2019 թվականի հունվարի 14-ին ՀՀ վարչական դատարանում կայացավ «թեթև մտավոր հետնորմալություն» ախտորոշմամբ զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչված և զորակոչված Յուրիկ Բրոյանի գործով առաջին նախնական դատական նիստը:
Դատարան ներկայացրած հայցով Յ. Բրոյանն ու նրա ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Ս. Սողոմոնյանը պահանջել են անվավեր ճանաչել 2017թ. դեկտեմբերի 4-ի՝ Յ. Բրոյանին «մտավոր պակասություն» ախտորոշմամբ զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու ԿԲՀ որոշումը:
Կենտրոնական բժշկական հանձնաժողովն այդ որոշումը կայացրել է «Նուբարաշեն» հոգեկան առողջության բժշկական կենտրոնում տրված ախտորոշման հիման վրա, մինչդեռ հետազոտությունները թերի են կատարվել և դրանց հիման վրա զինծառայությանը պիտանիության հարցը հնարավոր չէր որոշել:
ԿԲՀ որոշումը վարչական կարգով բողոքարկելուց և մերժում ստանալուց հետո Յ. Բրոյանն ու նրա ներկայացուցիչը 2018թ. դեկտեմբերի 26-ին դիմել են ՀՀ վարչական դատարան:
Ավելի ուշ Ս. Սողոմոնյանը միջնորդել էր լրացնել հայցի հիմքն ու առարկան 2018թ. օգոստոսի 9-ի ԿԲՀ որոշման մասով, որի հիման վրա Յ. Բրոյանը 2018թ. օգոստոսի 11-ին զորակոչվել է ՀՀ զինված ուժեր:
Ի թիվս այլ փաստաթղթերի՝ Ս. Սողոմոնյանը 2018թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ զինվորական կոմիսարիատից պահանջել էր նաև Յ. Բրոյանին զորակոչելու համար հիմք հանդիսացած ԿԲՀ որոշումը, սակայն չէր ստացել:
Հունվարի 14-ին կայացած դատական նիստի ընթացքում դատարանը քննարկեց ու բավարարեց միջնորդությունը և պարտավորեցրեց պատասխանողին դատարանին ու հայցվորին տրամադրել ինչպես ԿԲՀ վերոնշյալ որոշումը, այնպես էլ Յ. Բրոյանին պիտանի ճանաչելու որոշման վերաբերյալ հարուցված վարչական վարույթի ամբողջական նյութերը:
Հայցի հիմքերը և առարկան պարզելուց հետո դատարանը ապացուցման բեռը բաշխեց՝ պատասխանողի վրա դնելով ապացուցելու հետևյալ հանգամանքները՝ ինչ չափորոշիչներով է որոշվել հայցվորի մոտ առկա մտավոր հետամնացության աստիճանը և ապացուցել, որ հայցվորի մոտ մտավոր հետամնացությանը զուգահեռ չկան վարքային խանգարումներ:
Դատարանը գործը համարեց դատաքննությանը նախապատրաստված և դատաքննություն նշանակեց 2019 թվականի մարտի 21-ին:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ