Կառավարությունը 2018 թվականի նոյեմբերի 29-ին փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշումներում: Համաձայն դրա՝ առաջարկվում է փոփոխել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության եւ նրանց ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում տրվող նպաստների չափերը: Որոշումն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի 1-ից:
«Ծերության սոցիալական նպաստի չափը նախկին 16.000 դրամի փոխարեն հիմա դարձել է 25.500 դրամ, 1-ին խմբի հաշմանդամության տրվող գումարի չափը եղել է 21.500 դրամ, 2-րդ խմբին՝ 19.000 դրամ, իսկ 3-րդ խմբի համար գումարի չափը կազմել է 16.000 դրամ, հիմա բոլորը դարձել է 25.500 դրամ: Իսկ կերակրող կորցնելու դեպքում սոցիալական նպաստի չափը նախկինում եղել է 16.000 դրամ, հիմա դարձել է 25.500 դրամ», -ասաց Սոցիալական ապահովության ծառայության Վանաձորի տարածքային բաժնի պետ Արմեն Փոթինյանը:
Սակայն պարզվում է` կառավարության այս որոշումը վերաբերում է ոչ բոլորին։ Ավելացվել են միայն հստակ սահմանված՝ 16.000, 19.000 եւ 21.500 դրամ կազմող թոշակներն ու նպաստների չափերը, մյուսները մնացել են անփոփոխ: Սա էլ առաջացրել է բնակիչների դժգոհությունը:
Արմեն Փոթինյանը նշում է, որ մի քանի օր շարունակ բնակիչների հոսքը չի դադարել Վանաձորի տարածքային բաժին: Վերջիններս փորձել են հասկանալ իրենց տրվող գումարի չփոփոխվելու պատճառը. «Մարդիկ եկել են մեզ մոտ,«թեժ գծի» համարն էին ուզում, որ հասկանան, թե ո՞րն է խնդիրը: Խնդիրն այն է, որ մարդիկ կան, որ իրենք ստանում են ոչ թե մինիմալ 16.000 դրամ, այլ 17.400 դրամ: Այդ 17.400 դրամները չեն ավելացել, իսկ 16.000 դրամներն ավելացել են: Այսինքն, հստակ սահմանված գումարներն են փոփոխվել: Մենք գրություն չենք ստացել, բայց համացանցում գրված է, որ խոստանում են, որ մարտ ամսին իրենց էլ կփոխհատուցեն հունվար, փետրվար ամիսների չստացած գումարները: Եվ կառավարության որոշման մեջ փոփոխություն կկատարվի»:
Արմեն Փոթինյանը տեղեկացրեց, որ բացի գումարային փոփոխությունը, այս տարի փոփոխություն է կատարվել նաեւ առցանց դիմումների հետ կապված գործընթացում: Այսուհետ քաղաքացին կարող է առանց տնից դուրս գալու, առցանց տարբերակով մուտքագրել երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումը, մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմումը եւ թաղման նպաստի դիմումը:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ