Ազգային ժողովում պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում ասաց, որ խորհրդարանական վերահսկողությունը կարեւոր է. «Նաեւ հենց այդ վերահսկողության բացակայությունը, երկրում ավտորիտար ռեժիմի հաստատումն էր դարձել պատճառ, որ մեր երկրի ուժային կառույցները, որը հատկապես անթույլատրելի է՝ ԶՈՒ-ն, ինչ-որ մի պահի օգտագործվեցին իբրեւ մահակ՝ ներքին քաղաքական հարցեր լուծելու համար: Խոսքը, բնականաբար, Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին է: Բանակային եւ ոստիկանական ստորաբաժանումները, օրվա քաղաքական ղեկավարության անմիջականորեն հանցակցությամբ, կոպտորեն խախտելով Սահմանադրությունը, մասնակցեցին քաղաքացիների պայքարը ճնշելու ամոթալի իրադարձությանը: Այս ամոթալի էջը մնալու է պատմության մեջ, սակայն մեր բոլորի պարտականությունն է հասնել նրան, որ այլեւս երբեք, ոչ մի պարագայում ԶՈՒ-ն չդառնա ներքին քաղաքական իրադարձությունների մաս»:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Հիմա էլ զինված ուժերը գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո եւ կառավարության կառուցվածքում լինելով՝ խորհրդարանական վերահսկողության ներքո են, բայց ԱԱԾ-ն ու ոստիկանությունը չեն գտնվում խորհրդարանական վերահսկողության ներքո, ի՞նչ կարծիքի եք, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պիտի նախարարությունների տեսքով ներառվեն կառավարության կազմի մեջ ու վերադառնան խորհրդարանական վերահսկողություն. Հիշեցնեմ, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը Ռոբերտ Քոչարյանն էր հանել կառավարության կազմից, որ ԱԺ վերահսկողությունից դուրս լինի»:
Անդրանիկ Քոչարյանն արձագանքեց, որ Ռոբերտ Քոչարյանը դա արեց Հոկտեմբերի 27-ից հետո ու հեռացրեց նաեւ Վաղարշակ Հարությունյանին՝ Սահմանադրության խախտմամբ, այնպես որ, Ռոբերտ Քոչարյանի մասնագիտացումը, որպես Սահմանադրություն խախտողի, քննարկելու խնդիր չկա: Անդրանիկ Քոչարյանը դեմ չէր, որ ԱԱԾ-ի ու ոստիկանության կարգավիճակները փոխվեն ու դառնան ավելի վերահսկելի: Ա. Քոչարյանն ասաց, որ նախկինում եղած խնդիրները պետք է լուծեն, նախկինում չեն լուծվել՝ դրա համար էլ ավտորիտար երկիր էր, իսկ այսօր նոր Հայաստանում փոփոխությունների շեմին ենք կանգնած, այդ փոփոխությունները տեղի ունեցան, հիմա պետք է ճիշտ գնահատական տալ, կառույցները վերադասավորել ճիշտ, որ էֆեկտիվությունը լինի բարձր»:
ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը հարցրեց, թե ի՞նչ է մտածում Անդրանիկ Քոչարյանը 18 տարեկաններին առաջնագծից հանելու մասին: Քոչարյանը պատասխանեց, որ ինքը դրա մասին վաղուց է խոսում, պարզապես ֆինանսական խնդրի հարց կա: Եթե առաջնագծի զինվորներին բարձր աշխատավարձ տան, աշխատավարձը, ըստ նրա, նաեւ տնտեսության մեջ կդրվի ու տնտեսական ազդեցություն կապահովի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ