Հայաստանում ազգային փոքրամասնությունների ինքնության եւ խնդիրների գնահատման խնդիր կա. չկա մշտադիտարկում, չկան տվյալներ: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին հարցրեց ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանը: Նաիրա Զոհրաբյանն ընդունում է խնդրի առկայությունը, բայց հստակեցնում, դա միայն եզդիների մասով չէ: Նա, ի դեպ, իր զարմանքը հայտնեց, որ եզդիաբնակ Ռյա թազա գյուղում է տեսել «ժեշտից բուդկան, որը գյուղապետարան է»: Սա ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապ չունեցող հարց է, բայց պատգամավորն ասաց, որ զբաղվում է դրանով:
«Իմ քայլի» պատգամավոր Նարեկ Զեյնալյանն անդրադարձավ բուժաշխատողների իրավունքների պաշտպանվածության հարցին, մանավանդ, միջին օղակի բուժաշխատողների: Նաիրա Զոհրաբյանն էլ իր վրդովմունքը հայտնեց. «Նվազագույն աշխատավարձ ստացող բուժաշխատողից չենք կարող պահանջել 24 ժամ մնալ հավատարիմ`Հիպոկրատի երդմանը: Ինչո՞ւ, ասենք, երաժշտական դպրոցի ուսուցիչը չի կարող սոցփաթեթից օգտվել»: Նաիրա Զոհրաբյանի կարծիքով, այստեղ առավելապես կառավարության իմպերատիվ միջամտության անհրաժեշտություն կա`տարբեր ոլորտների աշխատողների սոցիալական պաշտպանվածության հարցերը լուծելու համար:
«Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն էլ հետաքրքրվեց Հայաստանում երեխաների որդեգրման, մասնավորաբար միջազգային որդեգրումների բացերից: Մասնավորաբար, միջազգային մակարդակով որդեգրման դեպքում երեխաների ճակատագրի նկատմամբ վերահսկողության բացակայությամբ: Նաիրա Զոհրաբյանն ասաց, տեղյակ է, որ տարին մեկ-երկու անգամ ՀՀ-ից ներկայացուցիչ է գնում, բայց այդ տեղեկատվությունը չի կարող ամբողջական եւ ամփոփ լինել: Պետք է ուսումնասիրել միջազգային օրենսդրությունը եւ հասկանալ`ի՞նչ գործիքներ կան, ի՞նչ հավելյալ գործիքներ են պետք:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ավելի ուշ, իր ելույթում ասաց, որ այս խնդրին առնչվել է իր նախարար եղած ժամանակ, չնայած զգուշացում է ստացել, որ բարդ բանի է խառնվում. «Երկու միլիարդատեր բելգիացի գալիս են հոգեկան հիվանդ երեխա որդեգրելու. Պարզ չի՞ ինչի համար են որդեգրում: Կասկածներ կան, որ այդ երեխայի օրգաններն այլ նպատակներով են օգտագործվելու»: Ըստ նրա, շատ պետք է խստացնել օտարերկրյա քաղաքացիների կողմից երեխայի որդեգրումը`անհնարինության հասցնելով դա:
Սոֆյա Հովսեփյանն, ի դեպ, տրանսգենդերի`ՀՀ անձնագիր ստանալու մասով Նաիրա Զոհրաբյանի դիրքորոշումը կիսում է:
Նաիրա Զոհրաբյանին հարց էր ուղղվել նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի մասին եւ ԲՀԿ-ական պատգամավորների դիրքորոշումների, որոնք դեմ էին այդ օրենքին: Գեւորգ Պետրոսյանն ասաց`ինքն այդ օրենքի ամենամեծ ընդդիմախոսներից է եղել, բայց հենց դեմ է եղել`ընտանիքում բռնությունը կանխելու նպատակով, քանզի պետությունը չպիտի անհարկի միջամտի ընտանիքի համերաշխության հարցին, շատ դեպքերում իր միջամտությամբ ավելի խարխլելով ընտանեկան համերաշխությունը: Նա հակադարձելով այն հիշեցմանը, որ պատգամավորներից մեկն ԱԺ ամբիոնից ասել էր`«ապտակով սնված տղեն առանց աստիճան չի լինի»`հորդորեց` չանտեսենք ժողովրդական բանահյուսությունը, ֆիլմերը, դրանք երկնքից իջած նվերներ չեն, դրանք մեր կյանքն ու բնույթն են. «Կարող է եւ մի հատ էլ ապտակես քո երեխային, որից երեխան ավելի շատ դաստիարակություն կստանա, քան կիսագրագետ եւ չպատրաստված ոստիկանը, որ գա 50 մետր հեռավորությամբ սպասի, որ դու գնաս քո տուն եւ հեռանա`քո հեռանալուց հետո: Ես ոչ թե հորդորում եմ թքել համամարդկային արժեքների վրա, բայց նաեւ չպետք է անտեսենք մեր ավանդական, ընտանեկան բարքերը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ