Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է խանգարում, որպեսզի թիվ 51 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթը կայանա. 6 ամիս է՝ մրցույթը ձգձգում են

Հունվար 17,2019 15:10

Դեռեւս 2018 թվականի օգոստոսի 17-ին Երեւանի Վ. Պետրոսյանի անվան թիվ 51 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի կողմից դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նպատակով հայտարարվել էր մրցույթ, որը պետք է տեղի ունենար 01.10.2018 թվականին:

Նշված օրը՝ սահմանված ժամկետում, փաստաթղթերը ներկայացրած հավակնորդները ներկայացել էին մրցույթին, որը, սակայն, հետաձգվեց անհասկանալի պատճառներով՝ մինչեւ 08.10.2018 թվականը:  Այնուհետեւ 08.10.2018 թվականին հրավիրված մրցույթը իրավազոր չլինելու հիմքով չկայացավ:

Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդներից մեկի պաշտպան Տիգրան Սարուխանյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ղեկավարվելով ՀՀ կառավարության 2010 թվականի թիվ 319-Ն որոշմամբ հաստատված «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման)» կարգի  18.1 կետի դրույթներով՝ կառավարման խորհուրդը Երեւանի քաղաքապետարանին ներկայացրեց խորհրդի նիստի արձանագրության եւ տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները, որոնց հիման վրա, մինչդեռ, հավակնորդներից ոչ մեկը չընտրվեց:

Այնուհետեւ, ըստ պարոն Սարուխանյանի, 23.11.2018 թվականին հայտարարվեց դպրոցի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու նոր մրցույթ, որը պետք է տեղի ունենար 14.01.2019 թվականին, սակայն մրցույթի օրվանից մի քանի օր առաջ հավակնորդներին հեռախոսազանգի միջոցով տեղեկացրեցին, որ նշված մրցույթը եւս չի կայանա:

«Հատկանշական է, որ ստեղծված իրավիճակում հեռախոսային խոսակցության ընթացքում իմ վստահորդին այդպես էլ չներկայացրեցին մրցույթի չեղարկման պատճառների ինչպես իրավական, այնպես էլ փաստական հիմքերը, դեռ ավելին, անհասկանալի էր նաեւ մրցույթի հավակնորդին նման ծանուցման ձեւաչափը:

Արդյունքում, չունենալով որեւէ պաշտոնական ծանուցում, 14.01.2019 թվականին իմ վստահորդը, ինչպես նաեւ մի քանի այլ հավակնորդներ ապահովեցին իրենց մասնակցությունը հայտարարված մրցույթին, որը, սակայն, տեղի չունեցավ»,-ասաց Տիգրան Սարուխանյանը: Նրա խոսքով, դպրոցի տնօրենի պաշտոնակատարի կողմից որպես իրավիճակի պարզաբանում ներկայացվեց, որ մրցույթը չեղարկվել է կառավարման խորհրդի թիվ 6 արձանագրությամբ, որի մասին տեղյակ են նաեւ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար տիկին Լ. Առաքելյանը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթական վարչության պետ Աննա Ստեփանյանը:

Տիգրան Սարուխանյանի ներկայացմամբ, տնօրենի պաշտոնակատարի աշխատասենյակում անցկացված քննարկմանը մասնակցում էր նաեւ կառավարման խորհրդի անդամ Հասմիկ Օհանյանը, որը, սակայն, հայտարարեց, որ 11.01.2019 թվականից իր լիազորությունները դադարեցվել են:

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ինչպես նաեւ այն, որ տիկին Հասմիկ Օհանյանի խորհրդի անդամությունը դադարեցնելու վերաբերյալ որեւէ փաստաթուղթ մեզ չներկայացվեց, իսկ 11.01.2019 թվականի թիվ 6 արձանագրությունը չէր պարունակում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման վերաբերյալ որեւէ որոշում, որը եթե նույնիսկ այն պարունակեր, չէր կարող գնահատվել որպես իրավական հիմք, քանի որ չի ներառվում կառավարման խորհրդի իրավասությունների կազմում՝ առաջարկվեց, ղեկավարվելով Կարգի 17-րդ և 18-րդ կետերով, ըստ որոնց՝ «Խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե նիստին մասնակցում է խորհրդի անդամներից առնվազն 6-ը: Խորհրդի որոշմամբ մրցույթը հետաձգվում է մեկ անգամ եւ ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով, եթե խորհրդի նիստն իրավազոր չէ», խորհրդի ներկա միակ անդամի կողմից խորհրդի նիստը համարել բացված եւ հաշվի առնելով խորհրդի մյուս անդամների բացակայությունը՝ հետաձգել այն ոչ ավելի, քան հինգ աշխատանքային օրով: Ներկայացված առաջարկը մերժվեց»:

Այսպիսով, Տիգրան Սարուխանյանի խոսքով, ստեղծված իրավիճակում, փաստորեն, 14.01.2019 թվականին նշանակված մրցույթի  «չեղարկմամբ» խախտվեցին կարգով նախատեսված ընթացակարգերը, ինչպես նաեւ կայացվեց ոչ իրավաչափ որոշում, որը չէր ներառվում դպրոցի կառավարման խորհրդի լիազորությունների շրջանակներում:

Պարոն Սարուխանյանը՝ հույս հայտնեց, որ համապատասխան իրավասու կառույցները միջոցներ կձեռնարկեն հարցը արագ եւ իրավաչափ կարգավորելու ուղղությամբ, քանի որ այն ոչ միայն ենթադրում է տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդների իրավունքների խախտում, այլեւ դպրոցի բնականոն աշխատանքի խաթարման էական վտանգ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031