Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն առաջիկայում հանդես է գալու ցմահ դատապարտվածներին ներում շնորհելու գործընթացի ինչ-որ մի փուլում զոհի իրավահաջորդների մոտեցումը անպայմանորեն հաշվի առնելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ: Խորհրդարանում այսօր հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Սա ինքն անչափ է կարեւորում:
Հարցը հնչեցրել էր ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը` ի նկատի ունենալով ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու հետ կապված հասարակական վերջին զարգացումները: Հետաքրքրվեց դատապարտյալներին ներում շնորհելու ինստիտուտի նկատմամբ Նաիրա Զոհրաբյանի դիրքորոշմամբ:
Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանում այս պահին 91 ցմահ դատապարտված անձ կա: «Արմենակ Մնջոյանը մահացավ, որովհետեւ, իմ բոլոր կոչերը, որպես լրագրող, որպես պատգամավոր, Արմենակ Մնջոյանի, Արսեն Արծրունու եւ բոլոր այն ցմահ դատապարտյալների, ովքեր դատապարտվել են բանակում կատարած հանցագործությունների համար, նորից պնդում եմ, որ այդ գործերը պետք է վերանայվեն: Որովհետեւ, եթե սպան փորձել է անարգել զինվորին, ինչի արդյունքում տեղի է ունեցել սպանություն եւ զինվորը 20 եւ ավելի տարի արդեն նստած է, արդյոք այդ գործերը չպետք է վերանայվեն»: Նաիրա Զոհրաբյանը համոզված է`պետք է վերանայվեն: Նա այժմ էլ կարծում է, որ «Դրոյի» գործով դատապարտված Արսեն Արծրունու եւ այդ նույն գործով ցմահ ազատազրկված եւ օրերս իր մահկանացուն կնքած Արմենակ Մնջոյանին էլ պետք է ներում շնորհվի:
Ինչ վերաբերում է ներման ինստիտուտին, նա նկատում է, որ ներում շնորհող խայտառակ հանձնաժողովի մասին քանիցս է խոսվել. «Շատ դեպքերում գիր-ղուշով, դատապարտվածին չտեսնելով`որոշումներ են կայացրել`սովորաբար մերժելով դրանք` իրենց վրա պատասխանատվություն եւ բեռ չվերցնելով»:
Ինչ վերաբերում է Մհեր Ենոքյանի գործին, Նաիրա Զոհրաբյանն ասում է՝ գործին մանրամասն է ծանոթ, իր դիրքորոշումը չի հրապարակի, քանի որ գործը փակ փուլ է մտել:
Պատգամավորը շեշտեց, որ ներման ինստիտուտն ու վաղակետ ազատ արձակման հանձնաժողովը պետք է վերանայվեն ամբողջությամբ: «Ինձ համար սկզբունքային է, որ նման ծանր հակագործությունների դեպքում անպայմանորեն հաշվի առնվի նաեւ զոհի իրավահաջորդի տեսակետը».- ասաց նա` հավելելով, որ ինքն այժմ շատ մեծ ցավ է ապրում, երբ տեսնում է, թե Աղաջանովների ընտանիքն ինչ ապրումների մեջ է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ