Նախագահ Արմեն Սարգսյանի Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանն այցելել է Արաբական Միացյալ Էմիրությունների հրատարակչական ասոցիացիա և հանդիպել ասոցիացիայի գործադիր տնօրեն Ռաշիդ Ալկուսի հետ։
Նրանք խոսել են գրքի ու հրատարակչական գործին առնչվող արդի խնդիրների ու հեռանկարների մասին։ ԱՄԷ հրատարակչական ասոցիացիայի գործադիր տնօրենը ցանկություն է հայտնել թարգմանել և հրատարակել տիկին Նունե Սարգսյանի հեղինակած գրքերից։
Տիկին Նունե Սարգսյանն այցելել է նաև Շարժայի ժառանգության ինստիտուտ (Sharjah Institute for Heritage) և հանդիպել ինստիտուտի տնօրեն Աբդուլազիզ ալ-Մուսալլամի հետ։
Տիկին Նունե Սարգսյանը շրջել է ինստիտուտում, ծանոթացել հին գրքերի ու հնագույն ձեռագրերի վերականգնման աշխատանքներին: Տիկին Սարգսյանն ասել է, որ Հայաստանն այս ոլորտում ունի լավ մասնագետներ և Շարժայի ժառանգության ինստիտուտը կարող է հաջողությամբ համագործակցել Երևանի Մատենադարանի հետ։
Հանդիպմանը քննարկվել է նաև Շարժայի ավանդական ամենամյա մշակութային փառատոնին Հայաստանի մասնակցության հարցը, որտեղ հնարավոր կլինի ներկայացնել մեր երկրի պատմամշակութային ժառանգությունը, մասնավորապես, ազգային ավանդույթները, տարազը, պարերը, խոհանոցը։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ