«Այսօր Ադրբեջանում ունենք 4 հայ պատանդ: Նրանցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, մեկը՝ Արցախի, մեկն էլ Ռուսաստանի`հայազգի`Ուելդանով Մարատ»,- այսօր խորհրդարանում, պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին, ասաց Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Անդրադառնալով Ադրբեջանում հայազգի պատանդների խնդրում խորհրդարանական հանձնաժողովի անելիքներին եւ, մասնավորաբար, վերջին շրջանում հնչեղություն ստացած Կարեն Գեւորգյանի գործին, Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Եթե ասեմ, որ մենք շատ լուրջ գործիքակազմ ունենք այս հարցում, ճիշտ չի լինի: Հարցի ավելորդ հանրայնացումը հաճախ բերում է գործի վնասման»: Հիշում է, որ Հակոբ Ինջիղուլյանի գործով, Կարմիր խաչի եւ ԵԽԽՎ մարդու իրավունքների նախկին հանձնակատարի հետ համագործակցությամբ, լուռ աշխատելով, կարողացան հասնել առավելագույնի. «Մենք ընդամենը պետք է պարբերաբար մեր ուշադրության տակ պահենք այս խնդիրը, եւ փորձենք պատկան մարմիններից՝ Կարմիր խաչից պարբերաբար տեղեկություններ ստանալ, առանց ավելորդ աղմուկի»:
Անհայտ կորածների մասով, ըստ նրա, մենք ունենք երեք տարբեր թվեր. ՊՆ-ի տրամադրած տվյալներով`մոտավորապես 320, Կարմիր խաչի տվյալներով` 400 (այս միջազգային կառույցը տվյալներ է ներկայացնում իրենց դիմած ընտանիքների թվով), իսկ «Ընդդեմ իրավական կամայականությունների» կազմակերպության տվյալներով`մոտ 900:
Խորհրդարանական հանձնաժողովի գործառույթը այստեղ եւս վերահսկողական է լինելու: Բայց անկախ նրանից`կընտրվի՞ ինքը պատգամավոր, թե՞ ոչ, ինքն այս հարցերով զբաղվելու է:
Արման Աբովյանը հիշեցրեց`լինում են դեպքեր, երբ պատանդները սպանվում են, օրինակ, Մանվել Սարիբեկյանը: Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ Արցախի ՄԻՊ-ի հետ շատ սերտ համագործակցելու են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ