«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սեյրան Օհանյանին հիմնականում հարցեր են ուղղել 0038 հրամանի հետ կապված։ Ըստ լուրերի՝ Օհանյանը մանրամասն բացատրել է, թե ինչ է իրենից ենթադրել 0038 հրամանը եւ ինչպես է այն կազմվել։ Ավելին՝նա քննիչներին բացատրել է, որ 0038 հրամանը իջեցվել է ղեկավարությունից, ինքը կատարել է հրամանի տեխնիկական մասը։ Իսկ թե կոնկրետ ումից է իջեցվել հրամանը, Սեյրան Օհանյանը անուններ չի տվել։ Ասել է թե՝ նա բացատրել է հրամանի էությունը, սակայն որեւէ բան չի հայտնել հրամանի կիրառումից եւ այն իրականացումից, քանի որ ի պաշտոնե տեղյակ չի եղել։
Հիշեցնենք, որ ըստ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի 0038 գաղտնի հրամանը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործում հայտնվել է միայն 2018 թվականի հուլիսին։ 0038 գաղտնի հրամանով՝ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին՝ ժամը 18։00-ից սկսած, պետք է տեղափոխվեր զորանոցային վիճակի մինչեւ հատուկ կարգադրության ստացումը։ ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում՝ առանձին բաժիններում, պետք է ստեղծվեին սպայական խմբեր՝ զինված տաբելային զենքով։ Երեւան քաղաքի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Խաչատուրովի աշխատանքը ապահովելու նպատակով պետք է ստեղծվեր կայազորի պետի վարչակազմ։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում