Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող կարո՞ղ եմ լինել». Արմեն Գեւորգյանը՝ լրագրողին

Հունվար 17,2019 15:49

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց ՀՀ նախկին փոխվարչապետ, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով Գլխավոր դատախազության բողոքի քննությունը, քանի որ դատավորը պետք է ծանոթանա փաստաթղթերին:

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն վերջերս միջնորդել էր Գևորգյանին երկու ամսով կալանավորել, բայց առաջին ատյանի` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր այն։ Դատախազությունն էլ վերաքննիչ ատյանում է բողոքարկում այդ որոշումը։

Լրագրողների հետ ճեպազրույցում Արմեն Գեւորգյանը հայտնեց, որ դատարանում հայտարարությամբ է հանդես եկել, ներկայացրել այն հանգամանքները, որոնք, իր խոսքով, վկայում են իրեն առաջադրված մեղադրանքների անհիմն լինելու մասին:

Արմեն Գեւորգյանին Մարտի 1-ի հայտնի քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել արդարադատությանը խոչընդոտելու, մասնավորապես` 2008-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկելու ժամանակ Սահմանադրական դատարանի դատավորի վրա ճնշում գործադրելու, ինչպես նաև` առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, փողերի լվացման և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու համար։

«Համենայն դեպս, իմ հայտարարության ժամանակ խնդրեցի, որպեսզի դատախազությունում եւ քննչական մարմիններում իմ գործընկերները եւ իմ պաշտպաններն ամեն ինչ անեն, որպեսզի գործը քննվի անաչառության եւ օբյեկտիվության մթնոլորտում: Վերջիվերջո, արդարությունը պետք է ի հայտ գա, եւ բոլորս իմանանք, թե ինչ է եղել, ու ինձանից ինչ էին ուզում»,-համոզմունք հայտնեց Արմեն Գեւորգյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ «Մարտի 1-ի գործի առնչությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից որեւէ հրահանգ ստացե՞լ եք»: «Մի անգամ էլ հիշեցնեմ, որ ես այսօր այնպիսի կարգավիճակում եմ, որ չեմ կարող տեղեկություններ տալ գործի նյութերի հետ կապված: Հասկանում եմ, որ համբերության խնդիր կա, բայց եկեք համբերենք»,-այսպես արձագանքեց Արմեն Գեւորգյանը: Նա չպատասխանեց նաեւ հարցին, թե արդյոք իր մեղադրանքների հետ կապված խոսակցություն ունեցե՞լ է Ռոբերտ Քոչարյանի հետ:

«Նախկին դատավոր Վալերի Պողոսյանի հանդեպ ճնշում գործադրե՞լ եք, ինչպես ՀՔԾ պետն է պնդել» հարցին էլ նա այսպես պատասխանեց. «Մի հատ ինձ նայեք, ես ճնշում գործադրող կարո՞ղ եմ լինել իմ տեսակով: Դուք ինձ ճանաչո՞ւմ եք»:

Արմեն Գեւորգյանը չպատասխանեց նաեւ հարցին, թե արդյոք քաղաքական հետապնդումների ենթատեքստ տեսնո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքներում, թե ոչ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031