Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր քրեական աշխարհում հեղինակություն համարվող «Վստրեչի Ապերի»՝ Արամ Վարդանյանի գործով հերթական դատական նիստն էր: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է նախնական համաձայնությամբ 2017թ. հուլիսին բռնության գործադրմամբ, զենքով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով Մամիկոն Բագրատունու բացահայտ առևանգումը կազմակերպելու եւ ղեկավարելու համար: Գարեգին Իսկանդարյանն էլ մեղադրվում է Մամիկոն Բագրատունուն բռնության գործադրմամբ առեւանգելու համար:
Դատարանը քննության առավ դեռեւս նախորդ նիստում «Վստրեչի Ապերի» եւ Իսկանդարյանի շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունը՝ գործի քննությունը դռնփակ անցկացնելու վերաբերյալ: Լուսինե Սահակյանը պնդեց միջնորդությունը՝ ասելով. «Մեղադրանքի բովանդակությունից ակնհայտ է, որ գործը պետք է դռնփակ քննվի: Բացի այդ, կան նաեւ տվյալներ, որոնք մենք կարող ենք հրապարակել միայն դռնփակ դատական նիստերի պարագայում»:
Մեղադրյալները միացան իրենց պաշտպանի միջնորդությանը, իսկ մեղադրող-դատախազը հարցը թողեց դատարանի հայեցողությանը: Տուժող Մամիկոն Բագրատունու պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ առարկեց, սակայն միաժամանակ նշեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտպանը կարող է իր մատնանշած տվյալները ներկայացնել դռնփակ նիստերում, դեմ չեն լինի, որ հենց այդ ժամանակ նիստն անցնի դռնփակ:
Դատավոր Մեսրոպ Մակյանն էլ նկատեց՝ դատարանին դեռ հայտնի չէ, թե ինչ տվյալներ է ներկայացնելու մեղադրյալի պաշտպանը:
Հաշվի առնելով տուժողի եւ մեղադրողի անձնական կյանքի, պատվի եւ արժանապատվությանն առնչվող հանգամանքը, դատարանը որոշեց, որ դատաքննությունը կանցնի դռնփակ:
Ի դեպ, մեղադրյալների պաշտպանի մեկ այլ միջնորդությամբ՝ գործը քննվելու է արագացված կարգով:
https://www.facebook.com/aravot.am/videos/2295997817085244/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
(Լուսանկարում՝ տուժող կողմը: Մեղադրյալներին լուսանկարելն արգելված է նրանց իսկ ցանկությամբ եւ դատարանի որոշմամբ)