ԱԺ-ում այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի պաշտոնում առաջադրված Անդրանիկ Քոչարյանին հարցրեց, թե ինչ կարծիք ունի ՊՆ նախկին նախարարի ազգ-բանակ հայեցակարգի մասին:
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մենք ազգ-բանակ ունեցել ենք՝ առանց դրա մասին հնչեցնելու ու զինադադարը հենց դրա համար էր, որովհետեւ ամեն ինչ բանակի համար էր, կամավորները, ամեն ինչ դուրս էր գալիս ներքեւի ճանապարհով ու ինքը բնականոն դարձել էր ազգ-բանակ: Դրանով էին պայմանավորված նաեւ մեր հաղթանակները: Դրան տալ իրավական կոնցեպտուալ ձե՞ւ՝ հրեաները տվել են: Պետք է մտածել ինչ ձեւ տալ, ոչ թե 1000 դրամ տվեցիր՝ ազգը դարձավ բանակ, այդպես չի: Դպրոցից, իր ընտանիքից սկսած՝ պետք է այդպիսի դաստիարակություն ստանա, իսկ դա երկար պրոցես է»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ հարցրեց, թե ի՞նչ պետք է անենք ռուսական սպառազինութունից 100 տոկոսով կախվածությունը թուլացնելու համար: Ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանը կարեւորեց ռազմարդյունաբերական համալիրի ներուժի օգտագործման անհրաժեշտությունը: Նա ասաց, որ պետք է ռոբոտաշինությանը զարկ տալ, հասնել նրան, որ զոհը լինի ռոբոտը, այլ ոչ թե մարդը, բայց դա ապագայի խնդիր է:
Արման Բաբաջանյանը նաեւ հարցրեց գաղտնալսումներից ու մեջբերեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի խոսքը՝ «եթե գաղտնալսում են ինձ, ՀՔԾ պետին, շատ հնարավոր է գաղտնալսեն նաեւ նախագահին, վարչապետին», ՀՀ ոստիկանապետն էլ չի բացառել, որ իրեն էլ կարող են գաղտնալսել, ուստի ՀՀ քաղաքացին այսպիսի հայտարարություններից հետո մտահոգվելու բան չունի՞:
Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Գաղտնալսման փաստը շատ վատ է, մեր պետականությունը ստացավ հարված, դրա լավագույն լուծումը պետք է լիներ գաղտնալսողին արագ հայտնաբերումը, բայց դա բարդ խնդիր է այսօր: Պետք է իրականացվի բացահայտում, պետք էր գտնել, թե այդպիսի հնարավորություն ունեցող ինչպիսի կառույցներ կային նախկինում: Նախկին իշխանությունները, ոչ միայն օգտագործում էին ԱԱԾ հնարավորությունները, այլ նաեւ իրենք պետությանը զուգահեռ ստեղծել էին իրենց գաղտնալսող սարքավորումները, օրինակ, Մաքային ծառայությունը, Արմեն Ավետիսյանի կառավարման ժամանակ ձեռք բերված տեխնիկական միջոցների եւ նրա անվտանգության համակարգի կողմից դա օգտագործելու հնարավորությունները: Պետք է պարզել՝ դրա հնարավորությունը ուներ միայն ի՞նքը, թե՞ այլ մեծահարուստ գործարարներ, այլ պետական կառույցներ, որոնց, չգիտես ինչու, տրվել էր այդ հնարավորությունը, երեւի մեկը մյուսի սիրուհիներին լսելու համար: Դա պետք է բացառել ու պետությունն իր գործառույթները պետք է չզիջի որեւէ մեկին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ