Լրահոս
Օրվա լրահոսը

Բրեժնեւը, Գալուստ Սահակյանը եւ դեսպանների մասին խորհրդարանական վեճը

Հունվար 17,2019 16:30

Գլխատե՞լ, թե՞ ներել. «Առավոտի» զրուցակիցն է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը

Հին հույները իրենց դեսպանների ոչ միայն քաղաքական, այլեւ ֆինանսական արբիտրաժն ունեին: Եթե տվյալ դեսպանի` պետությունից ստացած գումարը ու նրա կատարած ծախսերը չէին համընկնում, գլխատում էին այդ անձին: Նման մեկ դեպք եղել է: Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն «Առավոտի» հետ զրույցում հիշելով պատմական անցքերը՝ իհարկե, չի առաջարկում, որ մենք էլ գլխատենք մեր դեսպաններին, բայց տեսնել, թե ի՞նչ է կատարվում, պետք է: «Հայաստանի 25-ամյա դիվանագիտության պատմության մեջ ստեղծվել է մի իրավիճակ, երբ դիլետանտիզմը եւ պրոֆեսիոնալիզմը իրարից չեն տարբերվում, մինչդեռ սրանք անհամատեղելի քաղաքական կատեգորիաներ են: Հնարավոր չի, որ դեսպանը չլինի պրոֆեսիոնալ եւ լավ աշխատի: Իսկ մեզ մոտ` ինչքան ուզեք»,- ասաց մեր զրուցակիցը:
Դեսպանների հաշվետվողականության, աշխատանքի թափանցիկության, նրանց նշանակման կարգի եւ համանման հարցերը երեկ կրկին արդիական դարձան. խորհրդարանում բուռն քննարկումներ գնացին այս թեմայով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամվոր Արման Բաբաջանյանի ելույթն էր շատ կոշտ. ասաց` ՀՀ դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ եւ քրեական հեղինակությամբ մարդիկ, որոնք ՌԴ-ի կցորդներն են եղել, ասաց, որ կարող է անուններ հնչեցնել, մասնավորապես, Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության ներկայացուցիչների, որոնք մշտական բնակության են մնացել ԱՄՆ-ում: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում էլ ասաց` փաստեր ունի` Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը հնդկահավերի ֆերմա է ունեցել, բիզնես է ծավալել եւ այլն: «Առավոտը» փորձեց այս ամենի մասին զրուցել Անդրանիկ Մանուկյանի հետ. նրա բոլոր հեռախոսահամարներն անջատված էին: Մեր զանգերին չպատասխանեցին նաեւ հեղափոխությունից հետո հետ կանչված տարբեր երկրների ՀՀ դեսպանները:

Իսկ Արման Նավասարդյանն էլ մեզ հետ զրույցում նման մի զավեշտալի դեպքի մասին պատմեց. «Էնպիսի մարդկանց են ուղարկել դեսպան… մարդն առաջին անգամ, իբրեւ դեսպան, ոտք է դրել դեսպանության շենք, կոնկրետ մարդիկ կան` «Եվրոստան»-մեվրոստան (նկատի ունի Քուվեյթում ՀՀ նախկին դեսպան Մանվել Բադեյանին, որը «Եվրոստան ույուտ» ընկերության սեփականատերն է- Ն. Գ.), ասել են՝ այ մարդ, դու ինչի՞ ես եկել էստեղ, ո՞նց պիտի աշխատես, ասում է` դե կսովորեմ, էլի: Դիվանագիտությունն ախր այդպես չեն սովորում»: Ի դեպ, Մանվել Բադեյան «Առավոտի» հետ զրույցում «անլուրջ հերյուրանք» որակեց այդ պատմությունը, ինչին պատասխանել հարկ չհամարեց: Իսկ դեսպանների շուրջ ծավալված այսօրվա բանավեճերի մասին չցանկացավ խոսել:

Արման Նավասարդյանն ասում է` դեսպանները Հայաստանում ավանդաբար նշանակվել են փակ կարգով: Բայց անգամ այնպիսի երկիր, ինչպիսին ՌԴ-ն է, որին համարում ենք բավական ավտորիտար երկիր, առանց Դումայի քննարկման երբեք թեկնածություն չի ներկայացնում նախագահին` նշանակման համար: Նույնը ԱՄՆ Սենատն է անում: «Սա հենց այնպես չի արվում, պատասխանատվության հարց է: Սերժ Սարգսյանն ամբողջն իր վրա էր վերցնում, եւ կողքից ոչ ոք չէր ասում՝ ինչո՞ւ եք ամբողջ բեռը ձեզ վրա վերցնում»,- ասում է մեր զրուցակիցը: Նկատեցինք, որ հիմա նույն տարբերակը շարունակում է գործել: «Եթե այդպես է, շատ վատ է, հիմքից պետք է փոխել, եթե չեն ցանկանում, որ կատակլիզմներ տեղի ունենան»,- ասաց նա: Հիշում է անգամ բրեժնեւյան ԽՍՀՄ-ը. «Երբ Բրեժնեւին ասում էին, որ այսինչ դեսպանն այսպիսի բան է արել, նրան պետք է հետ կանչել կամ պատասխանատվության ենթարկել, ասում էր` իսկ ո՞վ է նրան առաջարկել նշանակման»: Հիշում է նաեւ հին հունական փորձը. հույները դեսպանի պաշտոնի համար ընտրում էին հարուստ մարդու, որ չմտներ պետության գրպանը: Ապա նա անպայման պետք է հեղինակավոր լիներ եւ պարտադիր 50 տարեկանից ոչ երիտասարդ: Դա ամերիկացիները մինչեւ օրս էլ կիրառում են: Խնդիրը ոչ միայն փորձառության մեջ է, այլեւ, ըստ մեր զրուցակցի, կան կենսաբանական եւ ֆիզիոլոգիական հատկանիշներ, որ մարդը միայն այդ տարիքում կարող է հասնել այն աստիճանի, որ ունակ կլինի անհրաժեշտության դեպքում որոշումներ ընդունել` անկախ իր կենտրոնի ինֆորմացիայից կամ հուշելուց: Արման Նավասարդյանը քննադատել եւ շարունակում է քննադատել դեսպանների «երկարակեցությունը»: Ընդունված կարգի համաձայն՝ մեկ երկրում երեք տարուց ավելի դեսպան չի նշանակվում, մինչդեռ մենք ունենք դեսպաններ, որոնք տասը տարի պաշտոնավարում են միեւնույն երկրում: Հետո, շատ կարճ ընդմիջումից հետո, նրանք էլի գործուղվում են աշխատանքի` այլ երկիր. «Էդ դեսպանից բացարձակապես դեսպան չի մնա, որովհետեւ եթե դեսպան է, մինչեւ մշտական չվերադառնա իր երկիր, ոտքը չդնի հողին, չստանա ուժ եւ սնունդ, նա չի կարող աշխատել: Արտասահմանում երկար մնալուց հետո դեսպանը սկսում է կորցնել իր լոյալության զգացողությունը, եւ այդ անձը սկսում է չանել այն, ինչ իր երկրին անհրաժեշտ է: Հաճախ դա լինում է ենթագիտակցական մակարդակում, ոչ գիտակցաբար: Սա շատ հետաքրքիր հոգեբանական երեւույթ է, ոչ մեկը չի ցանկանում սա ուսումնասիրել, իսկ որոշ զարգացած եւ ուժեղ երկրների գաղտնի ծառայությունները շատ լավ գիտեն այս նրբությունները եւ դրանից սկսում են օգուտներ քաղել»: Մեր զրուցակիցը համամիտ է՝ աշխարհում միայն պրոֆեսիոնալ դիվանագետները չէ, որ դեսպաններ են նշանակվում, նաեւ քաղաքական գործիչներն են գործուղվում դիվանագիտական ծառայության: Դա էլ, ի դեպ, ԱՄՆ-ից է եկել. նրանք, ովքեր ընտրական շրջանում սատարում էին նախագահի թեկնածուին, նաեւ գումարով, նրանց գործուղում էին դեսպան: Բայց այդ պարագայում կա մեկ առանձնահատկություն. գումարն էր թափանցիկ ծախսվում, ապա այդ դեսպանատները մեծ աշխատակազմ են ունենում. «Եթե Հայաստանում Գալուստ Սահակյանի տիպի մի արտակարգ պատմական դեմք հայտնվեց, որին ցանկանում են ուղարկել իբրեւ դեսպան, իբրեւ պարգեւատրում, դա նշանակում է տվյալ դեսպանության կործանում: Մեր դեսպանատներում, որպես կանոն, մեկ-երկու հոգի են աշխատում: Ամերիկյան դեսպանատներում, եթե դեսպանն անգամ կոմպետենտ չէ, այնպիսի հզոր թիմ ունի, որ սարսափելի բան էլ չի կատարվի»:

ՀՀ ԱԳՆ-ում 300-ից մի քիչ ավելի կամ պակաս աշխատող կա. դա, Արման Նավասարդյանի պնդմամբ, եվրոպական միջին մեծության պետության ԱԳՆ է. «Թող ինձ տան այդ նախարարությունը, ես այն կլուծարեմ, կթողնեմ 30-35 մարդ, ովքեր կաշխատեն գիշեր-ցերեկ: Մնացածներին կասեմ` գնացեք տանձ տշեք: Նախարարությունում հավաքված ամբողջ մասսայի 5 տոկոսն է աշխատում: Սրա հետ մեկտեղ, եթե օպտիմալիզացիա լինի, դեսպանը կգնա ոչ թե վիզը ծռած կնայի, թե եվրոպացին ինչպե՞ս է ապրում կամ որտեղի՞ց գումար ճարի, այլ սպիտակ դիվանագետի նման մարդիկ կապրեն: Էլ չեմ խոսում գործուղումների մասին: Եթե որեւէ մեկը ցանկանում է իմանալ, թե ի՞նչ քյյալագյոզություններ է արել Էդվարդ Նալբանդյանը վերջին տասը տարում, թող գնա ստուգի: ԱԳՆ-ի բարձրաստիճան աշխատողներից մեկն ինձ ասաց` եթե վաղը գան մեզ մոտ ստուգման, բոլորս բանտ կգնանք: Պետք է գնան եւ ստուգեն, թե այսքան տարիների ընթացքում ի՞նչ է կատարվել այդ նախարարության ներսում, այդքան դեսպաններն ինչպե՞ս են աշխատել, ի՞նչ են արել»: Մեր զրուցակիցը նաեւ դիվանագիտական աշխարհագրությունը չի ընդունում. «Ամողջ Եվրոպայում կողք կողքի դեսպանատներ են բացել: Անգամ Ռումինիայում եւ Բուլղարիայում կարելի է մեկ դեսպանատուն պահել: Իրար կողքի դեսպանատներ են բացել` մեկ դեսպան, մեկ աշխատողով, դեսպաններն էլ եթե ոչ կոմպետենտ են, անգամ լեզու չգիտեն, այդ աշխատակիցը եթե շատ տաղանդավոր էլ լինի, ոչինչ չի ստացվի: Այսքան քննադատում են, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը 8 երկիր վավերացրեց. բա այդ նույն դեսպաններին կանչեք ԱԺ եւ հարցրեք` ի՞նչ եք արել մեկուկես տարի այդ փաստաթղթի վավերացման համար»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

17.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031