«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը շենքային վատ պայմանների պատճառով նպատակահարմար կլինի փակել, իսկ դատապարտյալներին տեղափոխել այլ ՔԿՀ-ներ: Նման հայտարարությամբ խորհրդարանում հանդես եկավ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, երեկ համանման հայտարարություն արել էր նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն այսօր այդ առիթով հարց ուղղեց Նաիրա Զոհրաբյանին եւ իբրեւ «այնտեղի երկար տարիների բնակիչ» դիտարկում արեց`չգիտի`դրան հնարավո՞ր է հասնել, թե՞ ոչ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է գոնե հարկ-հարկ վերանորոգվի: Նաիրա Զոհրաբյանը`«որպես այդտեղի մշտական այցելու, արդեն կարող եմ ասել, որ բնակչի կարգավիճակ կարող եմ ունենալ», արձագանքեց. «Դժվար եմ պատկերացնում վերանորոգումը: Օդափոխություն չկա,, էդ գարշահոտը, կոյուղին…Միգուցե ֆինանսապես ավելի ձեռնտու կլինի նորը կառուցել: Կարող ենք փակել եւ դատապարտյալներին տեղաբաշխել մնացած տասը քրեակատարողական հիմնարկների վրա»:
Նաիրա Զոհրաբյանը կարծում է, որ վերանորոգումը լուրջ ֆինանսական ներդրումներ է պահանջում: Ամեն դեպքում, քննարկելու հարց է. «Հին սիստեմով այս շենքը վերանորոգելը չգիտեմ, թե ինչքանո՞վ է նպատակահարմար»:
Տիկին Զոհրաբյանը հայտարարեց նաեւ, որ հանձնաժողովը զբաղվելու է նաեւ ցմահ ազատազրկվածների խնդրով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ