Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասել ենք նրան, որ թերթի խմբագիր է բողոքում իշխանություններից». Էդմոն Մարուքյան

Հունվար 17,2019 15:57

«Մարդու իրավունքները հետհեղափոխական Հայաստանում»,- այսօր խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի հարցի քննարկման ժամանակ իր ելույթն այսպես վերնագրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը` նկատելով, որ երկրում այնպիսի իրավիճակ է, որ բոլորն, այդ թվում ինքը, ուրախ են, որ հեղափոխություն է եղել, բայց կան մարդու իրավունքների խախտումներ, որոնց մասին խոսողներ չկան: Իսկ այն մարմիններն ու ինստիտուտները, որոնք կոչված են խոսելու, վախեցած են իրենց վրա ֆեյսբուքյան կամ տարբեր տիպի հարձակումներից:

«Բոլորս պետք է իմանանք, որ Հայաստանում մարդու իրավունքների վիճակն այնքան էլ լավ չէ»,- հայտարարեց Էդմոն Մարուքյանը հիշեցնելով, որ «շատ ուրախ այս ընթացքը» պետք է ընթանա` հաշվի առնելով ՀՀ Սահմանադրությունը, մեր միջազգային պարտավորությունները եւ ոչ մի բան չքողարկվի «տարբեր ձեւաչափերով ընթացող ինչ-որ պրոցեսներով»:

«Ոչ մի բան չի կարող արդարացնել մարդու իրավունքների խախտումը. ով ուզում է լինի, ինչ ուզում է լինի: Ուզում է հայտարարեն թշնամի`ապագայում կամ անցյալում տեղի ունեցած ինչ-որ բաների համար: Վառել, կախել, ցցին հանել… այս է այսօր Հայաստանում հռետորաբանությունը եւ ամեն ինչ`թացը չորի հետ վառվում գնում է»,- ասաց պատգամավորը` նկատելով, որ ԵԽԽՎ պատվիրակության անդամները վաղը-մյուս օրն այս հարցերին ստիպված են լինելու պատասխանել:

Ինքն անհանգիստ է եւ չի կարող հանգիստ նայել, թե ինչպես է փաստաբանը ուզում գնալ իր պաշտպանյալի դատին մասնակցել, չի կարողանում, նրա մասնագիտական գործունեությունը խոչընդոտվում է, իսկ ոստիկանները սպասում են`տեսնեն`ինչ կա եւ ասի`էս ի~նչ լավ վիճակ է. «Սպասում են, որ մի հատ էլ թքեն վրեն, հետո ասեն`լավ դե, մի քիչ քիչ թքեք փաստաբանի վրա: Ժողովուրդ ջան էս ո՞ւր ենք հասել: Արդարադատության նախարարությունն էլ ոչ մի ձայն չի հանում այս դեպքի վերաբերյալ, ԼՀԿ-ն հայտարարություն է տարածում, ասում է նախագիծ են ներկայացնելու զրպարտությունը քրեականացնելու մասին, մեկ էլ տեսնում եմ, երեք օր հետո արդարադատության նախարարությունն էդ նախագիծը դնում է շրջանառության մեջ: Իյա ~, բա ո՞ւր էինք, ո՞ր գրագողություն ասեմ, ինչ ասեմ…»:

Էդմոն Մարուքյանը շնորհավորեց ՀՀ իշխանություններին`ՄԻԵԴ-ում իշխանության դեմ կոմունիկացված գործ կա`նախաքննության մարմինների, որոշ գործերով իրականացված, փնթի նախաքննության հետ կապված: Խոսքը, հիշեցնենք, Սամվել Մայրապետյանի գործի մասին է, որ մի քանի ամսում կոմունիկացվեց: «Տպավորություն կա, որ էդ գաղտնալսման դեպքը անցավ, մարսվեց, գնաց: Ուրեմն, իմացեք`չի մարսվել, մեր պետությունը դեռ չի մարսել գաղտնալսման դեպքը, դրա ձայնը դեռ ՄԻԵԴ-ից կլսեք»:

Էդմոն Մարուքյանն ասում է` իզուր չէր, որ ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանին հարցնում էր`այդ հարցն այս խորհրդարանում կլսե՞նք. «Մի հատ իմանանք`էս ի՞նչ դատավորներ են զանգում, ո՞ւր են զանգում, ինչի՞ համար են զանգում: Գաղտնալսման մասով գործ կա հարուցված, էն մյուս մասով էլ ոնց որ թե կա, բայց ոնց որ հարցնող չկա հա՞: Մենք հարցնելու ենք: Ես, կոնկրետ, հարցնելու եմ»,- ասաց նա`հավելելով, որ դրա ձեւերը կգտնեն:

Դատարանների մասին էլ ասաց. «Հասել ենք նրան, որ դատավորները խուսափեն քրեական գործ քննելուց: Գործադիր իշխանությունը եւ տվյալ պարագայում հեղափոխական գործադիր իշխանությունը, պետք է հստակ ձեւակերպումներ տա, որ Հայաստանում փաստաբանները պիտի պաշտպանվեն պետության կողմից, Հայաստանում դատարանները պիտի լինեն անկախ եւ ոչ միայն հայտարարությունների տեսքով, այլ գործնականում»:

Նա հեգնեց`որ այսքան ուրախացել ենք, թե նախկին իշխանությունների նկատմամբ քրեական գործեր կան, կարո՞ղ է այնպես անենք, որ փաստաբանները հրաժարվեն նրանց պաշտպանելուց եւ դեռ գործերը չավարտված այդ մարդիկ միանգամից «կրեն» ՄԻԵԴ-ում:

«Հասել ենք նրան, որ թերթի խմբագիր է բողոքում իշխանություններից, ընդ որում, բնականաբար, հեղափոխությանը սատարած թերթի խմբագիր: Ո՞ւր են Հայաստանի մեդիա-կազմակերպությունները: Մի բան էի կարդում, մեկն ասում է`Հայաստանում նոր իրավիճակ ա… այսինքն, որ նոր իրավիճակ ա, դուք պետք է մարդու իրավունքների խախտումների նկատմամբ աչքներդ փակե՞ք: Քաղաքական գործիչները ձայն չեն հանում, վախում են, վաղը իրանց ֆեյսբուքում մի հազար հոգի մտնի քրֆի, իրանք կարող է ձայն կորցնեն: Դո՞ւք ումից եք վախում: Բա հ/կ սեկտորը ինչի չի՞ ձեն հանում: Ես ուղղակի ապշած եմ: Ես մարտի 1-ի ժամանակ, բանտերում այցելել եմ այսօրվա բազմաթիվ իշխանության ներկայացուցիչների, իմ բազմաթիվ լավ ընկերների, հարգարժան գործընկերների եւ մարդկանց: Բայց այսօր մենք այնպիսի իրավիճակում ենք, ես տեսնում եմ, որ նույն պրակտիկաները, նույն նախաքննության մարմնի կողմից արգելանքները կա»,- ասաց նա` հավելելով, որ այն ժամանակվա արգելքը`որ պատգամավորն իրավունք չունի քննիչի կողմից արգելք դրված մարդուն այցելելու, դա այսօր էլ կա: Հիշեց, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանն այդ հիմնավորմամբ չէին կարողանում Ժիրայր Սեֆիլյանին տեսնել: Նույն հիմնավորմամբ այսօր էլ մարդկանց մոտ մտնել չեն կարողանում:

Նա հատուկ զգուշացրեց, որ շարունակելու է ոչնչի առաջ չկանգնել`մարդու իրավունքների խախտումների դեպքերով`ով ուզում է նեղանա:

Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իրենք կաջակցեն Նաիրա Զոհրաբյանին`այդ հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031