Լրահոս
Օրվա լրահոսը

Շատացել են ողնաշարի, կեցվածքի, տեսողության, սիրտ-անոթային խնդիրներով զորակոչիկները. Գայանե Հովհաննիսյան

Հունվար 17,2019 14:35

«Զինված ուժերի համալրման գործընթացում մեզ համար կարևոր դեր ունեն զորակոչվածների ինչպես քանակական, այնպես էլ որակական չափորոշիչները»,-ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գայանե Հովհաննիսյանը:

Նա շեշտեց՝ կարևորագույնը զորակոչիկների առողջական չափորոշիչներն են. առավելագույնն է արվում ռազմաբժշկական ծառայության կողմից, որ հիվանդություն կամ առողջական խնդիրներ ունեցող զորակոչիկները չհայտնվեն բանակում:

Գայանե Հովհաննիսյանը բացառեց սուր առողջական խնդիրներով զորակոչումը. «Հանրապետությունում այս պահին մի քիչ լարված է համաճարակային իրավիճակը, սուր շնչառական հիվանդությունների առումով սեզոնային բռնկում կա: Այդ պատճառով հավաքակայանում ջերմաչափումով և արտաքին զննումով հնարավոր է լինում հայտնաբերել սուր շնչառական հիվանդություններով երեխաներին: Զորակոչելուց հետո իրենց բուժումը հիմնականում կենտրոնական հոսպիտալում և Նորքի ինֆեկցիոնում են ստանում, այնուհետև զորակոչվելուց հետո ներկայանում ըստ իրենց զորամասերի»:

Գայանե Հովհաննիսյանը նշեց, որ վերջին տարիներին շատացել են ողնաշարի խնդիրներով, կեցվածքի խնդիրներով զորակոչիկները, շատանում են ալերգիաներով դեպքերը, տեսողության խնդիրներով, սիրտ-անոթային հիվանդությունների դեպքերը. «Ընդհանրապես մեր դիտարկումները ցույց են տվել, որ զորակոչվածների ընդհանուր թվի մոտ 60 տոկոսը որոշակի առողջական խնդիրներով է զորակոչվում»:

ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանը նշեց՝ ՀՀ կառավարության 404 որոշմամբ նախատեսվում է տարբեր տեսակի ֆիզիկական ծանրության զորակոչիկներին ազատել մարտական հերթապահությունից. «Կառավարության որոշումը, նոր փորձագիտական կարգն ուժի մեջ է մտել 2018-ի ապրիլի 12-ին: Դրանից հետո բոլոր փորձաքննական եզրակացությունները կազմվում են նոր կառավարության փորձաքննության համաձայն»:

Գայանե Հովհաննիսյանը վստահեցրեց՝ պատրաստ են յուրաքանչյուր սեզոնային բռնկման. «Մինչև զորակոչն արդեն իրականացվում է գրիպի պատվաստումը. դա նույնպես քայլ է կանխարգելման: Կարող եմ ասել, որ մենք արդեն ունենք տվյալներ. անցյալ տարվա սեզոնային բռնկումներն ավելի թեթև են անցկացվել հենց կապված պատվաստումների հետ»:

Դառնալով ներկայիս իրավիճակին՝ Գայանե Հովհաննիսյանն ասաց, որ զորամասերում սուր շնչառական հիվանդների թիվը 10-15-ից չի անցնում. «Իհարկե, ունենք դեպքեր, բայց թիվը շատ քիչ է. անգամ անցյալ տարվա հետ համեմատած: Ունենք հոսպիտալներից պատրաստի խմբեր, որոնք անցնում են զորամասերով: Հոսպիտալացված հատուկենտ զինվորներ կան, այս պահին ջրծաղիկի 32 դեպք կա, թոքաբորբերը նույնպես քիչ են. որպես բռնկում չենք կարող համարել»:

Հարցին՝ կա՞ն հիվանդություններ, որոնց գծով նախկինում չէին զորակոչվում, հիմա զորակոչվում են, Սահակ Օհանյանն ասաց. «Թերքաշության, գերքաշության, գիշերամիզության դեպքերում: Մնացած որևէ խստացում կամ հակառակ գործողություն չի կատարվել: Վերջին վեց ամսվա ընթացքում հեշտացված կարգավիճակով ընդամենը մեկ ժամկետային զինծառայող է ճանաչվել ոչ պիտանի. նա մոտ օրերս կներկայանա ՊՆ նախարարություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031