ մասնավոր անդրադարձ կատարելով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի համագործակցությանը Մայր Աթոռի կառույցների և Կլոր Սեղան հիմնադրամի հետ և դրա հեռանկարներին:

Մայր Աթոռում այս հանդիպման առիթով իր ուրախությունը հայտնեց նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը: Վերջինս Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի կողմից ծավալվող գործունեությունը տարբեր ոլորտներում` ուղղված արժանապատիվ կյանքի պայմանների ստեղծմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, երկրի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը: Ընդգծելով ՄԱԿ-ի գրասենյակի և Հայոց Եկեղեցու առաքելության ընդհանրությունը մի շարք ոլորտներում` պրն. Շոմբի Շարփը շնորհակալություն հայտնեց ՄԱԿ-ի գործակալությունների և եկեղեցական կառույցների միջև ձևավորված գործակցության առիթով` պատրաստակամություն հայտնելով էլ ավելի ընդարձակելու այն: ՄԱԿ-ի մշտական համակարգողը փոխանցեց Վեհափառ Հայրապետին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարության երախտագիտությունը Հայոց Եկեղեցու` միջկրոնական երկխոսության մեջ հետևողական ներգրավվածության և տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ի նպաստ ծրագրերի իրականացման կապակցությամբ:

Այնուհետև ներկաներին իր օրհնությունը բերեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը` գնահատելով Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի լայնածավալ գործունեությանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ արձանագրեց ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի արդյունավետ համագործակցությունը Մայր Աթոռի կառույցների, թեմերի և Կլոր Սեղան հիմնադրամի հետ:

Նորին Սրբությունը հյուրերին հանգամանորեն ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցների գործունեությունը մասնավորապես կրթա-դաստիարակչական և սոցիալական ոլորտներում` տեղեկացնելով առաջիկա ծրագրերի մասին: Վեհափառ Հայրապետը հայտնեց, որ 2019 թվականին, Ընտանիքի տարվա շրջանակներում, Մայր Աթոռի և թեմերի կողմից կազմակերպվելու են հասարակության մեջ ընտանեկան արժեքների ամրապնդմանն ուղղված միջոցառումներ, իրականացվելու են նաև աջակցության զանազան ծրագրեր:

Զրույցի ընթացքում խոսվեց առկա գործակցության ընդլայնման հնարավորությունների մասին:

Վերջում Վեհափառ Հայրապետը ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուին և ներկայացուցիչներին մաղթեց արգասավոր գործունեություն:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031